Գրքի երևանյան միջազգային փառատոնի հյուրերից է իսպանացի բանաստեղծ և բազմադիսցիպլինար արտիստ Թերեսա Խուան Լոպեսը։ Վերջինս Ardi.am-ի հետ զրույցում պատմել է փառատոնին իր մասնակցության, պոեզիայի իր ընկալումների մասին, և ոչ միայն։
-Ինչո՞ւ որոշեցիք գրել: Գրելն իրականությունից փախուստի միջո՞ց է:
-Գրելը միշտ իմ մեկնարկային կետն է եղել: Բառերն ամեն ինչի սկզբնաղբյուրն են, ինչպես լռությունը: Յուրաքանչյուր բառի փոխանցած թրթիռն ինձ միշտ հետաքրքրել է: Ես սկսում եմ բառից, որովհետև լսում եմ այն, որովհետև այն հնչում է իմ մեջ, և պետք է թղթին հանձնեմ։ Գրելը կապ հաստատելու միջոց է, ոչ թե փախուստ: Այն իրականությունը ավելի լավ հասկանալու, ներհայեցողության գործընթաց է և օգնում է ավելի լավ արտահայտել ներսումդ եղածը։ Մեր օրերում կարևոր է «չանջատվել» և կապ հաստատել իրական աղբյուրի հետ, որը մեր ներսում է։ Սրտի հետ կապը գեղեցկություն ստեղծելու բանալին է: Դրսում չափազանց շատ է աղմուկը, որը թույլ չի տալիս լսել այն, ինչ ներսում է։ Իսկ արվեստը, իր ցանկացած ձևով, գեղեցկությունը որսալու անսահման որոնում է: Ահա թե ինչն է ինձ ամենից առաջ մղել գրելու՝ ամեն ինչի սկիզբը՝ բառը, որը թղթին է հանձնվում կյանք ստանալու համար։
-Հենց կյա՞նքն է Ձեզ դարձրել բանաստեղծ:
-Մեդիտացիան ինձ բերեց պոեզիայի աշխարհ: Ես նստում եմ լռության մեջ և կապվում այն գիտակցական վիճակների հետ, որտեղ իմ միտքը ձեռք է բերում չեզոքություն և արթնություն: Դա կատարյալ տարածք է, որտեղ ես իսկական գանձեր եմ հայտնաբերում։ Միտքը պահանջում է հավասարակշռություն, որը բացում է դուռը, որպեսզի սիրտը արտահայտվի հստակ և անկեղծորեն: Մեզ դպրոցում շատ քիչ են սովորեցնում սրտի հետ կապվելու մասին: Մեր զգացմունքները միշտ այնտեղ են, բայց հաճախ չգիտենք, թե ինչպես կառավարել դրանք: Մեդիտացիան հանգստացնում է իմ միտքը, թույլ տալով ինձ ավելի լավ գնահատել տեղի ունեցողը՝ զարմանքի զգացումով, որը բանաստեղծական գործողության հիմնական բաղադրիչն է: Մեր առջև բացվում է այն ամեն մեծը, ինչը փոքր է և աննկատելի ուրիշների համար: Մենք պետք է գտնենք այն բանալիները, որոնք մեզ դրդում են դառնալ մեր կյանքի ստեղծողները:
-Նախկինում եղե՞լ եք Հայաստանում:
-Առաջին անգամ եմ այցելում Հայաստան: Ճանապարհորդել եմ աշխարհի շատ երկրներում: Եվրոպայի գրեթե բոլոր երկրներով անցել եմ։ Այժմ Հայաստանը բացվում է ինձ համար որպես իսկական գոհար, որը պետք է հայտնաբերել:
-Ծանո՞թ եք հայկական մշակույթին և գրականությանը:
-Ես հավատում եմ, որ գրականությունը կարող է կառուցել կամուրջներ, ձեռք մեկնել և ամրապնդել կապերը: Ծանոթ եմ հայկական երաժշտությանը։ Armenian Navy Band-ի և Արտո Թունչբոյաջյանի միջոցով եմ բացահայտել հայկական մշակույթը: Հետևում եմ «Նաղաշ» համույթին: Սիրում եմ լսել հայկական ժողովրդական և հոգևոր երգեր, հայկական դասական երաժշտություն, ինչպես նաև հայկական ժողովրդական, ռոքի, ջազի և այլ ժամանակակից ժանրերի խառնուրդ երաժշտություն: Կարդացել եմ Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Շիրազի, Ռազմիկ Դավոյանի պոեզիան։ Անշուշտ, դիտել եմ «Արարատ» ֆիլմը: Ինձ դուր են գալիս նաև Գոռ Կիրակոսյանի ֆիլմերը:
-Գրքի երևանյան փառատոնի շրջանակում ներկայացնելու եք նաև տեսապոեմներ: Կներկայացնե՞ք թեմաները, որոնց անդրադառնում եք:
-Վիդեոպոեմները մեկ այլ լեզու են ինձ համար, իմ պոեզիայի մեկ այլ մոտեցումը։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի ընթացքում կներկայացնեմ մի քանի վիդեոպոեմ վերջին ստեղծագործություններիցս՝ «Լիացած հոգի» հավաքածուից, որտեղ ընդգծվում են այն զգայուն, հետաքրքրասեր և ինտուիտիվ հատկանիշները, որ կան բոլորի մեջ, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: «Լույսի պոեմներ» գրքից կներկայացնեմ վիդեոպոեմ, որը խաղաղության ուղերձ է սրտի համար, որում շարժումը խառնվում է բնապատկերին, և իմ ձայնը հնչում է դրա հետ միասին: Բոլոր վիդեոպոեմներում ներկայացված պատկերները նկարահանվել են իմ ներկայությամբ կամ իմ կողմից: Ես տեսագրություններում նաև պարում եմ և կարդում պոեմները:
-Մարմնի լեզուն ինչո՞վ է տարբերվում գրականության լեզվից:
— Պարն իմ կյանքում մեծ բացահայտում է եղել: Այն լեզու է, որը կապվում է յուրաքանչյուր բանաստեղծության հետևում թաքնված վերացականի հետ՝ առաջնորդելով դեպի այն, ինչը անհասկանալի և նուրբ է, ավելացնում է խտացված գեղեցկության հսկայական չափաբաժին: Դա ուրախության պայթյուն է և թարմ, շողացող էներգիա, որը անմիջապես փոխանցվում է հանդիսատեսին: Պարը նաև նրանց սրտում մի ուրիշ դուռ բացելու մասին է: Այդ պատճառով իմ բանաստեղծությունները անցնում են գրքի սահմաններից: Երբ դրանք ստեղծում էի, միշտ պատկերացնում էի պարող մարմիններ, կյանք ստացող խոսքեր, մատներ, որոնք շոյում են օդը բեմի լույսի ներքո: Երաժշտությունը ամեն մի տպավորության ուղեցույցն է, որը հրավիրում է ռեզոնանսի մեջ լինել և թույլ տալ, որ ռիթմը համահունչ լինի սրտի զարկերին: Ազատություն եմ զգում, երբ շարժվում եմ։
-Մարդու ներքին լույսը կարծես կարևոր տեղ ունի ձեր ստեղծագործություններում: Դա միջո՞ց է, թե՞ ներքին ցանկություն:
-Մենք բոլորս մեր ներսում ունենք լույս և խավար: Դա յուրաքանչյուրի կամքն ու գիտակցությունն է, որը թույլ է տալիս մնալ լույսի մեջ կամ ընտրել հակառակը: Ես ընտրում եմ լույսը: Լույսի մեջ ամեն ինչ ճիշտ է թվում: Լույսի մեջ ամեն ինչ իմաստավորվում է, մեղմանում , ավելի քիչ լարում է լինում, ավելի քիչ կոնֆլիկտ և ավելի շատ ներդաշնակություն: Լույսը լույս է ձգում: Լույսը հրավիրում է ուրիշներին մոտենալ քեզ և իրենց լավ զգալ: Եթե բոլորս ելևէջումներ ունենայինք լույսի մեջ, եթե ընտրեինք այն, ամբողջ մոլորակը ակնթարթորեն կփոխվեր: Ես հավատում եմ, որ մենք այդ ճանապարհին ենք:
-Խոսենք նաև հեղինակային գրքերի մասին: Դրանք ընդգրկո՞ւմ են թեմաների լայն շրջանակ:
-Իմ բանաստեղծություններն արտացոլում են այն ամենը, ինչ կարող է պատահել մարդու հետ: Մենք այստեղ ենք՝ ապրելու համար, իսկապես ապրելու, ոչ միայն գոյատևելու համար: Այդ ժամանակն ավարտվել է: Այդ պատճառով ամեն ինչ հնարավոր է. հաճույքը, հիշողությունները, հույսը, անձրևն ու վերածնունդը: Մի քանի անգամ վերանվաճել եմ ինքս ինձ: Ես բացահայտել եմ ձայներ, ուրվագծեր և հիշողություններ, որոնք կապվում են հոգու հետ և կյանք են տալիս նրան: Իմ որոշ բանաստեղծություններ մեծարում են մարդու խիզախությունն ու վեհությունը, նրա հաղթահարելու կարողությունը, նրա փայլը և կապը բնության հետ, անցյալն ու այն, ինչ դեռ գալու է: Ես հավատում եմ այն զգացմունքին, որ կա բոլոր մարդկանց ներսում: Այն կվերադարձվի նրանց, ովքեր կորցրել են, և կվերափոխվի ու կբարձրանա բոլոր նրանց համար, ովքեր զգում են, որ ամեն ինչ փոխվում է, և մարդկության համար նոր արթնացում է գալիս: Ամեն ինչ փոխկապակցված է: Ամեն ինչ մշտական շարժման, աճի և զարգացման մեջ է: Այդ իսկ պատճառով իմ պոեզիան անցնում է գրքի սահմաններից: Իմ տողերը պարում են, նրանք անցնում են թղթի վրայով, որպեսզի լսվեն նույնիսկ փակ աչքերով, երբ արտասանվում են: Եվ նկարահանվում են, լուսանկարվում, ֆիլմ դառնում կամ պարում. այդպես են իմ բոլոր ստեղծագործությունները: Պոեզիան միայնակ չէ: Այն անկախ ժանր չէ կամ միայն փոքրամասնությունների համար չէ: Պոեզիան ձեռք է մեկնում արվեստի բոլոր ձևերին, որոնք նույնպես անդադար փնտրում են գեղեցկություն: Իմ բանաստեղծությունները նաև հարգանքի տուրք են այն զգացմունքների և ինտուիցիայի էներգիային, որը մեր ներսում է: Մեր կարողությունը՝ լցվելու և հաղորդակցվելու, իմաստությունը, որը կրում ենք այսքան կյանքերից: Իմ շատ բանաստեղծություններ ընդգրկում են անտառային ձայները, ծագման հիշողությունը, այն, ինչ հավերժական է, նուրբ և անբիծ: Եվ այն, ինչ մնում է ժամանակի ընթացքում՝ լսողի հանգստությունից, հավատացյալի կախարդանքից: Եվ վեր է բարձրանում, վերակառուցում ինքն իրեն:
-Ձեր բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով: Դա ազդո՞ւմ է ստեղծագործական կյանքի ընթացքի վրա։
-Իմ գրքերը երկլեզու են՝ իսպաներեն և անգլերեն։ Լեզուն չպետք է խոչընդոտ լինի: Մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք այս աշխարհում։ Մենք կարող ենք ժպտալ, մենք փնտրում ենք երջանկություն և խաղաղություն մեր ներսում, ինչպես նաև դրսում: Իմ բանաստեղծությունների թարգմանությունն այլ լեզուներով բաց դուռ է, որը վերացնում է սահմանափակումները: Իմ պոեզիայում պատեր չկան, ոչ էլ բառացիություն: Սիրտը դիպչում է մետաֆորներին, և ուղերձը խտանում