ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Վերք Հայաստանի» վեպը` գրական արևելահայերեն

09.09.2019

«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանի աշխատասիրությամբ վերահրատարակվելու է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի գրական արևելահայերեն տարբերակը: Մեզ հետ զրույցում գրականագետը նշեց, որ այս գրքի նախորդ հրատարակությունը, որը լույս էր ընծայվել՝ ոչ «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ, որոշ անճշտություններ և բնագրին հարազատության խնդիրներ ուներ, ըստ այդմ էլ՝ որոշվեց խմբագրել և կատարել անհրաժեշտ շտկումները։

-Ինձ  համար՝ որպես գրականագետի, աբովյանասերի, որպես ընթերցող մարդու, սկզբում տարօրինակ էր այդ փոխադրությունը, որովհետև «Վերք Հայաստանին» իր լեզվով է հայտնի,  նաև  հենց արևելահայերեն է, իհարկե, քանաքեռի բարբառով: Հետո տեսա, որ դա կարող է այս հանճարեղ ստեղծագործության նկատմամբ  հետաքրքրության նոր ալիք առաջացնել: Բոլորս  կարծես թե գիտենք այս վեպը, բայց միաժամանակ, ասում ենք, որ շատ դժվար է, անընթեռնելի: Ինձ թվում է՝ ամբողջությամբ այս վեպը շատ քչերն են հաղթահարում, նույնիսկ՝ բանասիրական ֆակուլտետներում, քանի որ կա կարծրատիպ, թե սա անհասկանալի, պաթետիկ, հայրենասիրական  ինչ-որ բան է: Իրականում հասկանալի ու հանճարեղ  ստեղծագործություն է, որ մեր ժողովրդին ուղեկցել է՝ սկսած առաջին հրատարակությունից (19-րդ դարում), դրանից հետո և այսօր էլ շատ ասելիք ունի: Պարզապես կա լեզվի խնդիր, կան օտար բառեր, և տեղ-տեղ բարբառը հասկանալի չէ: Ըստ այդմ էլ՝ նախաձեռնեցինք հրատարակությունը, ես էլ ստանձնեցի փոխադրված տարբերակի խմբագրման աշխատանքը, որպեսզի էլ ավելի մոտեցնեմ բնագրին՝ հնարավորինս պահպանելով լեզվի ճոխությունը, միաժամանակ դարձնելով հասկանալի: Սա կարող է քննադատության առիթ լինել, համարվել սրբապղծություն և այլն, բայց մեզ համար կարևոր է, որ այս ստեղծագործությունը կարդան հնարավորինս շատ մարդիկ,  հատկապես՝ երիտասարդները:

-Մեր օրերում ուշադրության արժանանո՞ւմ են այսօրինակ վեպերը:

-Մարդիկ այսօր շատ են տարված քաղաքական-սոցիալական հարցերով, բայց այս վեպի էներգետիկան, ճոխ  լեզուն,  ոճը և բազմազան թեմաները արդիական են դարձնում ասելիքը: Ոչ միայն դասագրքային տարածված հատվածները («Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…». ինչի համար քննադատության է արժանանում), ոչ միայն լեզուն, հավատը պահելու կոչերը, այլև շատ ուրիշ բաներ կան, որ հարազատ են դարձնում այս վեպը: Աղասին՝ վեպի գլխավոր հերոսը, ողբերգական կերպար է, քանի որ խորությամբ գիտակցում է հայոց պատմության ու ժողովրդի վիճակի ամբողջ ողբերգականությունը, ձգտում է ինչ-որ բան փոխել, բայց մենակ է։ Նա գիտակցում է, որ այս վիճակի մեղավորը միայն պարսիկներն ու  թուրքերը չեն, այլ կան կրթության, հայրենաճանաչության, ազգային գիտակացության արթնացման, իրականությունը համարժեք կերպով գնահատելու խնդիրներ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, բայց այսօր էլ այդ խնդիրները լուծված չեն:

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վեպը ժամանակակից ընթերցողի վրա:

-Այս տարբերակով շատ բան կորցնելու է  վեպը, բայց սա համարում ենք տարբերակ՝  ժամանակակից ընթերցողին մոտեցնելու այս հանճարեղ ու կարևոր ստեղծագործությանը: Ոչ թե որ ուղղակի տեղեկատվություն ունենան, այլ վարակվեն այն ոգով, որը Խաչատուր Աբովյանն իր հերոսների, պատումի միջոցով փոխանցում է մեզ, իսկապես դառնան հայրենասեր մարդ՝ առանց պաթետիզմի: Ես ինքս այս ամբողջ ընթացում, բառ-բառ ընթերցելով, համեմատելով, բառարանները նայելով, անընդհատ առնչվում եմ այդ զորավոր ոգուն, հեղինակից ճառագվող էներգիային և ուզում եմ, որ այն փոխանցվի մարդկանց։

-«Վերք Հայաստանին» «Պատմավեպ» մատենաշարի առաջի՞ն գիրքն է: Ի՞նչ գրքեր են ներկայացվելու այս մատենաշարով:

-Ցանկություն ունենք այս մատենաշարով ներկայացնելու գեղարվեստական բարձր որակ ունեցող, սակայն գուցե ոչ այնքան հայտնի, հատկապես՝ նորագույն շրջանի հեղինակների պատմավեպեր։ Մասնավորապես հրատարակության է պատրաստվում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» պատմավեպը։ Տարբեր տարիներին հրատարակված եռահատոր այս պատմավեպը լայն հանրությանը գրեթե անծանոթ է, սակայն իր թեմատիկ-գաղափարական առանցքով և իրականացման գեղարվեստական բարձր որակով չի կորցրել արդիականությունը։ Վստահ ենք, որ ժամանակակից հայ ընթերցողը սիրով կընդունի այս վեպի երկրորդ հրատարակությունը։ Կան վերահրատարակության սպասող այլ պատմավեպեր ևս, սակայն չբացենք բոլոր փակագծերը։

Զրույցը` Արմինե Սարգսյանի
Լուսանկարը՝ «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջից





No Comments

Leave a Reply