Վերջերս առավել հաճախ բավականաչափ կիրթ մարդկանցից լսում եմ հետևյալ անհեթեթ հարցը․ «Ի՞նչ է, մի՞թե հայերն առասպելաբանություն ունեն», երբ պարզում եմ նրանց առաջ, որ ունեն և այն էլ՝ շատ հարուստ, նրանք արդարացի դիտողություն են անում․ «Իսկ ինչո՞ւ դուք՝ իմացողներդ, չեք ներկայացնում, կամ թեկուզ ծանոթացնում մեզ» և անմիջապես օրինակ են բերում հունական, սկանդինավյան, հնդկական, նույնիսկ Բանտու ժողովուրդների առասպելաբանության հրապարակվածության աստիճանը։ Պարզվում է՝ իրենք դրանց բավականաչափ ծանոթ են։
Ներկայացվող առասպել-պիեսը ընթերցողին գեղարվեստորեն փոխանցելու փորձ է։
Վահան Տեր-Ղազարյան
Վիշապամարտ
(Երկվորյակ համաստեղություն)
Առասպել-պիես չորս գլխով
ՎԱՀԵ Ամպրոպամարտիկ — երկվորյակներ
ԱՐԱ Բնության զարթոնքի տերը
ՊԱՍՔԱՄ Նրանց հայրը, ծովերի աստված
ԾՈՎՅԱՆ Նրանց մայրը, երկնային հրի դիցուհի
ԳԻՇԵՐԱՄԱՅՐ Նրանց տատը, Պասքամի մայրը
ՀՐԱՆՈՒՅՇ Օջախի հրի դիցուհի
ՏԻՐ Ժամանակի աստվածը
ԱՐԵՎԱՄԱՅՐ Տիրի կինը
ԱՐԵՎ
ԼՈՒՍԻՆ Նրանց զավակները
ԱՍՏՂԻԿ
ԵՐԴԻԿԻ ՔԱՋԱՔԸ Տնային մարդակերպ էությունը
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
ԱՐԵՎԱՌՅՈՒԾ Արևատապի մարմնավորումը
ԱՆԳԵՂ Երկրային անդնդի աստված
ՎԻՇԱՊ Երկնային և երկրային ջրերն արգելող ուժ
ԱԼ Մարդկային ծննդաբերությունն արգելող ուժ
ՉԱՐ Չարության մարմնավորումը
ԱՅՍ Դիվահարություն և ուշագնացություն բերող չար ոգի
ՊԻՂԾ Ապականիչ ուժ
ԴՐՈՒԺ Դավաճանությունը, խաբեությունը մարմնավորող ուժ
ՄՐԱՓ Ծանր երազներով քուն բերող ոգի
ՆՀԱՆԳ Ճահճավիհերում բնակվող առասպելական արարածներ
ՄԱՀԸ Կմաղքաձև և սևահանդերձ
ԱՅԼ ՈԳԻՆԵՐ Չար ու բարի
ՊԱՅԵՐ Տան պահապան չորս ոգիներ
ՀՈՐՈՏՆԵՐ Աղբյուրների, առվակների պարիկներ
ՄՈՐՈՏՆԵՐ Ծառ ու ծաղիների, բույսերի պահապան ոգիներ
ՋՐԱՆՈՒՅՇՆԵՐ Ծովաջրերի և քամիների իգական ոգիներ
ՀՈՎԱՆՈՒՅՇՆԵՐ Քամիների ոգիներ
ՔԱՋՔԵՐ Ոչ չար, ոչ բարի մարդակերպ արարածներ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Քարե ընդարձակ գլխատուն, Հազարաշեն ծածկ, չորս սյուներ, կենտրոնում թոնիր երդիկի տակ։ Գորգածածկ թախտին քնած է Արան։ Գիսախռիվ ներս է մտնում նրա մայրը՝ Ծովյանը։
ԾՈՎՅԱՆ
Արար աշխարհը խավար է պատել,
Դժբախտությունն է չոքել իմ շեմին,
