Ո՞վ է այս աղջիկը
Սոնա Վանի «Այս աղջիկը» ժողովածուն բազմաշերտ-բազմափեղկ կնոջ օրագիր է, որի թերթերը շրշյունով բացում են նրա հոգու պատուհաններից անդին պարփակված աշխարհի մանրամասները։ Հեղինակը կնոջ հայացքով քննում է մեծ աշխարհը, մեծ կյանքը և դրա հետ հաշտ կամ հակամարտող իր ներաշխարհը։ Այս ժողովածուն լայնակտավ ձոն է կնոջը, որը տարուբերվում է իր շուրջ և իր ներսում ահագնացող փոթորկի գալարներում։ Գրքի վերնագիր դարձած «Այս աղջիկը» իր հավատամքն է համառոտագրել․ «Այս աղջիկը զզվում է սգաշորից ․․․․ այս աղջիկը զզվում է բռնությունից ․․․․ այս աղջիկը զզվում է պատերազմից ․․․․ այս աղջիկը մոլին է երջանկության»։
Կինը Սոնա Վանի՝ վերլիբրով գրված պոեզիայում և ոչ հաճախադեպ արձակ գործերում ներկայանում է որպես հիացումի, խոնարհումի, հրաշագործումի հանգրվան, որին երկրպագում է բանաստեղծուհին և երկրպագելու կոչում այլոց․ «Միայն կինն է ընդունակ գերիրականը ընկալելու, հրաշքին հավատալու, և այս գիտակցությամբ էր, որ Քրիստոսը իր բոլոր առաքյալների մեջ հենց նրան վստահեց իր հարության ու հայտնության տեսիլքը»։
Քրիստոսը, Աստված Սոնա Վանի մտորելու, ինքնաքննումի, բացասումի, վերահաստատումի ամենանախընտրելի թեմաներն են։ Նա փորձում է հասկանալ և իր ընթերցողի գիտակցությանը հասցնել այն մեծ իմաստնությունը, որ իրենց մեջ պարփակում կամ չեն պարփակում Երկնային Տերն ու նրա Արքայությունը։
Քրիստոսը եկավ մեզ ազատելու
նախորդ աստվածների լծից
ոչ թե նոր աստված քարոզելու
թե չէ
նա կգար ամպի միջից
աստվածներին վայել հանդերձանքով
այլ ոչ որպես մի անխնամ հիպպի
երկար մազերը քամուն տված -։
«Վիրտուալ գնացքով» ճամփորդելու ընթացքը նրան կանգնեցնում է ընտրության առաջ՝ լինել Աստված, սովորական կին կամ բանաստեղծ։ Նա ընտրում է երեքն էլ, ու հաջորդ կայարանը, ուր հասնում է, կոչվում է հավերժություն։ Աստված որակվում է որպես «բիպոլար խենթ», որը վեց օրում կառուցած իր աշխարհը հետո ջնջում է ջրհեղեղով։
Սոնայի պոեզիայի քնարական հերոսուհին մե՛րթ հեթանոս տարփուհի է, մե՛րթ մայրանալու կարոտաբաղձ տվայտանքների կրող, մե՛րթ երկխոսում-բանավիճում է Աստծո հետ, ասես հաշիվ պահանջում նրանից, մե՛րթ պարզապես կոկետուհի է, որ ինքնահեգնանքով նկատում է․ «․․․շորերս ավելի շատ քան օրերս»։
Հոր կերպարը կարևոր ներկայություն է Սոնա Վանի պոեզիայում։ Հայրն իմաստուն խրատատու է։ Հատկապես՝ երբ սկեպտիկ բանաստեղծուհի-դուստրը փորձում է քննել-զննել Աստծո գործերը, հայրը դնում է իր վերդիկտը, բերում դստերը հնազանդության, աստվածավախության, երկնավորին չհակառակվելու ճշմարիտ դաշտ, և ես անձամբ Սոնա Վանի հոր համախոհն են ու հավատակիցը։ Ինձ ևս չեն համոզում աստվածազննումի, աստվածաժխտումի արտահայտությունները Սոնա Վանի պոեզիայում և․․․ առհասարակ։
