Ծիրանյան օրագիր․ կինո, մարդիկ, հույզեր
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանն ապրում է կինոյի ռիթմով։ Քաղաքի տարբեր անկյուններում կինոսիրողները հավաքվում են դիտումների, քննարկումների և հանդիպումների շուրջ՝ վայելելու կինոյի տոնը։ Շատերին գուցե զարմացնի, թե որտեղի՛ց այսքան մեծ հետաքրքրություն կինոյի նկատմամբ։ Սակայն փաստը մնում է փաստ. հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ գնահատում են կինոարվեստը, հետևում դրա զարգացումներին և այն համարում իրենց մշակութային կյանքի կարևոր բաղադրիչը։
Իբրահիմ Մաալուֆի առաջին հանդիպումը հայ հանդիսատեսի հետ
«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում է աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը։ Վերջինս բացման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ոգևորությամբ նշեց, որ առաջին անգամ կհանդիպի իր արվեստի հայ երկրպագուներին։

-Փառատոնն ինձ համար հիանալի հնարավորություն է նպաստելու կինոոլորտի զարգացմանը։ Սա այն եզակի հարթակներից է, որտեղ համախմբվում են կինոյի մարդիկ՝ կինոկոմպոզիտորները, ինչպիսին ես, ռեժիսորները, օպերատորները և ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։ Նրանք հավաքվում են մեկ վայրում, կիսում փորձը, գաղափարները, և այդ ամենը վերածվում է իսկական կինոտոնի։ Սա իմ առաջին այցն է Հայաստան, և առաջին անգամ եմ այստեղ ելույթ ունենալու։ Ինձ համար մեծ ոգևորություն է առաջին անգամ հանդիպել հայ հանդիսատեսի հետ և նրանց ներկայացնել իմ երաժշտությունն ու ստեղծագործական ճանապարհը,- նշել է Իբրահիմ Մաալուֆը։ Նրա արվեստը սահմաններ չի ճանաչում։ Մաալուֆի երաժշտությունը միաժամանակ կրում է Արևելքի զգայականությունն ու Արևմուտքի ազատ մտածողությունը՝ միավորելով ջազը, դասականը, ռոքը և մերձավորարևելյան մեղեդիները մեկ ամբողջության մեջ։ Նա համերգով հանդես եկավ հունիսի 15-ին և իր կատարումներով ևս մեկ անգամ հիացրեց հայ հանդիսատեսին։
Միշել Ֆրանկոյի «Երազանքները»
Փառատոնի շրջանակում «Նաիրի» կինոթատրոնում Միշել Ֆրանկոյի «Երազանքներ» ֆիլմի երևանյան պրեմիերան էր։ Այս դրաման սիրային կախվածության պատմությունը համադրում է սոցիալական և քաղաքական սուր մեկնաբանության հետ՝ կենտրոնանալով Սան Ֆրանցիսկոյի հարուստ բարերար Ջենիֆերի (Ջեսիկա Չեսթեյնի դերակատարմամբ) և տաղանդավոր մեքսիկացի բալետի պարող Ֆերնանդոյի (Իսահակ Էռնանդեսի դերակատարմամբ) հարաբերությունների վրա։ Ֆիլմը բացահայտում է իշխանության, դասակարգային անհավասարության, ներգաղթի, ռասիզմի և արտոնությունների թեմաները՝ ցույց տալով, թե ինչպես է սերը վերածվում վերահսկողության, իսկ անձնական հարաբերությունները՝ ուժի անհավասար բաշխման արտացոլման։

