Մահացել է մեծ գրող ու մեծ մարդ Վահագն Գրիգորյանը: Սա թանկ ու ծանր կորուստ է հայ գրականության և մեզանից յուրաքանչյուրի համար:
84-ամյա իր կենսագրության ընթացքում ստեղծագործական անգին ժառանգություն է ավանդել մեզ Վահագն Գրիգորյանը, որին նվիրվել են բազմաթիվ լուրջ ուսումնասիրություններ: Եվ այնուամենայնիվ, ո՛չ նրա, ո՛չ էլ նրա մասին ասելիքն է սպառված:
Վահագն Գրիգորյանի գիրն ապրելու և ապրեցնելու է: Խրատելու է, դառնացնելու է, մտրակելու է, հուսադրելու է, զորացնելու է, ինչպես բազմադարյա մեր գրիչների թողած անչափելի ժառանգությունը: Հավերժի ճամփորդ մեր անմահներից է նա, ինչպես իր «Անմահը» պատմվածքի հավաքական կերպար հայը: Այս պատմվածքով էլ հիշենք ու խնկարկենք մեր գրական հսկային, հավատանք նրա ու նրան ծնած ազգի հավերժությանը:
Ardi. am
Վահագն Գրիգորյան, Անմահը (2001 թ.)
Քանի՞ անգամ են ինձ սպանել՝ չեմ կարող ասել, որովհետև շատերն արդեն չեմ հիշում, թաղված են այնքան խոր անցյալում, որ պատահաբար մտաբերելիս էլ հաճախ ոչ ցավն է ցավի նման, ոչ կսկիծը կսկիծի. միայն թեթև ափսոսանք, երբեմն էլ մինչև իսկ զարմանք, որ դա ինձ հետ է կատարվել:
Պատահել է, իհարկե, որ ինձ սպանել են միանգամայն տեղին: Մի երկու անգամ արծաթասիրությանս ու աչքածակությանս պատճառով, ինչի համար այսօր էլ ամոթից գետինն եմ մտնում (օրինակ, երբ հարուստ վաճառական էի Անիում ու, ոսկու փայլից կուրացած, չէի տեսնում դռանս չոքած սելջուկին), մի երկու անգամ էլ մեծ սիրո զոհ եմ դարձել, որոնք էլ մեղմօրոր թախիծով եմ հիշում, թեև ամեն անգամ ետին թվով համոզվում էի, որ քնքուշ տվայտանքներիս միանձնյա տիրուհին, ինչպես այն մանուկ ժամանակներում էր ընդունված արտահայտվել, ամենևին էլ արժանի չէր նման անձնազոհության: Բայց ավելի հաճախ ու հիմնականում ինձ սպանել են անարդարացիորեն կամ, իրավաբանորեն ասած, հանցանքս այն է եղել, որ ես եղել եմ ես:
Գլուխներդ չտանեմ շատ հեռուներից գալով, առավել ևս, որ ինչպես ասացի, հիշողությունս երբեմն դավաճանում է, օրինակ, երկու կարծես թե անմոռանալի մահ խառնում եմ իրար՝ չեմ հիշում ո՛ր սրիկան նիզակի մի հարվածով ինձ այն աշխարհ ուղարկեց՝ Տիգրանի ծովից ծով պետությունը քանդած Լուկոլլոսի լեգիոնե՞րը, թե՞ Արշակի ու նրա պետության գլուխը կերած Շապուհի զինվորը: Ահավոր ցավից զարմանալիորեն միայն հուշն է մնացել, այն էլ, ինչպես տեսաք, կռնատ: Ուստի պատմությունս սկսեմ ոչ հեռու՝ վավերական անցյալից:
Հերթական անգամ սպանվելուց հետո ուրեմն, խելքիս չգիտեմ ինչ փչեց, լույս աշխարհ եկա նախկին Կոնստանտինոպոլսում՝ վաղուց արդեն սուլթանական խառնաշուկայի վերածված (թերևս միայն ձեզ քաջ հայտնի տաճարը ճանաչեցի), բայց ես հոգնել էի զինվորությունից ու վաճառականությունից և մտածեցի, որ որևէ արհեստով զբաղվելու համար կարծես թե սա էլ վատ տեղ չի: Իմ բախտից, ժամանակն էր վատ: Մի խոսքով, 19-րդ դարն էր վերջանում: Հազիվ էի տեղավորվել, արհեստանոց բացել, մոտեցող աղմուկից հասկացել, որ կոտորած է գնում, երբ ամբոխը ներս լցվեց, արհեստանոցս ավերեց, ինձ էլ դուրս քաշեցին՝ մահակով, դաշույնով, ինչով կարող էին տվեցին, հենց փողոցի մեջտեղում սպանեցին:
Ես մի քիչ համառ եմ, դա իմ ինչքան լավ, այնքան էլ վատ կողմն է, մի քիչ տատանվելուց հետո որոշեցի, որ ի հեճուկս ճակատագրի, նորից պիտի հենց այս քաղաքում լույս աշխարհ գամ և, արհեստավորս որն է, որպես պոետ, որպեսզի այս սալարկին թափված արյունս ու անմահությունս երգեմ: Այս անգամ ժամանակը կարծես թե նպաստավոր էր՝ նոր դար էր սկսվել, ու նոր քամիներ էին փչում: Ցավոք, մոռացել էի, որ քամիները, ինչքան էլ նոր, ինձ հանդիպելիս հների նման պիտի իմանան, որ ինձ հանդիպեցին: Կարճ ասած, մինչև ես միամիտ-միամիտ երգում էի, եկան, գիշերով ինձ տնից հանեցին, տարան քաղաքից դուրս մի տեղ, քարով գլուխս փշրեցին:
Այսքանից հետո ո՞վ է գժվել մարդաշատ տեղում լույս աշխարհ գա: Կամ ընդհանրապես լույս աշխարհ գա: Բայց երգածս արտերի խշշոցը մեջս չէր լռում, ու համարյա անմիջապես հարություն առա հնից ծանոթ մի տեղում, որտեղ երազի պես անցած գնացած ժամանակներում ինձ շինական էին ասում: Տուն ունեի, արտ, կին ու երեխաներ, երկու եզ, մի քանի կով ու ոչխար: Բայց նորից ուրբաթը շաբաթից շուտ եկավ, իսկ այս անգամ, եթե կուզեք իմանալ, շատ շուտ, որովհետև հարություն առնելս ու նորից սպանվելս համարյա միաժամանակ եղավ: Ինձ սպանեցին տանս շեմին, իսկ կնոջս ու երեխաներիս քշեցին իբրև թե ապահով տեղ՝ անապատ, որտեղ նրանք, ինչպես հետո իմացա, արևի տակ մեռել էին ծարավից ու սովից:
Հիմա էլ մեռնելս ու հարություն առնելս համարյա մեկ եղավ, բայց այս անգամ էլ ինչ արհեստավոր, ռամիկ կամ պոետ, անարդարությունը հոգուս էր հասել, ուրեմն որպես զինվոր լույս աշխարհ եկա: Մի քիչ, ճիշտ է, անսովոր էր, կարգին կռիվներում չէի եղել այն օրից, երբ Լևոն 6-րդը Ֆրանսիա գնաց ու չեկավ, բայց պետք էր ու արագ ընտելացա: Մեր ջոկատում բոլորը կամ ինձ նման կին ու երեխա էին կորցրել, կամ ծնողներին, քույրերին ու եղբայրներին: Երկար կռվեցինք, մեզնից շատերն ընկան այդ կռիվներում, ավելի շատ գուցե պարտվեցինք, քան հաղթեցինք, բայց վերջում մի փոքրիկ հողակտոր մեզ մնաց: Մտածեցի՝ լավ է, վերջապես ես էլ ուրիշների պես ազատ ու անկախ կապրեմ, բայց ուզածս երևի շատ էր, նորից կռիվ էր, որ կոտրվեց մեր գլխին, վերջում էլ մեր նոր իշխանությունները մի առավոտ եկան ու ինձ Երևանի բանտ տարան: Ընկերներ, ասացի, սխալ բան եք անում, ես թե կռվել եմ, միայն մեր թշնամու դեմ: Մեր թշնամին, ասացին, հիմա մեր բարեկամն է, ուրեմն մեր բարեկամի դեմ ես կռվել, ուրեմն մեր թշնամին ես, և Կարմիր տեռորի անունից հենց բանտում կացնահար արեցին:
Հայրենակցի ձեռքով սպանվելը, սա անպայման իմացեք, ամենևին էլ պակաս ցավոտ չէ, իսկ որոշ իմաստով ավելի ցավոտ, այնպես որ պիտի ինձ հասկանաք, որ մի որոշ ժամանակ լույս աշխարհ գալու մտքից անգամ սիրտս խառնում էր: Բայց սապատավորին գերեզմանն էլ չի ուղղում, այնպես որ նեղսրտությունս կամաց-կամաց ջրի նման գնաց ներողամտության ավազի մեջ: Այս անգամ հարություն առա որպես ուսուցիչ, մտածելով, որ վատությունը թող մնա վատություն անողին, իսկ ես իրենց զավակներին կրթեմ, մարդ դարձնեմ: Կրթում էի, հավատացեք, հարազատ երեխաներիս պես սիրելով, բայց սրանք էլ, հենց որ փետրավորվեցին, մի օր եկան ինձ բռնեցին տարան, թե դու էսինչ-էսինչ թվին զենք ես բարձրացրել մեր հայրերի դեմ: Հարազատներս, ասում եմ, սխալվում եք, էդ փետրվարյան ապստամբությանը, կամ, կներեք, ոնց որ դուք եք ասում, հակահեղափոխական խռովությանը, ես չէի կարող մասնակցել, ձեր հայրիկները դրանից դեռ մի քանի ամիս առաջ էին ինձ կացնով տվել սպանել: Եթե սպանել են, ասում են, ուրեմն, հակահեղափոխական էիր, եթե սպանած չլինեին, ուրեմն, կմասնակցեիր, դու, ուրեմն, ժողովրդի թշնամին ես: Երեքով վճիռս կայացրին, ինձ տարան, գնդակահարեցին:
Ինչ ասեմ, հա՛, նեղացել էի, շատ էի նեղացել հայրենակիցներիցս, ու երբ նորից լույս աշխարհ գալու ցավը մտավ մեջս, հարություն առա Ապշերոնի կողմերում: Հասկանում էի, որ ավելի ապահով տեղեր կան, բայց սիրտս չէր տանում Երևանից շատ հեռանամ, բացի այդ, ասում էին, ինտերնացիոնալ տեղ է: Համենայն դեպս, այդպես էին գրում ու խոսում: Մասնագիտությունս էլ կարծես թե ճիշտ ընտրեցի՝ կրթված մարդիկ չունեին, ճարտարագետի համար խելքներն իրենցը չէր: Եվ կարծես թե գոհ էի ինձնից, դարն էլ կարծես թե ուզում էր ավարտվել, մտածում էի, որ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ պիտի ապրեմ մինչև ծերություն, երբ պարզվեց, որ շտապում եմ՝ դարը, այո, վերջանում է, բայց անցյալ դարի նման: Մի խոսքով, այս անգամ էլ ամբոխն ինձ այստեղ հենց փողոցում սպանեց, կարծես դա քիչ էր, դիակս էլ վառեց:
Տեղնուտեղը հարություն առա Շուշիի կողմերում: Ասեմ, բարկացած էի, երևի քիչ ասած լինեմ: Նոր կռիվ բռնկվեց, նորից պարտություններ էլ եղան, հաղթանակներ էլ, բայց այս անգամ ոնց որ թե մեր սուրը, ինչպես ասում են, փառքով դրեցինք պատյան: Վերջապես նորից վաղուց մոռացված ազատ ու անկախ կյանքի համն առա: Վերջապես, մտածեցի, ազատվում եմ մեռնել-հառնելու հոգսից: Բայց երևում է միամիտ էի, որովհոտև չնայած դարն ու հազարամյակը տեղին ու կարգին ավարտվեցին, փորձանքներս միայն նորոգվեցին:
Այս դահիճս տեսքով հարազատ քաղաքացի էր, բայց հենց տեսա, մտածեցի՝ սպանելու է ինձ: Ես պատուհանի առաջ կանգնած դուրս էի նայում, նա իմ կողմն էր գալիս: Գլուխս ազատելու մասին չմտածեցի, որովհետև երկոտանի մահը պարզապես չպիտի գա, իսկ եթե գալիս է, դահիճդ սա չլինի, կլինի մեկ ուրիշը, այստեղ չսպանի, կսպանի մի ուրիշ տեղում, ի՜նչ տարբերություն: Ես երևի այնպիսի բան գիտեի, որ չպիտի իմանայի, կամ նա այնպիսի բան գիտեր, որ ես չգիտեի, կամ ես իմը գիտեի, նա իրենը, և դա բավական էր ինձ սպանելու համար:
Եկավ, բարձրացավ, դուռը բացեց, մտավ, կանգնեց ետևումս: Սպասեցի, սպասեցի, տեսա՝ չէ, հապաղում է: Հասկացա՝ չի ուզում թիկունքից խփի, որ չկասկածի իր արածին: Եվ թողեցի պատուհանս ու շուռ եկա: Ես նրա աչքերին նայեցի, նա՝ իմ: Ես նրա աչքերում տեսա, որ մեր ազատ ու անկախ կյանքում ինչ-որ բան դեռ այնպես չէ, ինչպես պիտի լիներ, նա՝ իմ: Հետո նա կրակեց:
Երևի հուզվում էր, որովհետև առաջին գնդակը ուսս քերծեց, բայց մյուս երկուսը չվրիպեցին՝ իրար ետևից դիպան սրտիս: Ես ընկա, մի քանի վայրկյան ջղաձգվեցի ու մեռա: Ինքն էլ էր տեսնում, որ մեռած եմ, բայց համենայն դեպս ոտքով հրհրեց, որ համոզվի, համոզվելուց հետո, էլի համենայն դեպս, կռացավ, ատրճանակը ճակատիս դրեց ու այսպես կոչված ստուգողական գնդակն արձակեց: Մոտիկից արձակված գնդակը ճակատիս կոկիկ կլոր անցք բացեց, ետևից ցրեց գանգս ու խրվեց հատակի տախտակի մեջ:
Ու հիմա, երբ նա արդեն գնացել է, դուռը անաղմուկ ծածկելով իր ետևից, ես երրորդ հազարամյակի առաջին տարում լերդացող արյանս մեջ պառկած մտածում եմ՝ հաջորդ անգամ ե՞րբ, որտե՞ղ, որպես ի՞նչ ու հանուն ինչի՞ եմ լույս աշխարհ գալու: Տրամադրությունս այնքան վատ է, որ էլ չասած, բայց հիշում եմ նախորդ մահերս և, պատկերացրեք, համարյա մխիթարվում եմ:






