Անի Անտոնյան ԳրաԴաշտ

Անի Անտոնյան․ Մոր անունը

03.06.2020

Արշալույսը մտավ գոմ ու մինչև պռունկը խոտով լցված մսուրի կողքին գտավ Նաղըշին, որը սաստիկ ցավից փորը գետնին էր քսում:  Կենդանու մսոտ վիզը մեկումեջ ջղաձգվում էր, աչքերն արյուն էին կապել: Անասնաբույժն ախտորոշեց մարսողական խանգարում։

Դա պատճառ դարձավ, որ ութ տարվա  կյանքի մեջ առաջին անգամ Նաղըշի հղիությունը սովորականից ուշանա։ Ի՞նչ իմանար խեղճ անասունը, որ իր լուսացրած ամեն գիշերը կենսաշրջանառության օրենք է, ու երկոտանիների քաղաքակիրթ աշխարհն օրենքից շեղում չի հանդուրժում։

Արշոյի սև կովն էր Նաղըշը, որի կրծքի ծորաններում խտացող անյուղ կաթից մերած կաթնամթերքը նույնիսկ վաճառքի հարմար չէր։ Բայց և այնպես,  Նաղըշը տան տասնմեկ «նաֆարին» կերակրողն էր։ 

Օգոստոս ամիսն էր․ Արշոն Մոսկվա էր գնացել՝ որդու տուն։ Ծանրացած կենդանին քանիցս նայեց գոմի դռանը,  ապա բազմափորձ ծննդկանի դանդաղկոտությամբ կողերով հենվեց սառը գետնին ու երկար բառաչով ազդարարեց նոր ծնունդը։ Նույն գիշեր կինը վերադարձավ, առանձնակի շոյանքով լվաց կովի պտուկներն ու կթեց։ 

Դժվար օրեր եկան։ Գյուղի անասունը մայիսից սարերում արածում  էր, իսկ Արշոն երազանքով հավաքած գումարով ստիպված խոտ առավ՝ Նաղըշին ու հորթին պահելու համար։ Հենց այդ օրերին էր, երբ նոր մայրացած ու ազատություն տեսած սևուկը դիմացի դաշտում հանդիպեց տռճիկ տվող ցլիկին, լայնացած կոնքերում անսովոր խաղ  ընկավ,  ճակատի սպիտակ խալը կնճռոտվեց հաճույքից։    

Տարին շրջվեց, եկավ ապրիլը։ Ընտանիքը որոշեց, որ երկու մեծ կով պահելն արդեն ճոխություն էր։  Թոկը ձեռքին անծանոթը մի կերպ ձգեց կովի վիզն ու դուրս բերեց գոմից։ Արշոն գիշերը չքնեց։

Լուսադեմին անծանոթը եկավ պարտք-պահանջը տալու՝ քթի տակ նախատելով․ «Ո՞նց հղի անասունի վզին դանակ դրեցիք»։

Արշոն քարացավ, ձեռքով ծածկեց արցունքները, նախաշեմի թախտից մեխանիկորեն ոտքի կանգնեց ու  գնաց դեպի գոմը։ 10 ամսական հորթուկը պար էր գալիս խաղաղ որոճացող Եղնիկի շուրջը, որի նկատմամբ բախտն ավելի բարեհաճ էր գտնվել։ Կինը ձեռքով սանրեց հորթի թավամազը՝ ինքն իրեն հանգստացնելով, որ մեր օրերում նույնիսկ մեռածի հետևից չեն լալիս։  Ախր կովն ի՞նչ է որ։ 

Ու սկսեց ձագին մոր անունով կանչել, թեև գյուղում ասում են՝ մինչ կով դառնալը հորթին անուն չեն տալիս։


No Comments

Leave a Reply