Իսկ սա քնած է, արթնացի՛ր Արա՛․․․
ԱՐԱ
Թող մի քիչ քնեմ․․․
ԾՈՎՅԱՆ
Ելիր, այ տղա․․․ Տես, խավարել են երկինք ու երկիր,
Թունավոր շնչից չորանում են քո դաշտն ու անտառը․․․
ԱՐԱ
Քնած եմ, քնած, մի խանգարեք ինձ։
ԾՈՎՅԱՆ
Ելեք, ոգիներ այս տան պահապան,
Նախնյաց ոգիներ, ոգիք կրակի․․․
Միթե՞ քնած են, միչդեռ պահապան
Պիտի լինեին, արթուն պահապան․․․
Օջախի ոգի, քեզ եմ կոչում ես,
Երդվմնեցնում եմ քեզ այս տան մեծ տիրոջ
Ահեղ անունով։
Արի, երևա․․․
(Թոնրի միջից բարձրանում է Հրանուշը)
ՀՐԱՆՈՒՇ
Դու կանչում էի՞ր, ինձ իմ տիրուհի։
ԾՈՎՅԱՆ
Միթե՞ քնած ես։ Դո՞ւ էլ ես քնած։
ՀՐԱՆՈՒՇ
․․․ Ամառ է հիմա։
Ոչ ոք չի ուզում թոնիրը վառել։
Ես էլ քնած եմ ածուխների մեջ։
Օրը ցերեկով ինչո՞ւ ես եկել։
ԾՈՎՅԱՆ
Ի՞նչ օր, ի՞նչ ցերեկ։
Վիշապը կանաչ թունավոր շնչով
Խավար է սփռել աշխարհի վրա։
Կանչիր, թող դուրս գան։
ՀՐԱՆՈՒՅՇ
Այս ի՞նչ լսեցի, կրակս մարեր․․․
Հեյ, պայեր՝ ոգիք այս տան պահապան,
Շուտ երևացեք։
Ծանր լուրերով Տան Տիրուհին է
Եկել մեզ այցի։
Երդմնեցնում է ձեզ Հրի անունով,
Ցնցվեք, արթնացեք,
Շուտ, երևացեք։
(Լուսավորվում են տան չորս սյուները)
ՊԱՅԵՐ
Ի՞նչ է պատահել, Հրանույշ աղջիկ,
Ահա, խաղաղ է աշխարհը համայն․․․
ԱՌԱՋԻՆ ՊԱՅ
Ի՞նչ է պատահել Ծովյան տիրուհի,
Քո Արա որդին քնած է խաղաղ։
ԾՈՎՅԱՆ
Հայտնեցեք, ո՞ւր է իմ Վահե որդին՝
Եղբայրը սրա, այս ծույլ-անբանի։
ՀՐԱՆՈՒՅՇ
Վիշապն է ելել խորունկ անդունդից,
Խավար թևերը փռել է արար աշխարհի վրա։
Ասեք, որտե՞ղ է Վահեն քաջարի
Եղայրը սրա։
ՊԱՅԵՐ
Մենք անտեղյակ ենք՝
Խաղաղությունը քնեցրել էր մեզ։
ԾՈՎՅԱՆ
Իսկ ո՞վ կիմանա․․․
ԱՌԱՋԻՆ ՊԱՅ
Տանիքում ապրող քաջքը կիմանա։
Նա արթնանում է գիշեր ժամանակ,
Մինչև լույս հսկում երդիկի անցքից․․․
ԾՈՎՅԱՆ
Գիտեմ, լսում եմ, որ քո մասին են
Այստեղ զրուցում։
Հապա, երևա․․․
(Քաջքը չղչիկի նման կախվում է երդիկից)
ՔԱՋՔ
Ես եմ, տեսել եմ,
Արթուն եմ ահա․․
ԾՈՎՅԱՆ
Շո՛ւտ, ի՞նչ ես տեսել։
ՔԱՋՔ
Սրա երկվորյակ եղբայրը հենց նոր
Պատից վերցրեց թուրը կայծակե,
Հագավ թևավոր կոշիկները նոր
Եվ հողմին հեծած դուրս թռավ տանից։
(Լալիս է)
Դուրս թռավ տանից երդիկի միջով,
Դեմքս էլ այրեց իր հրե շնչով։
ՀՐԱՆՈՒՅՇ
Լավ, սևամրութ․ սուգդ մի զլիր,
Դու միշտ էլ սև ես եղել ու մրոտ։
ՔԱՋՔ
