Անի Անտոնյան Արցախ ԼուսաԳիր

«Ուրվականներ» փնտրող լուսանկարիչը

03.11.2021

Սիրիա, Իրաք, հակամարտության երկու կողմում ապրողների մասին հազարավոր լուսանկարչական պատումներ։ Վերջին կանգառը՝ Արցախ․․․ Մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմի վավերագիր, ֆրանսահայ ֆրիլանս լուսանկարիչ Անտուան Ագուջյանն է։ 

-Պարո՛ն Ագուջյան, պատերազմն սկսվելուն պես հայրենիք վերադարձաք և մեկնեցիք Արցախ։ Ինչպե՞ս էր կազմակերպվում օտարերկրյա թղթակիցների տեղաշարժն Արցախում, ի՞նչ դժվարություններ եղան։

— Մինչ մեկնելս կապվեցի «Լե Ֆիգարո» ամսագրի հետ, որոնց հետ համագործակցում եմ, առաջարկեցի միանալ ինձ։ Պատկերացում չունեին հակամարտող կողմերի մասին և թե ինչ մասշտաբի պատերազմ է։ Հայաստան եկա մենակ, վարակվեցի կորոնավիրուսով։ Արցախ հասա հոկտեմբերի 12-ին ու մնացի մինչև դեկտեմբերի կեսը։ 

Հայաստանում ինձ առաջինը հարցրին՝ որ կազմակերպությունից եմ։ Մի բան է, երբ արկածախնդրությունից դրդված ես գնում՝ հակամարտություն լուսաբանելու, մեկ այլ բան, երբ խոշոր լրատվամիջոցի անդամ ես։ Մարդիկ ամեն կերպ փորձում էին ինձ օգնել։ 

Արցախում շատ լրագրողներ կային, ամեն մեկը մի բան էր ուզում։ Առաջին օրվանից մեքենայի ու վարորդի խնդիր ունեցա։ Մի քանի օր տևեց, մինչև գտա իմ թիմը։ Ընթացքում առանձնացա մյուսներից և միացա Արտակ Բեգլարյանի խմբին։ Իրաքի քաղաքացիական պատերազմում իմ փորձառությունը ցույց էր տվել, որ լուսանկարչի համար ճիշտ է  կոնկրետ մեկ խմբի հետ լինել, որքան էլ այն վտանգավոր լինի։ Այդպես քեզ ավելի ապահով ես զգում, կազմակերպված ես աշխատում։ Բացի դրանից՝ ես միշտ մենակ եմ աշխատել։ Այդ դեպքում միայն քո կյանքի համար ես պատասխանատվություն կրում։ Իսկ երբ երկուսով եք, «հենվում ես» ուրիշի վրա, ավելի փխրուն ես դառնում։ 

Սկզբում Ստեփանակերտի ապաստարաններում էի աշխատում, հետո դիրքեր գնալու խնդիր առաջացավ։ Պահն էր ընտրելու՝ ուր գնալ․ ակտիվ կրակոցների գոտի՞, թե՞ մի տեղ, որտեղ ոչինչ չի կատարվում։ Ես ընտրեցի ոսկե միջինը։

-Պատմեք, խնդրում եմ, ապաստարանների մասին։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ տրամադրություն էր հոկտեմբերին և զինադադարից հետո։ 

Պարգև Սրբազանի (Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան- հեղ․) հետ մտերիմ էինք, եկեղեցու ապաստարան միշտ ելումուտ ունեի։ Մոտ 50-70 տեղահանված կար, ճաշ էին եփում, երեկոյան 11-ին աղոթք անում։ Երևանից մի կին էր եկել, որի տղան դիրքերում էր։ Ի՜նչ աչքեր ուներ․ հայկական ծանրություն կար այդ աչքերում, հայի տխրություն։ Ինձ միշտ հուզել է, թե ինչպես կարող է մարդու դեմքը մի ամբողջ կյանք պատմել։ 

Ես տեսնում էի, որ առաջին պատերազմում արջի պես կռվածների համար այս երկրորդը մղձավանջ էր, անցյալի կրկնություն։ Նույնիսկ Սրբազանը, որը շատ հզոր ու դիմացինին ուժ տվող անհատականություն է, ցնցված էր։ Ռոբոտի պես օրական երկու անգամ պատարագ էր անում, անընդհատ ծխում։ Հետո հիվանդացավ։ 

Շուշի հաճախ էի գնում։ Ինձ ասում էին՝ կյանքդ ավելի կարևոր է, մարդիկ մի շաբաթ կսգան ու կմոռանան։ Բայց միևնույն էր, Շուշին շատ էի սիրում․ մի յուրահատուկ բան կար այդտեղ, ներսում միշտ խունկ ու լուցկի էր դրված։ Նոյեմբերի 5-ն էր, երբ ասացին, որ պետք չէ անհանգստանալ, մենք պաշտպանվում ենք։ Չորս օր անց քաղաքը գրավեցին։ Դա կանխատեսելի էր, քանի որ թշնամին մոտենում էր։ Ուրեմն էլ հետ չէր գնալու։