Տառապանքից մի խուսափիր,-
հայրս ասում էր,-
ցավն ու մահվան վախն են
մարդուն մարդ պահում երկրի վրա․․․
«Ապոկոլիպս» բանաստեղծության մեջ կարդում ենք․
-Ամեն բան բալանսի մեջ է տիեզերքում,-
ասում էր ֆիզիկոս հայրս,-
այն
ինչ սկսվել է մեծ պայթյունով
կավարտվի մեծ լռությամբ աննախադեպ․․․
Ըստ բանաստեղծուհու՝ լռությունը կիջնի Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիայի» հանգույն, երբ հաջորդաբար լռում են բոլոր գործիքները՝ «մինչև վերջին հոբոն»։
Հոր խրատանին անհետևանք չի մնում Սոնա Վանի հոգենկարում, նա հերթական կասկածաշարն ամփոփում է հետգրությամբ․
հ․ գ․ սա ասել չէ որ քնից առաջ
ես չեմ խոսում Աստծո հետ այդուհանդերձ
— աղոթել նշանակում է հավատալ
որ Աստված կա
և որ Նա լսում է քեզ,-
հայրս կասեր։
Ավելին, Սոնա Վանը Աստծո հետ երբեմն երկխոսում է նաև առանց միջնորդ-հոր, առանց ֆիզիկոս-հոր (ֆիզիկոս լինելու հանգամանքն առավել է բարձրացնում աստվածապաշտ լինելու արժեքը), ինչպես օրինակ հետևյալ հետգրությունում․
հ․ գ․ Աստված
փրկության համար հույսս Դու ես նորից –
ես պարզապես ժամանակ էի ուզում շահել
գրել մի բան
որ կհետաձգեր վերջը գոնե մի քիչ։
Ի վերջո, «Տիրոջ գաղտնի կյանքը» բանաստեղծության մեջ Սոնան ձևակերպում է առ Աստված աղոթքի նոր բանաձև, նա աղոթում է․
․․․ոչ թե առ Աստված
այլ՝ Աստծո համար՝
ով տեսնում է մահն իր զավակների
ամեն վայրկյան
քայքայվել-նեխելը այն ամենի
ինչ ծնել է ընդերքն իր եբևեցիե
Աստված
Դո՛ւ և միայն Դու ես կարող հաղթել
որդեկորույս մայրերին մոլորակի
«արցունքն աննկատ կուլ տալու» մրցույթի մեջ
ես կարդում եմ երբեմն քնից առաջ
օրագիրդ՝ լցված մեռյալների անուններով
ու հասկանում
Քո լռելու ձևը Հայր՝ հայելու պես-։
Բանաստեղծուհու ցավն անամոք է, երբ խոսքն իր հայրենիքը պատուհասած կործանարար պատերազմին է վերաբերում։ Պատերազմ, զոհված, վիրավոր զինվորներ, սգակիր մայրեր․․․ այս բոլորը մի ողջ պատկերասրահ են ձևավորում Սոնա Վանի պոետական աշխարհում։
․․․աչքս կպավ մի պահ
ու հայտնվեցի
հայրենի դժոխքում պատերազմի․
մոտենում-կծում եմ խնձորի պես
վարդագույն այտը մի զինվորի
ու բերանս լցվում է շիրիմի փոշով։
Սգակիր եղերամայր է Սոնան, որ աղաղակող թախիծով ողբում է Արցախի, Աղավնոյի, կորսված մյուս բնօրանների ու նրանց որդիների համար․
Ինչպես ոտքը պատերազմում կորցրած զինվոր
ով դեռ զգում է ցավը իր բացակա ծայրանդամի
օվկիանոսից անդին
ես զգում եմ ցավը քո – Արցախ իմ