Թոնրի ծխից է, դու ես մեղավոր։
ԾՈՎՅԱՆ
Վայ ինձ, սիրասուն զավակս մենակ
Չար ուժերի դեմ պիտի մարտնչի։
ՊԱՅԵՐ
Ինչո՞ւ շուտ չասիր, գարշելի չղջիկ։
ՔԱՋՔ
Թե, դռնից ելներ, շուտ կմատնեի։
Բայց երդիկում ես լուռ եմ քարի պես։
Միայն հսկում եմ, որ արևն ընկնի
Ճիշտ թոնրի վրա,
Եվ եզը փախցնեն երդիկի միջով։
ԾՈՎՅԱՆ
Իսկ ի՞նչ է անում որդիս, շո՛ւտ ասա։
ՔԱՋՔ
Նա խավարի մեջ վիշապ է փնտրում։
Ո՞նց չէ, կգտնի (ծիծաղում է)։
ՊԱՅԵՐ
Կորի՛ր։
ՔԱՋՔ
Ոնց կուզեք։ (Անհետանում է)։
ԾՈՎՅԱՆ
Արթնացրեք սրան, գոնե եբորը օգնության գնա։
Ես ելել եմ տանիք, գուցե այնտեղից մի բան երևա։
(Հեռանում է)։
ՀՐԱՆՈՒՅՇ
(Կրակի տեսքով եկնում է Արայի գլխի վերևը)։
Քո հոր անունով, որ ինքը ջուրն է,
ԵՎ մոր անունով, որ հրի տեսքով երկինքն է չափում,
ԵՎ Գիշերամայր քո տատիկների,
Որոնք ապրում են չոր աբյուրների
Ցամաք ակերում,
Արթնացնում եմ քեզ։
Թոթափիր քունը հոգնած աչքերիդ
ՈՒ ելիր ոտքի։
ԱՐԱ
Ո՞վ է ինձ կանչում։
ՀՐԱՆՈՒՅՇ
Ես եմ, օջախի ոգին եմ հրե՝ քո Հրանույշը։
ԱՐԱ
(Կես քուն, կես արթուն)
Ես այսօր ինչքա՜ն գործեր եմ արել՝
Հազար օրավար խոպան եմ վարել,
Յոթ գյուղ եմ հիմնել սարերի վրա,
Տասներկու առու բացել եմ վարար,
Գետնից բխեցրել քառասուն աղբյուր,
Անուններով իմ քառասուն եղբոր։
Թող մի քիչ քնեմ, որ առավոտը
Ծառը պտուղ տա, դաշտը կանաչի,
Որ գարունը գա․․․
ՀՐԱՆՈՒՅՇ
Ելիր, այ տղա։ Գարունը անցավ՝ ամառ է հիմա։
Վիշապն է եկել, խավար թևերով,
Ծածկել արևի աչքից աշխարհը։
ԱՐԱ
Այս ի՞նչ եմ լսում, վայ ինձ, իմ ծառեր,
Իմ խոտեր դալար, ծաղիկներ պես-պես․․․
Մի՞թե այլևս չեմ տեսնելու ձեզ։
Եղբայրս ո՞ւր է, ո՞ւր են կայծակե թուրն ու վահանը արևանման։
ՀՐԱՆՈՒՅՇ
Եղբայրդ զենքերն առավ ու թռավ։
ԱՐԱ
Ո՞նց, մենա՞կ, ինչո՞ւ ինձ լուր չտվեց։
Տանը զենք չկա, ի՞նչ անեմ հիմա։
Ահա մահակս․․․ Հ՞ը, սա կլինի՞․․․
Ծիրանի փայտ է, հա՜․․․
ՊԱՅԵՐ
Այ, խենթ ու խելառ․․․
ԱՐԱ
Իսկ սա ընկույզ է, ավելի ամուր։
Լավ, վիշապի դեմ, գլուխը քարը,
Հոնի մահակս կառնեմ, ի՞նչ արած․․․
(Դրսից՝ շանթ ու որոտ, երդիկը լուսավորվում է)։
ՊԱՅԵՐ
Գտավ վիշապին, շանթեր է նետում։
(Արագորեն մագլցում են սյուների վերևը, խոյակների մեջ)
ԱՌԱՋԻՆ ՊԱՅ
Վիշապին նայիր, ոնց է խուսափում սև թուխպի նման։
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅ
Բայց միևնույն է, կայծակե թուրը
Հասնում է նրան։
ԵՐՐՈՐԴ ՊԱՅ
Տես սևադեմը ներքև է փախչում։
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՅ
Լեռան ետևն է թաքնվում արդեն։
ԱՌԱՋԻՆ ՊԱՅ
Ձգիր հողմերի սանձերը ամուր։
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅ
Զ՛արկ, զ՛արկ, մեր հերոս ամպրոպամարտիկ։
ԵՐՐՈՐԴ ՊԱՅ
Լեռան գլուխը թռցրեց սրով։
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՅ
Լեռան մեջ սուզվեց վիշապը խավար,
Թույնի հրաբուխ է ժայթքում՝
Կրակի անմար շատրվան։
ԱՐԱ
Ախ, ես չեմ կարող այս բանը տանել,
Օգնիր եղբորս, օջախի ոգի։
ՀՐԱՆՈՒՅՇ
Վերցրու իմ հրից ու ելիր տանիք,
Թող ամեն զարկին օջախի հրում
Թուրը թաթախի․․․
(Արան, ձեռնափայտին ջահանման կրակ, ելնում է տանիք)
ՀՐԱՆՈՒՅՇ
Թաթախիր թուրդ․ հեյ, կայծակի տեր։
ԱՐԱ
Այս կողմը իջիր, եղբայրս, այս կողմ։
(Կռվի աղմուկը շարունակվում է)
Հաղթում է նրան, ապրես, մի զարկ էլ ․․․
ՊԱՅԵՐ
Վիշապն այրվում է, ահա, ցած ընկավ,
Լճի մեջ սուզվեց։
(Ահեղաձայն թշշոց)
ՎԱՀԵԻ ՁԱՅՆԸ
Ուզում ես ջրո՞ւմ փրկվել ինձանից,
Ուրեմն, իմացիր, ես ջրածին եմ ։
ԱՐԱ
Փրկություն չունես նա ջրածին է։
Իմ եղբայրն է, հեյ՜․․․
ԱՌԱՋԻՆ ՊԱՅ
Տես, ջրի ոգին, Հորոտ պարիկը
Գլուխը հանեց։
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅ
Թաթառի նման բարձրանում է վեր։
ԵՐՐՈՐԴ ՊԱՅ
Աղերսողի պես ջրաշիթերը մեկնում է երկինք՝
Վահե պատանուն։
ՀՈՐՈՏԻ ՁԱՅՆԸ
Տղա հեռո՛ւ տար կայծակդ այրող, ես կչորանամ,
Հիշիր, չէ՞ որ ես քո ազգականն եմ․․․
ՎԱՀԵԻ ՁԱՅՆԸ
Հանիր վիշապին, թե չէ աչքերս մթնում են արդեն։
ՀՐԱՆՈՒՅՇ
Նա դուրս շպրտեց վիշապին ջրից։
ԱՐԱ
Պահ, մարդու տեսք է վիշապն ընդունում։
ԱՌԱՋԻՆ ՊԱՅ
Վահեն իջնում է լճափի հողին։
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅ
Բռնեց վիշապին ու շղթայում է․․․
Տես, քարշ է տալիս շղթայից բռնած։
ՎԱՀԵԻ ՁԱՅՆԸ
Արա, իմ եղբայր, որտե՞ղ ես, արի՝
Ես վիրավոր եմ։
(Բեմն սկսում է պտտվել)։
Ես վիրավոր եմ, խիստ նվաղել են ուժերս, եղբա՜յր․․․
ԱՐԱ
Գալիս եմ, գալիս, հասնում եմ, եղբայր․․․
(Պտտվելով բեմը ներկայացնում է գեղեցիկ մարգագետին։ Վահեն ու Արան շղթայից բռնած քարշ տալով բերում են վիշապին, որի շուրջը պարում են քաջքերը)։