Զինադադարից մի քանի օր անց Ստեփանակերտում քաոս էր, դատարկություն, միայն զինվորներ էին, որոնք չգիտեին՝ ինչ է լինելու։ Ամեն ինչ կորցրած արցախցիներին հեռուստատեսությամբ ասում էին՝ վերադարձե՛ք։ Հարց էր՝ ինչու՞։ Ժամանակի հետ Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվեց, տեղահանվածները վերադարձան։ Երիտասարդները սկսեցին գեղեցիկ հագուստներով զբոսնել փողոցներում, ամենուրեք շինարարություն էր։ Զարմանալի բան էր․ կարծես պատերազմ չէր եղել, այդ ամենը բանաստեղծության նման էր։ 

Դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի հիվանդանոցում երեխա ծնվեց։ Կանգնել ու լալիս էի։ 

-Պատերազմում ոչինչ կանխատեսելի ու վերահսկելի չէ։ Հակամարտություններ լուսաբանելու երկարամյա փորձ ունեք, արդյո՞ք սովորել եք հաղթահարել վախը։ 

-Վախը յուրահատուկ թեմա է։ Վախի առարկային ընդառաջ գնալը հերոսություն չէ։ Գլխավորն այն է, թե ինչպես ես քեզ կառավարում։ Ես միշտ կենտրոնանում եմ նպատակիս վրա։ Գիշերն անկողին մտնելով՝ վախենում ես, հատկապես՝ երբ գիտես, որ վտանգավոր տեղ ես գնալու։ Բայց առավոտյան արթնանում ես, լվանում ատամներդ ու անցնում գործի։

Առաջին անգամ գնդապետ Արթուր Սարգսյանի հետ գնացինք Մարտակերտ, թշնամին սկսեց հարվածել անօդաչուներով։ Երեք օր հիվանդանոցի կրած վնասները լուսանկարեցի ու վերադարձանք Ստեփանակերտ։ Մյուս օրը գնդապետը պիտի Մարտունի գնար, խնդրեցի իրեն միանալ։ Երկու օր ոչ ոք չեկավ իմ հետևից։ Մտածեցի՝ զբաղված է, պարզվեց՝ զոհվել է։ 

Վարորդս Քարինտակից էր, ասաց՝ լուսանկարների համար չարժե դատարկված գյուղը գնալ։ Խրամատներում մատղաշ տղաներ կային․ ինձ հարցրին՝ երբ պիտի տուն վերադառնան։ Հաջորդ օրը դիրքն էլ չկար։

Ես չորս պատերազմ եմ տեսել, լսել եմ մահվան ձայնը, բայց միշտ վերադարձել եմ տուն։ Հիշում եմ՝ 2016-2017 թվականներին Մոսուլի ազատագրումը (քաղաքացիական պատերազմ Իրաքյան բանակի և Իսլամական պետության ծայրահեղականների միջև- հեղ․), որը Ստալինգրադի մարտերին էր նման։ Ջոկատներից մեկի հետ ճանապարհ ընկնելուց առաջ հարազատներիս համար տեսանյութ ձայնագրեցի՝ բացատրելով, թե ինչու է այդ ամենն ինձ համար կարևոր։ Սկսածդ պիտի միշտ ավարտին հասցնես։ 

-Պարո՛ն Ագուջյան, այսքան տարի Ֆրանսիայում ապրելով՝ հայրենիքի հետ կապը երբեք չեք կտրել, վարժ խոսում եք հայերեն։ Տպավորություն է, որ Ձեր բոլոր ժողովածուներում՝ «Կրակ սառույցի տակ», «Փխրուն երազներ», «Շագանակագույն աչքեր», «Լռության ճիչը» և այլն, միայն հայն է, անընդհատ անցյալը փնտրող, իր հետ կռիվ տվող ու իր ինքնությունը վերարժևորող հայը։ 

-Ես մարդ եմ, լրագրող, որը 30 տարի մետաֆորիկ իրականության մեջ իրական պատկերներ է փնտրում։ Ուր էլ գնացել եմ, առաջին հերթին որպես հայ եմ գնացել։ Նույնիսկ Միջին Արևելքի թեժ կետերում նկարել եմ հայերի ճամբարները։ Իմ կարծիքով՝ ցեղասպանությունը մի գործընթաց է, որ չի ավարտվել։ Մինչև թուրք մարդասպանը չդատվի, իր գործը շարունակելու է։

Թուրքերը լավ գիտեն՝ ինչ է հայերի դիմադրությունը։ 44-օրյա պատերազմը մի քանի օրում կավարտվեր, եթե Ադրբեջանի կողքին չլիներ Թուրքիան։ Հայը միայն իր հողն է ուզում, խաղաղություն է ուզում։ Բայց խաղաղությունն այս դեպքում գին ունի։

Շարունակելու եմ քարերի ու քանդված եկեղեցիների տակ փնտրել հայերի ուրվականները, պատմել ավարտված պատմություններ։ Բախտավոր եմ իմ ընտանիքով, որն իմ մեջ ստեղծել է հավասարակշռություն, դարձել  իմ ողնաշարը, որ ես կարողանամ հասնել ստեղծածիս տանիքին։

Հարցազրույցը՝ Անի Անտոնյանի
Լուսանկարները՝ Անտուան Ագուջյանի անձնական արխիվից

No Comments

Leave a Reply