Նախորդիվ՝ Աստղերը, արքան ու ․․․
Չեք հավատա, փոքր ժամանակ լուսինը հովիվ էր: Գառնուկներին տանում էր մարգագետին, շվի փչում նրանց համար, արածեցնում: Բոլոր գառնուկները խելոք լսում էին նրան: Մենակ մեկն էր չարաճճի՝ տռճկի էր տալիս, թռչում դես, թռչում դեն:
Մի օր գառնուկը վազեց, վազեց թիթեռի հետևից, մեկ էլ չհասկացավ՝ ինչպես երկինք հասավ: Նայեց ներքև ու վախեցավ՝ ցած իջնի: Խեղճ փոքրիկ հովիվ… հոտն առաջ արած՝ քշեց ուղիղ դեպի երկինք: Բա հո չէ՞ր թողնի՝ մյուս գառնուկներն էլ կորչեն: Բայց հասան երկինք թե չէ, էս գառնուկը գլորվեց հետ՝ երկիր: Շատ էր չար, շատ… Բարկացավ հովիվը, մահակը ձեռքին՝ վազեց հետևից: Ու էդպես՝ վերև-ներքև, վերև-ներքև:
Հիմա եթե ուշադիր նայեք ատղազարդ երկնքին, կգտնեք աստղիկներ դարձած գառնուկների հոտը: Նրանք, գլուխները կախ, հանգիստ արածում են երկնքում: Ու միայն մի աստղ կա, որ հաճախ ներքև է ընկնում: Լուսինն էլ էնքան է հետևից ընկնում, որ հալումա՜շ նիհարում է: Ու հենց գառնուկին գտնում է, անկարգին գրկած՝ ժպտում է՝ կլո՜ր, կլո՜ր:
Հաջորդիվ՝ Ժպտացող աստղեր
Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի
No Comments