ՄշակութաԳիծ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Բանաստեղծելու «տեխնոլոգիան»

19.10.2024

   

  Այնքանով, որքանով որ կարողացել եմ ըմբռնել ստեղծագործական գործընթացը սեփական փորձի հիման վրա, կա բանաստեղծելու երկու տարբերակ։ Մեկը, երբ բանաստեղծությունը գրվում է ՄՏՔՈՎ կամ մեծմասամբ մտքով։ Այդպիսի բանաստեղծելը նման է… որմնադիրի աշխատանքին-մտքի ուղղալարով բառը շարվում է բառի կողքին, և նույնիսկ բանաստեղծը կարողանում է հանգավորել, այսինքն` այնքան սթափ մտավոր աշխատանք է տանում, որ իր աչքի առաջ ակնհայտ տեսանելի բարձրանում է բանաստեղծության ԿԱՆՈՆԱՎՈՐ պատը։ Այս տեսակի բանաստեղծություններ ես էլ եմ գրում, բայց դրանց․․․ չեմ սիրում այնքան, որ համարյա բանաստեղծություն չեմ համարում, դրանք իմ «խորթ զավակներն» են․․․ Այլ բան է ներշնչանքով գրված բանաստեղծությունը, այն ամբողջովին կամ մեծ մասամբ ստեղծվում է ոչ թե մտքի դաշտում, այլ ՈԳՈՒ։ Իհարկե չենք փորձի և ի վիճակի էլ չենք բացատրել, թե ինչ է ՈԳԻՆ, միայն կարող եմ ասել, որ այդ ընթացքում, երբ բացարձակապես կորցնում ես ժամանակի և տարածության զգացողությունը, այսինքն՝ չես զգում ՝ որտեղ ես և ժամանակն ինչի վրա ես ծախսում, այսինքն, երբ գտնվում ես ՀԱՎԵՐԺԻ և ԱՄԵՆՈՒՐԵՔԻ մեջ, ասես Պողոս առաքյալի նման երրորդ երկնքում ես գտվում և Երկիր իջնելով, այսինքն, բանաստեղծությունն ավարտելով, մի որոշ ժամանակ ժամանակավոր դեպրեսիայի մեջ ես ընկնում («ՈՒ՜ր էինք՝ ուր ընկանք․․․»)։ Դա շատ նման է Պիգմալիոնի հիասթափությանը․․․ Եթե մեխանիկական բացատրություն տալու լինենք, բանաստեղծելու այդ տեսակը նման է թղթի վրա մագնիսով երկաթի խարտվածք «խաղացնելուն»- որտեղ ՈԳԻՆ մագնիսն է թղթի տակ, իսկ բառերը երկաթի խարտվածքն են թղթի վրա։ Եթե մտքով գրվող բանաստեղծության դեպքում բանաստեղծը մտքի ուղղալարով միանգամայն գիտակցված գործողությամբ ընտրում, մեկը մյուսի ետևից շարում է բառերը, ներշնչանքով գրվողի դեպքում՝ այդպես չէ։ Մի հզոր ՈԳԵՂԵՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏ համակում է քո էությունը, և ոչ թե դու ես ընտրում բառերը, այլ․․․ բառերն են «ընտրում» քեզ։ Եթե մտքով գրվող բանաստեղծության դեպքում մտմտում ես բառի վրա, նույնիսկ ժամանակ ես ունենում բառարաններ թերթել, ապա ներշնչանքով գրվող բանաստեղծության դեպքում ՈԳՈՒ հոսքը ինքն է «ավտոմատ» փնտրում, ընտրում իր ուզած բառերը, իսկ եթե լեզվի ընդունված բառապաշարում չի գտնում իր ուզած բառը, ապա այն՝ բառը․․․ ՀԱՆԿԱՐԾԱՍՏԵՂԾՈՒՄ է․․․ Ես չգիտեմ՝ ինչ է ՈԳԻՆ, բայց ինձ համար պարզ է՝ ինչ է ՆԵՐՇՆՉԱՆՔԸ — դա այն շունչն է, որ Աստված փչեց մարդու կավին և կենդանացրեց, այդ պատճառով էլ իսկական բանաստեղծությունն Աստծուց է։ Իսկ եթե բանաստեղծությունն այդպես չի գրվել, ուրեմն այն գրողը ոչ թե բանաստեղծ է, այլ․․ ․արհեստավոր, որմնադիր, որ ուղղալարով անվրդո՜վ շարում է իր բառաղյուսները․․․ Ես այդ կերպ, մեծ մասամբ չգիտակցված, ներշնչանքով բազմաթիվ նորաբանություններ, բառաստեղծումներ եմ արել, որոնց  «ցանկը» բերում եմ facebook-ի իմ պատին։