Միայն մի խնդրանք, սիրելի եղբայր,
Սուրդ դիր պատյան՝
Քո կայծակները խոտերս են այրում։
(Վահեն սուրը դնում է պատյանը)։
ՎԻՇԱՊ
Խոտերն են այրվում․․․ Ծառեն են այրվում․․․
Դուք ինձ խնայեք, ես վիրավոր եմ։
Ափսոս արյունս, արյունս թափած․․․
ՎԱՀԵ
Կանա՞չ արյունդ․․․ գթություն չկա։
ՎԻՇԱՊ
Ի՞նչ պիտի անեք։
ՎԱՀԵ
Շղթաելու եմ՝ չգիտեմ որտեղ․․․ չգիտեմ՝ ինչպես․․․
Գուցե մի վայրում․․․
Մութ քարանձավում կմնաս հավետ,
Չղջիկների հետ,
Չէ՞ որ խավարը դու շատ ես սիրում։
ՔԱՋՔԵՐ
Սիրում ես, սիրում
Հանկարծ չստես,
Մենք քեզ լավ գիտենք,
Նորից ջարդ կուտես։
ՎԻՇԱՊ
Նայիր քաջքերին,
Երեկ ինձ էին ծառայում հլու,
Այսօր՝ հաղթողին։
ՔԱՋՔԵՐ
Միշտ առիթ ունենք զվարճանալու,
Մեզ համար մեկ է՝ ում ենք ծառայում,
Գիշերները՝ քեզ, ցերեկը՝ նրան,
Ով ամենից վեր երկնում է ապրում։
Այսօր՝ հաղթողին, վաղը՝ պարտվողին․․․
ՔԱՋՔ
Կամ էլ կայծակե թուր ունեցողին։
ՎԱՀԵ
Հապա, սևադեմ,
Արևը դարձրու իր նախկին ճամփին։
ՎԻՇԱՊ
Ավաղ, չեմ կարո կամքդ կատարել։
ՔԱՋՔԵՐ
Դարձրու, դարձրու, որ մենք էլ քնենք,
Քիչ հանգստանանք։
Բերածդ խավարը շատ երկար տևեց,
Հոգնեցինք իսպառ։
ՎԻՇԱՊ
Չեմ կարող, հիմա արդեն գիշեր է,
Դա ժամանակի հրամանն է անխախտ։
Բայց երբ ժամը գա։
Արևն ինքն իրեն կծագի նորից։
ԱՐԱ
Նա ճիշտ է ասում, գիշեր է հիմա։
Ահա, աչքերս մթին վարժվեցին։
Այն ո՞վ է գալիս խավարի միջից։
ՎԱՀԵ
Մեր հայր Պասքամի մայրն է զառամյալ՝
Գիշերամայրը։
(Գալիս է Գիշերամայրը(։
ՎԻՇԱՊ
Ով մութ դիցուհի, գոնե դու գթա՝
Չէ որ երկուսս էլ խավար ենք բերում։
ԳԻՇԵՐԱՄԱՅՐ
Ես խավաի հետ հանգիստ եմ բերում,
Իսկ դու միայն մահ ու անշարժություն․․․
(Վահեին) Թոռնիկս, հիմա, քանի գիշեր է,
Արգելիր նրան այն մութ վիհի մեջ,
Որ Ազատ լեռան խորքում է բացվում։
Թե չէ լույսի հետ նա կխափանվի
Իսկույն ու հավետ։
ՎԱՀԵ
Ես վիրավոր եմ, Մամիկ, ինձ տուն տար,
Եղբայրս կանի քո ասածները։
ԱՐԱ
Ի՞նչ պիտի անեմ։
ԳԻՇԵՐԱՄԱՅՐ
Վերցրու նրան և տար շատ հեռու։
Դարբին քաջքերը թող գամեն նրան
Սև խավարի մեջ․
Մասյաց մեծ վիհում։
ՎԱՀԵ
ԵՎ իմ պատկերը սև որձաքարից
Քանդակիր այնտեղ, դիր դրա առաջ,
Որ միշտ զուսպ մնա։
(Գիշերամայրն ու Վահեն հեռանում են)։
ԱՐԱ
Լսում եմ, եղբայր, այդպես էլ կանեմ
Գնացինք, քաջքեր, քայլիր, սևադեմ։
(Խավարի մեջ տանում են վիշապին, քաջքերը, դարբնի գործիքներ առած,
ցատկոտում են նրա շուրջը, երկու քաջք թեթևությամբ որձնաքարն են տանում)։
ՎԻՇԱՊ
Հոգնեցի արդեն, այս շղթաները ծանր են ինձ համար։
ԱՐԱ
Քայլիր, սևադեմ, մինչև լուսաբաց
Երկու ժամ մնաց։
ՔԱՋՔԵՐ
Քայլիր, դե քայլիր, ոտներդ փոխիր,
Ցատկիր, այ, այդպես,
ՈՒ առաջ գնա։
ՎԻՇԱՊ
Ես վիրավոր եմ, ծանր են վերքերս,
Խնայեցեք ինձ, չէ՞ որ բարի եք։
ԱՐԱ
Ի՞նչ, քեզ խնայե՞լ, չարի արարիչ
Մտքիցդ հանիր։
ՎԻՇԱՊ
Արա պատանի, թող հանգստանամ,
Երդվեցնում եմ քեզ քո մոր անունով․․
Ստիպված կլինես ինձ գրկած տանել,
Իսկ ես ծանր եմ։
ԱՐԱ
Լավ, նստիր այստեղ, բայց տես, չքնես։
ՎԻՇԱՊ
Ավազի վրա՞․․․
ՔԱՋՔԵՐ
Ավազի վրա։
Անապատի մեջ ոչ մի քար չկա։
ԱՐԱ
Լավ, որձաքարին թող նստի, դրեք։
ՎԻՇԱՊ
Բայց որձաքարը մեծ է ինձ համար։
Ոչինչ, ես հիմա աթոռ կսարքեմ,
Քաջքեր, իմ առաջ պահեք այդ քարը։
(Վիշապը նայում է պահած քարին, որը ճաքում է)
Փոքրիկ կտորը դրեք ավազին։
ԱՐԱ
Այս ի՞նչ արեցիր, այ սևահոգի,
Ինչ չար աչք ունես․․․
Եղբորս տեսքը պիտի քանդակեմ,
Գործս փչացրիր․․․
(Բարձրացնում է մահակը)։
ՎԻՇԱՊ
Լավ, հանգստացիր,
Ազատ լեռան մեջ շատ որձաքար կա․․․ (նստում է)։
Ի՜նչ երանություն․․․
ՔԱՋՔԵՐ
Այնտեղ շատ քար կա, պսպղուն քարեր,
Հավերժ կմնաս քարերի գրկում․․․
Սիրուն քարերի ցոլքով խաղ կանես․․․
ՔԱՋՔ
(Ելքի գամն է ցույց տալիս)
Սա գամելու եմ ուղիղ կրծքիդ մեջ,
Իսկ այս մեխերը՝ բոլոր պատերին։
ՄՅՈՒՍԸ
Դու չես շարժվելու,
Թե շարժ չլինի․․․
ՔԱՋՔԵՐ
Հա, հա, հա, հա, հա,
Հի, հի, հի, հի, հի,
ՎԻՇԱՊ
Օ, մայր իմ, Քաոս,
Ինո՞ւ ծնեցիր ինձ այսքան դժբախտ։
Մարդկային ցեղը իմ թշնամին է,
Թեև ես ոչինչ վատ բան չեմ արել։
Տես, թե ինչեր է իմ դեմ պատրաստել Արևը դավոտ,
Որ ողջ աշխարհին իր լույսը իշխի,
Հանգիստ չլինի աշխարհի վրա,
Երկնային հրից ամեն ինչ այրվի,
ԵՎ խոտ ու ծաղիկ իսպառ չորանան․․․
ԱՐԱ
Սա ի՞նչ է անում, ցնդե՞լ է ցավից։
ՎԻՇԱՊ
Ով, մեծդ Պադքամ,
Դու անսաս գոնե իմ աղաչանքին
Դու, որ բարի ես առվակի նման,
ԵՎ գթառատ ես աղբյուրների պես,
Տես, ինչպես դաժան տառապում եմ ես
Շղթաների մեջ։
Ես ուզում էի գիշերներ բերել,
Որ հողագործը ծանր հոգսերից
Քիչ հանգստանա,
Խավարի գրկում աչքերը փակի,
Մինչև լուսանա
Բայց միակնանի հուր Արեգակը
Քո որդուն խաբեց։