է այն նրբագեղությամբ, որն ունի ամեն մի տող: Ասենք, իմ տողերը ստեղծում են մի երգ, որը կոտրում է բարդությունը և առաջնորդում դեպի պարզություն, դեպի այն էությունը, թե ովքեր ենք մենք: Ահա թե ինչու, նույնիսկ իմ թարգմանված բանաստեղծությունները կարող են դիպչել մարդկանց զգացմունքներին նույն ուժով, ինչպես իսպաներեն արտասանվելիս: Կարող են հուզվել արտասվելու աստիճան, երբ լսում կամ կարդում են դրանք, քանի որ նրանց ներսում ինչ-որ բան փլվում է՝ տարբեր տարրերով դիպած՝ բառով, պարով, պատկերով կամ երաժշտությամբ:
— Ունե՞ք բանաստեղծություններ, որոնք կարևոր են ձեզ համար:
— Ինձ հաճախ զարմացնում է այն, թե ինչպես է իմ գրած պոեզիան կենդանի: Ամեն անգամ, երբ բեմ եմ դուրս գալիս, դա ստեղծագործության նոր «արարողություն» է: Այն, ինչ ես երբևէ գրել եմ, նորովի բացահայտվում է ինձ համար, ինչպես նաև հանդիսատեսի կամ ընթերցողի համար: Փաստորեն, իմ գրքերը կարդալու լավագույն ձևը աչքերը փակելն է, խոր շունչ քաշելը, թեթևակի շնչելն ու պատահական էջ բացելը: Ամեն մի բանաստեղծություն մի տեսակ նեկտար է, այնպես որ, գիրքը մեկ օրում չես կարող կարդալ: Այն նախատեսված է դանդաղ համտեսելու համար, դառնալով հոգու ապաստարան այն պահերին, երբ քեզ անհրաժեշտ են պատասխաններ կամ բանալիներ՝ առաջ շարժվելու համար: Յուրաքանչյուր ելույթ էլ եզակի է, ստեղծված է հանդիսատեսի հետ ռեզոնանսի մեջ լինելու համար, նույնիսկ եթե նրանք լիովին չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրենց ներսում: Իմ ամեն մի բանաստեղծություն ներքին վերափոխման ակտ է, որն անցնում է նաև իմ միջով:
— Հետաքրքիր կլիներ լսել բանաստեղծի Ձեր սահմանումը։
-Բանաստեղծը երազների ճարտարապետն է, մեկը, որ բառեր է «դնում» այն մասին, թե ինչ է կատարվում՝ չվախենալով ստվերում կորչելուց՝ առաջնորդվելով իր սրտի լույսով և մտքի պարզությամբ: Մեզ պետք է այն ձայնը, որը փայլեցնում է այն, ինչ մեզ շրջապատում է: Պոեզիան տրանսպորտային միջոց է: Դրանով մենք կարող ենք հասնել ամեն ինչի ու ամեն տեղ: Սա մեզ թույլ է տալիս բաց լինել՝ ուղղակիորեն շփվելով սրտի լեզվի հետ: Ըստ էության, մենք ի վիճակի ենք մտածելու գեղեցկության մասին: Բանաստեղծի խնդիրն է խտացնել այն, վերածել էլիքսիրի այն դժվար պահերին, երբ մեզ գրկախառնություն, տուն կամ պատասխան է պետք: Պոեզիան առանցքային է: Բանաստեղծի դերը քամու թարմությունը դեմքին փոխանցելն ու մեր ոգու դաշնակիցը դառնալն է: Այն ներթափանցում է մի տարածք, որտեղ միտքը շատ բան չունի ասելու: Նա կապվում է ճշմարտության հետ և առերեսվում հրաշքի հետ, ինչը նրան հրաշալի է դարձնում: Պոեզիան նոր մեղեդի լսելու հրավեր է, որը հնչում է անդադար և դուրս է գալիս անսահմանությունից:
Զրուցեց Վովա Արզումանյանը
Լուսանկարները տրամադրել է Թերեսա Խուան Լոպեսը
Լուսանկարների հեղինակ՝ Տետյանա Նիլի