Զուսպ պատմողական ոճով և նվազագույն երկխոսություններով Ֆրանկոն հանդիսատեսին թողնում է ինքնուրույն գնահատել հերոսների ընտրություններն ու շարժառիթները՝ ընդգծելով, որ այս պատմության մեջ ոչ բոլոր երազանքներն են իրականություն դառնում, իսկ վերջնական խոսքը հաճախ պատկանում է փողին և իշխանությանը։
Վարպետության դասերի շարք
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի (ACG) և GAIFF Pro Industry հարթակի հետ համատեղ, իրականացնում է DoPIng Cinematography Workshops ծրագիրը՝ օպերատորական արվեստին նվիրված բացառիկ վարպետաց դասերի շարք՝ աշխարհահռչակ օպերատորներ Սիմուս Մաք Գարվիի, Մահմուդ Քալարիի, Բրյունո Դելբոնելի և ոլորտի այլ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Վարպետության դասերի մասնակիցները ոլորտի մասնագետներ են, որոնք քննարկում են կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ասպեկտներ, ձեռք բերում նոր գիտելիքներ և զարգացնում գործնական հմտությունները։
Ինքնակենսագրություն Ալմոդովարի ոճով
«Նաիրի» կինոթատրոնում Պեդրո Ալմոդովարի նոր՝ «Դառը Սուրբ ծնունդ» ֆիլմի երևանյան պրեմիերան էր։ Այս ֆիլմն ինքնակենսագրական մոտիվների, հիշողության և ստեղծագործական ինքնավերլուծության շուրջ կառուցված դրամա է, որն ուսումնասիրում է արվեստի և անձնական կյանքի միջև եղած նուրբ սահմանները։ Ֆիլմի կենտրոնում ստեղծագործական ճգնաժամ ապրող սցենարիստն ու ռեժիսորն են, որոնց պատմությունների միջոցով Ալմոդովարը խորհում է, թե ինչ գին ունի իրական մարդկանց կյանքն ու ցավը արվեստի նյութ դարձնելը։

Ռեժիսորը միաժամանակ քննադատում է ստեղծագործական ինքնասիրահարվածությունը և բացահայտում արվեստագետի ներքին անվստահությունն ու ստեղծագործական սպառման վախը՝ պահպանելով իրեն բնորոշ հումորն ու մելոդրամատիկ ոճը։ Վիզուալ առումով ֆիլմը վերադարձ է Ալմոդովարի ճանաչելի գունային աշխարհին՝ հագեցած կարմիրով ու կապույտով, շքեղ բեմադրությամբ և զգայական կինոլեզվով։
Պատմենք մե՛ր պատմությունը
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը կինոփառատոնի պատվավոր հյուրերից է։ Փառատոնի առաջին օրը վարպետը կարևոր շեշտադրում արեց՝ նշելով, որ մենք աշխարհին պատմելու շատ բան ունենք, և մեր պատմությունը պետք է պատմենք մե՛ր ձևով։ ՀԲԸՄ-ում կայացած հանդիպման ընթացքում Սիմոն Աբգարյանի զրույցը ծավալվեց ռեժիսոր Անտոնեն Բոդրիի նոր՝ «Դը Գոլի մարտը» ֆիլմի շուրջ, որում Ֆրանսիայի ազգային հերոս, գեներալ Շառլ դը Գոլի կերպարը մարմնավորում է հենց Սիմոն Աբգարյանը։ Արտիստն անդրադարձավ նաև երևակայական տարածքին, հայ մտածողությանն ու այն պատասխանատվությանը, որ հայերն ունեն սեփական պատմությունն աշխարհին ներկայացնելու գործում։

-Այսօր ինձ համար ամենակարևոր թեման երևակայական տարածքն է, որը մենք՝ հայ ժողովուրդը, հայ արվեստագետներս, պետք է գրավենք։ Պետք է մեր պատմությունը պատմենք մեր սեփական նարատիվով ու տեսակետով։ Եվ խոսքը միայն 1915 թվականի մասին չէ։ Այսօր Հայաստանի ու Սփյուռքի մասին պատմելու նյութերը շատ են։ Արդեն հստակ է, որ հարուստ ժողովուրդ ենք. մենք կարծես գանձի վրա ենք նստած… Սրանով չեմ ուզում ասել, թե մյուս ժողովուրդներից լավն ենք. ո՛չ,- հանդիպման ընթացքում նշել է Սիմոն Աբգարյանը՝ հավելելով․- Բայց մենք ունենք պատմություն, բանաստեղծություն, գրականություն, երաժշտություն և, ամենակարևորը, տաղանդավոր սերունդ, որը գալիս է։ Եթե չանտեսենք այդ սերնդին, օգնենք, եթե մեր երկրի ու Սփյուռքի որոշումներ կայացնողներն էլ օգնեն ու հասկանան, վերջնականապես կհաղթենք պատերազմի վերջին դաշտում, որը հենց երևակայական դաշտն է։
«Ոսկե ծիրանը» կշարունակվի մինչև հուլիսի 19-ը։ Եթե կինոն ձեր սրտին ու հոգուն մոտ արվեստ է, այս օրերին ձեր հասցեն կինոդահլիճներն են։ Բաց մի՛ թողեք, վայելեք այս ամառային կինոտոնը։
Վովա Արզումանյան