կորած հողիդ սրտում ու որդիներիդ
և աղոթում եմ ամեն օր՝ ծնկի իջած -։
Բանաստեղծություններից շատերն ասես պատերազմի զոհերին մատուցվող հոգեհանգստի պատարագ լինեն, որի խնկաբույրը հասնում է մինչև Եռաբլուր ու մանկության եզերք․
Ձմեռային Եռաբլուր
սառ-նա-մա-նիք
ձյունը նստել է մահվան վրա
դարձնելով այն առավել հերոսական
միակ հաղթողը մահն է։
Եվ որպես հետգրություն՝ հավելում է․
հ․ գ․ երազս օրթոպեդի երազ՝
լի հենակներով ու սայլակներով
որ պտտելով փայլուն անիվները
արագ-արագ
տղաներին տանում է տատիկիս գյուղ։
Վիրավոր, մեռնող զինվորի կերպարը մշտաներկա է Սոնա Վանի բանաստեղծություններում։ «Այսպես գրկած» բանաստեղծությունը մեկն է դրանցից, որ փակագծերում ենթավերնագրված է․ «Նվիրում եմ «սահման-զոհասեղանի» տղաներին»․
Վիրավո՞ր ես
հոգնա՞ծ ես
թե՞ մեռած արդեն
որտե՞ղ բացեմ քո անկողինը
սիրաքա՞ղց ես
թե դա շունչն էր քո վերջին
ջերմո՞ւմ ես
դողո՞ւմ ես
ջո՞ւրը փորեմ ասա
թե՞ ավազը
բայց թույլ տուր ներս քաշեմ շրթունքներով
մահդ ինչպես թույնը օձի
ու դուրս թքեմ
դարձնելով քեզ անմահ։
Բանաստեղծուհու հայացքը թևածում է տարածության ու ժամանակի միջով։ Նրա քնարը հյուսում է պատմություններ Դեր Զորի դժոխքի, աշխարհը լքած միֆական Փոքր Մհերի թեմաներով։ Նորօրյա ողբերգությունը հիշեցնում է տերյանական հուսաբեկությունը («Մի՞թե վերջին պոետն եմ ես»)։ Սոնա Վանն այլ բառերով է հյուսում իր ողբը՝ փոխ առած Պատմահոր օրինակը․
Մայր Հայաստան
որդիներդ նախընտրում են
փողոցը՝ խրամատից
ողբամ զքեզ։
Ու դարձյալ գրողի հայացքը երկնքին է, հույսը՝ Փրկիչը․
Փրկի՛չ հույսս դու ես
վերադարձիր
վիճելի դարպասներով այս քաղաք
ու շրջիր ամեն բան գլխի վրա
կարո՛ղ ես Հայր
Դու ավելի անհնարին հրաշքներ ես
իրագործել
ժամանակին։
Վերջին հաշվով, «այս աղջիկը» կին է, որի առաքելությունը կյանք արարելն է, մարդ ծնելը, ուրեմն, ինքը պիտի ծառանա ընդդեմ կյանքեր խլող պատերազմի, բայց և զինակից-գաղափարակիցը պիտի դառնա հայրենիքի համար մարտնչող իր զավակների․
․․․ միացիր անմահների երթին՝ դեպի տապան
ապա լվա ինչպես էպոսի կին
արնոտ եռագույնը
կուսական ճերմակի մեջ Արարատի
հ․ գ․ հետո՞ ինչ որ ձեռքերն այս տրվել են ինձ
կյանք տալու համար ու գրկելու
բայց կարող եմ չէ՞ խաչի նման
ուսիս դրած վեր հանել դրոշը իմ
զուգահեռ արահետով
դեպի գագաթ
որքան էլ անհնարին թվա զառիվերն այդ։
Սոնա Վանը չի շրջանցում իր կյանքին զուգահեռ ընթացող անեմապրոզայիկ երևույթներն անգամ, որոնց մասին բանաստեղծելը դուրս է պոետիկայի օրինաչափությունից։ Այսպիսին է «Կորոնա» կոչեցյալ չարիքին նվիրված «Մեկուսացման երգեր» շարքը, որ «մեկուսացման գիշերների թանգարանից» պեղված գտածոներ է երևան հանում ու հիշեցնում մեզ ապրած դժոխքի պարունակները։