Նա ուզում էր,
Որ միայն լույս լինի,
Որ բույսերն այրվեն, ծառը չորանա,
Ջուրը ցամաքի, քամին քար դառնա․․․
ՔԱՋՔԵՐ
Ջուրը ցամաքի, Քամին քարանա,
Քաջքամին էլ երկինք բարձրանա,
Մի պտույտ գործի շուրջը արևի,
Լուսնին բարևի,
Հետո ծառերի ճյուղերը կոտրի,
Չոր ծաղիկներին չոր խոտեր խառնի,
Վիշապի համար դեղեր ստանա,
Վերքը լավանա, վիշապը ելնի ու խավար բերի․․․
ՎԻՇԱՊ
Եվ հանգստություն աշխարհին համայն։
ԱՐԱ
Ի՞նչպես թե ծառն ու խոտը չորանա,
Ջուրը ցամաքի, քամին քարանա․․․
Չէ, դա լավ բան չէ, ելիր, հեյ վիշապ,
Ես քեզ կալանեմ մեծ լեռան վիհում,
Գնամ, եղբորս իմ հարցերը տամ։
ՎԻՇԱՊ
Այ խելառ տղա․․․ Ամբողջ օրերով խաղում ես այգում,
Դաշտում, անտառում, ծաղիկ ես ցանում,
Հորոտների հետ ծաղիկ ես ջրում,
Խնջույք ես անում անույշների հետ,
Բայց չես իմանում,
Որ այդ ամենին մի թշնամին կա՝
Երկնային հուրը ամենակործան։
Դու չես իմանում՝ ով է ջուր տալիս,
Ով է խավարի թևով սլանում, իջնում աշխարհին
Ու հանգիստ բերում ու հանգստանում։
ԱՐԱ
Մի՞ թե դու ես դա։
ՎԻՇԱՊ
Ես եմ, իհարկե։
ՔԱՋՔԵՐ
Նա է, իհարկե։
ՎԻՇԱՊ
Մի՞ թե չես տեսել ծաղկուն սարերում,
Աղբրի ակերին, գետի ափերին
Վիշապներ բազում:
Իմ արձաններն են քարակոփ ու ժեռ,
Լեռներից իջնող ջրերն են հսկում։
ԱՐԱ
Տեսել եմ, իրավ,
Ջրի պահապան վիշապ են ասում։
ՎԻՇԱՊ
Առանց վիշապի ոչինչ չի աճում։
ՔԱՋՔԵՐ
Հավքը չի թռչում, ձայներ չեն հնչում։
ՎԻՇԱՊ
Եթե հիմա ինձ կալանես այրում,
Արևը կայրի աշխարհը համայն,
Ու մահ կբերի մարդկային ցեղին․․․
ԱՐԱ
Բայց իմ եբայրը․․․
ՎԻՇԱՊ
Դուք եղբորդ հետ որբեր կդառնաք,
Միշտ լույս կլինի,
Ամպեր չեն լինի, որտեղ ապրում է
Ձեր Ծովյան մայրը։
Տապն ու խորշակը կցամաքեցնեն քո հոր աշխարհը՝
Ծովերը բոլոր․․․
Բաց թող ինձ, տղա, ես կհեռանամ,
Եվ կգամ միայն, երբ դու ինձ կանչես։
ՔԱՋՔԵՐ
Թեղ նրան, բաց թող,
Արձակիր, գնա․․․
ԱՐԱ
(Անվստահ նայում է շուրջը)
Լավ, կոտրեք շղթան։
Թռիր, հեռացիր, բայց այնպես արա՝
Վահե եղբայրս ոչինչ չիմանա․․․։
ՎԻՇԱՊ
(Ցնցում է իրեն) Ազատությու˜ն․․․
Արա պատանի, քո երախտիքը
Ես չեմ մոռանա․․․։
ԱՐԱ
Բա ե՞ս ինչ անեմ․․․
ՎԻՇԱՊ
Հիշիր, արևն է երկրի թշնամին,
Այ, արեգակին դու ցած գլորիր։
(Սուլոց դղրդյունով անհետանում է)։
ԱՐԱ
Թռավ , հեռացավ։
Ի՞նչ անեմ հիմա․․․
