Երևանը մեկ շաբաթ՝ հուլիսի 10-17-ը, կապրի կինոտրամադրությամբ. մեկնարկել է 19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:
«Ոսկե ծիրան»-ին այս տարի կմասնակցեն 130-ից ավելի հյուրեր, կինոգործիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Երեք համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչ Հայաստանից իրենց հետ կտանեն փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Փարաջանովյան թալերը»: Նրանցից երկուսը կինոփառատոնի բացման արարողության ժամանակ արդեն հանձնվեցին իրենց տերերին: «Փարաջանովյան թալեր» ստացան Ալբերտ Սեռան՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի և Թերի Ջորջը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի ձեռամբ: Երրորդ մրցանակակիրը՝ համաշխարհային կինոյի դասական Կոստա Գավրասը, դեռևս Երևան չէր ժամանել, ուստի ավելի ուշ կհանձնվի նրան մրցանակը:
«Ոսկե ծիրանի» հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը, ավանդույթի համաձայն, միասին հայրատարեցին 19-րդ «Ոսկե ծիրանը» բացված: Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը, որ երկար ու դաժան պատմություն է 1915-ի նախճիրից հրաշքով փրկված, Ամերիկայի որբատանը մեծացած, 1948-ին, կարոտը սրտում, Հայաստան ներգաղթած ամերիկահայի մասին, որը պիտի երկարուձիգ տառապանքի բովով անցներ իր կյանքը ստալինյան դժոխքի պարունակներում:
Հայ և օտարերկրացի կինոգործիչներին, ինչպես և կինոսերներին սպասում են բարձրարժեք կինոյի շնչով հագեցած օրեր մեր քաղաքի տարբեր կինոդահլիճներում:
Ardi.am
No Comments