Բանաստեղծուհու պոեզիայի առանցքում է սիրելի ամուսնու կերպարը, նրա հետերկրային գոյությունը՝ իր տարաշխարհիկ դրսևորումներով։ Ամուսնու մահը սկիզբ է դրել առասպելական խորհրդածումներին, որոնց ընթացքը պոետական պաճուճանքով է ներկայանում։
Սե՛ր
մոխիրդ ջրերին հանձնելուս պես
օվկիանոսը իմ մեջ տեղափոխվեց
ես զգում եմ քո ընթանալը իմ մեջ
ինչպես նավի։
Ամուսինը բացակա ներկայություն է Սոնայի գոյության ուղեծրում։ Նա չդադարող երկխոսության մեջ է ամուսնու հետ․
հիմա
երբ դու չկաս
վերևում ես
մենք կշարունակենք մնալ
տղամարդ ու կին
սակայն այսուհետ
առանց դրա հետևանքների
վտանգավոր –
նախկինի պես
մենք կգործենք
որպես եզակի միտք
անհավասար երկու մարմիններով
որոնցից մեկը բացակա է
(հարգելի պատճառով հավանաբար)
գնացել է գործուղման
խոպան
կամ
ինչ գիտեմ՝ ուր։
Հետգրությունը Սոնա Վանի պոեզիայի պարտադիր բաղադրիչն է։ Սիրելիի մահվան ու հրաժեշտի երգը, օրինակ, այսպես է հետգրվում «Ուզում եմ ապրել․․․ երբեմնակի» բանաստեղծության մեջ․
հ․գ․ հիմա երբ դու ամենուր ես ինչպես Աստված
օդի․․․ հողի մեջ ես
ու ջրերի
կարո՞ղ ես ինձ սովորեցնել
թե ես ինչպե՞ս
թաքնվեմ քեզնից ․․․ երբեմնակի։
Սոնա Վանի գիրը առանձնահտուկ է ոչ միայն բովանդակության մեջ, այլև տեքստային դրսևորումներում։ Նա բացասում է կետադրության սահմանված կանոնները, բայց ոչ՝ ժխտում լիովին։ Սոնան կետադրում է կամայականորեն։ Նա կետադրական նշանների հանդեպ ունի ընտրովի մոտեցում։ Բանաստեղծություններից շատերն ունեն վերնագրերը ծանոթագրող ենթավերնագրեր՝ փակագծերում։
Սոնա Վանի բառամթերքը շքեղ է, տարաբնույթ։ Հայերենի գրական, խոսակցական շերտերից մինչև անգլերեն և օտարալեզու այլ եզրույթներ անսպասելի ներդաշն են միմյանց հետ Սոնայի գրում։ Օտարաբանությունները չեն խաթարում խոսքի տրամաբանությունը այս պոեզիայում․ «․․․ մի խոռ ծիծաղում է ականջիս տակ»։
Նույն կերպ հակադրություններն են հմտորեն համադրվում ու առավել շեշտադրում մտապատկերը․ «․․․լռությունդ պայթում է ականջիս մեջ ռումբի նման»։
Սոնա Վանի «Այս աղջիկը» բաց գիրք է՝ դրված ընթերցողի առաջ, որին մերձենալ կարելի է և՛ ուղղագիծ, և՛ զարտուղիների հազար ու մի ճանապարհներով, թեև տեղ հասնելու, էության խորքը շոշափելու հավանականությունը բնավ երաշխավորված չէ։
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարում՝ Սոնա Վանը՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում՝ Թանգարանների գիշերի հանդիպմանը