Հեյ, քաջքեր, նայեք՝
Մարդ բան չիմանա․․․։
Տես, լեռան կողը վարդագունում է
Ծագող արևից․․․ Ի՞նչ գեղեցիկ է․․․
Բայց ի՞նչ եմ ասում,
Մարդկային ցեղի չար թշնամին է
Երկնային ծովից բարձրանում երկինք։
Իսկ ես անզեն եմ, հոնի մահակով
Ի՞նչ պիտի անեմ։
ՔԱՋՔԵՐ
Արևն է գալիս, արևն է ելնում,
Շուտ, փախեք անտառ , թաքնվեք ստվերում․․․
ՄԻ ՔԱՋՔ
Սև քարերի տակ, քարանձավներում․․․
ՄՅՈՒՍԸ
Աղբյուրի ակում, ծառի փչակում։
ԵՐՐՈՐԴԸ
Ձիու բաշի մեջ, այծի կճղակում։
(Անհետանում են)
ԵՐԴԻԿԻ ՔԱՋՔԸ
Ես ձեր երդիկի քաջքն եմ, ինձ գիտե՞ս․․․
Թույլ տուր թաքնվեմ, դու ձայն չհանես,
Ոտնամանիդ մեջ,
Ինձ տուն կտանե՞ս․․․
(Մտնում է ոտնամանի մեջ)
ԱՐԱ
Այն ով է գալիս մառախուղի մեջ․․․
ԵՐԴԻԿԻ ՔԱՋՔԸ
Ալն է, չար ոգին,
Որ այցելում է ադամամութին։
(Գալիս է Ալը)
Ալ
Քեզ, ազատարար,
Խորունկ խավարից վիշապը նվեր
Ուղարկեց ահա, այս նետ-աղեղը․․․
Հիմա զինված ես չար թշնամու դեմ․․․
Սակայն Արևն է բարձրանում երկինք՝
Մեծ միաչքանին։
Հրեղեն ակը դրել է գլխին,
Լուսավորում է կողմերը բոլոր,
Մեզ է որոնում։
Գիշերօձերն էլ գետնի տակն անցան,
Նայիր, Լուսաստղը ոնց է հարվածում
Գիշերօձերին․․․
Ես հեռանում եմ՝ դու քո գործը տես,
Միայն իմացիր, ուղիղ հրեղեն աչքը կխոցես։
(Աներևույթ է լինում)
ԱՐԱ
Դու տապ ես բերում, որ ծառ ու ծաղիկ
Հրից չորանա՞ն․․․ Ուրեմն մեռիր․․․
(Նետահարում է արևի ուղղությամբ)
Կպա՞․․․ Չկպա՞․․․
Թե՞ սլանում է դեռ նետս արագ․․․
(Նետի սուլոց, անսպասելի խավար, ապա սլացուցիչ լույս)։
ՀՈՂԻ ՁԱՅՆԸ
Այս ի՞նչ արեցիր․․․
ԱՐԱ
Ու՞մ ձայնն եմ լսում։
ՔԱՋԸ
Դա հողն է, Հողը, Մայր Հողն է տնքում։
ՀՈՂԻ ՁԱՅՆԸ
Տխմար պատանի․․․
Մինչև Արևը երկրին չշոյի,
Ոչինչ չի ծաղկի, ոչինչ չի ապրի,
Ոչինչ չի շնչի․․․
ԱՐԱ
Վիշապը խաբե՞ց
ՀՈՂԻ ՁԱՅՆԸ
Նա կործանեց քեզ։
Հիմա աշխարհում երաշտ կլինի։
Շտապ թաքնվիր, տես Մեծ Արևը
Զենիթ է ելնում արագ ընթացքով։
Նա որոնում է նետահարողին
Իր միակ աչքով։
ՔԱՋՔԸ
Շտապ թաքնվիր ոտնամանի մեջ
Այստեղ շատ տեղ կա․․․
ԱՐԱ
Էլ չեմ հասցնի։
ՔԱՋՔԸ
(Ելնում է, փախչելով)
Հիմա կզարնի, հիմա կզարնի․․․
(Արան նայում է վեր, շլացուցիչ ճառագայթափունջը
հարվածում է դեմքին և նա ընկնում է):
ՔԱՋՔԸ
Ի˜նչ հզոր ապտակ․․․
Վիշապի կատակ։
(Անհետանում է)։
Շարունակելի
No Comments