Մի՞թե մեր գիտակցության օրգանն ՝ ուղեղը, ԿՈՍՄՈՍ չէ՝ յուրօրինակ գալակտիկաների շղթաներով, անհամար-անհամրելի նեյրոնների կանոնավոր կամ անկանոն միահյուսված «լեռնաշղթաներով», «լեռներով», որոնց գագաթներին, ԱՆԻՄԱՆԱԼԻԻ ծփացող մշուշների մեջ ծաղկում են մեր գիտակցության լուսաստղերը, փայլատակում մեր մտքերի ասուպները․․․
Մեր գիտակցությունն ունի իր ստորին և վերին սահմանները։ Մտածելը մեր գիտակցությունն է գործողության մեջ, որի որակները կախված են երկու գործոններից՝ ինֆորմացիայի, տեղեկատվական դաշտի պարունակությունից կամ ծավալներից և դրանց՝ տեղեկությունների գործադրման սխեմաների ու կոմբինացիաների կատարելության մակարդակից, այսպես ասած՝ շարժման որակից։ Գիտակցության ստորին սահմանն ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆՆ է, վերինը՝ ԳԵՐՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԸ, որոնց միջակայքում շարժվում, գործում-ստեղծագործում է մեր միտքը։
ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԸ գիտակցության սխեմաներին չհամապատասխանող, հանկարծակի «բռնկումներ» է տալիս, որոնց մենք ԾԻԾԱՂ ենք անվանում։ Այն կարծես գիտակցության «էլեկտրամագնիսական դաշտում» մի կարճ միացում լինի, այն նաև պարպում-հանգստացնում է ուղեղի կենսաբանական լարվածությունը։ «Գիտակցական դաշտի» լարվածությունից է կախված նաև դույնի՝ ծիծաղի «բռնկումը»։ Եթե ամեն մեկս, օրինակ, հիշենք մեր դպրոցական տարիներից հետևյալը՝ կհասկանանք իմ այս ասածը։ — Դասաժամերին, ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ պարտադրած լարվածության մեջ, մի չնչին բանից, ասենք՝ մեր դասընկերոջ մի չնչին, անիմաստ չարաճճիությունից մենք կարող էինք ընկնել ծիծաղի կոլեկտիվ հիստերիայի մեջ, մինչդեռ նույն բանը եթե անեինք դասամիջոցին՝ ոչ մի ծիծաղ էլ չէր առաջանա․․․ Ես մարդ գիտեմ, որ խուսափում է գնալ հոգեհանգստի արարողությունների, որովհետև թեկուզ հանգուցյալի «պառկած երևույթը» նրա մոտ ծիծաղի «նոպա» է առաջացնում․․․ Ծիծաղը հանում է գիտակցության լարվածությունը, այդ պատճառով մենք շատ ենք սիրում զվարճալի միջոցառումները։ Շատ դեպքերում, որոշ հոգեվիճակներում, գուցե եթե ծիծաղ չբռնկվի՝ մարդ կարող է խելագարվել, կամ ընդհակառակը՝ խելագարության դժբախտությունը շատ դեպքերում սկսվում է հանկարծակի ծիծաղով․․․
ԳԵՐՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԸ գիտակցության տեղեկատվական պաշարների և դրա շարժման՝ մտքի ձևավորման ու գործադրման վերին մակարդակն է։ Նույնիսկ հանճարի դեպքում այն դեմ է առնում իր հնարավորության առավելագույն սահմանին և ԱՆԻՄԱՆԱԼԻԻ մատույցներում մոլորվում, ինչպես Կաֆկայի «Դատավարություն» վեպի հերոսը հայտնի ՄՈՒՏՔԻ մոտ, որտեղ հավանաբար «պահակություն» է անում Ռուդոլֆ Շտայների ասած Շեմի Պահակը։ Այդտեղ կարող է իմացության «մառախլապատ դաշտը» լուսավորել ինտուիցիան՝ ասես մի շանթի պարպում, որի «որոտները» գնում խաղաղվում են Աստծո․․․ ոտքերի մոտ․․․ -ԱՅՆՏԵՂ, որտեղից մեզ ՇՆՈՐՀՎՈՒՄ Է հենց այդ՝ ինտուիցիան։ Մենք, մեր «եսը» դա մեր հիշողության՝ մեր ամբարված գիտակցության ամբողջությունն ենք։ Եթե մեր «հոգևոր ամբարվածը» հասնում է մի այնպիսի մակարդակի, որ մենք կորցնում ենք մեր պրիմիտիվ «եսը» և զգում, որ հասել ենք «ներաշխարհի» ՝ ԳԵՐԱԳՈՒՅՆ «ԵՍ»-ին մերվելու աստիճանին այն չափով, որ , օրինակ, Հ․ Թումանյանին «դրդում» է խոստովանել, որ «Հոգիս տանը հաստատվել, տիեզերքն է ողջ պատել»․․․ մեզ համակում է տխրությունը։ Այո, ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԻՆԸ ծիծաղն է, իսկ ԳԵՐՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԻՆԸ՝ տխրությունը։ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ Ժողովողի ( Սողոմոն Իմաստունի ) բերանով ասում է՝ «Շատ գիտելիքի մեջ շատ տխրություն կա», ինչպես որ՝ նաև ասում է․ «Շատ խոսքերում շատ ունայնություն կա»։ Դե ուրեմն, ի՞նչ պիտի աներ ԳԵՐԱԳՈՒՅՆ «ԵՍԸ»՝ իր ԳԵՐԱԳՈՒՅՆ ՏԽՐՈՒԹՅԱՆ մեջ․․․- Այո, Նա պիտի ստեղծեր ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽԱՂԸ, ինչպես որ երեխան է իր ժամանակը փարատում խաղով․․․ Տիեզերական կեցությունը տրվում է ձևի ու ձևերի շարժման, ինչը նորից, օրինակ, «դրդում» է Հ․ Թումանյանին ասելու․ «Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր»։