Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան, Եզրին

Զավեն Բեկյան, Եզրին

 

               Չգիտենք՝ ՎԵՐՋԻՆ  ՊԱՀԻՆ ինչ է կատարվում։ «Կլինիկական տարածները» բոլորն էլ  նույն բանն են նկարագրում՝ «լույս թունելի վերջում» և այլն։ Ժողովրդի մեջ ավելի շատ տարածված է այն կարծիքը, որ ԱՅԴ  ՊԱՀԻՆ մեռնողները մեռյալների անուններ են տալիս- մեռյալ հարազատները և այլ ընկեր-ծանոթներն ասես կանչում են նրանց ԱՅՆՏԵՂԻՑ․․․ Նրանք՝ մեր մեռյալ հարազատները, իմիջիայլոց, մեր երազներում  երևում են այնպես ջահելացա՜ծ, գեղեցկացա՜ծ․․․

      Այդ խորհրդավոր պահին կաթոլիկները խոստովանահայր են կանչում- միայն թեթևացած հոգին կարող է թեթև ու անվտանգ «Քարոնի մակույկով» ԱՅՆԿՈՂՄ անցնել․․․ Մենք, մերոնք միայն մի բանից են զգուշանում- հոգեվարք տանողի մոտ չաղմկել, որպեսզի հոգեդարձ չանել վերջինիս ու էլի տանջալից օրեր չավելացնել մեռնողի օրերին․․․ Թե՞ չշեղել հոգուն ԵՐԱՆԵԼԻ ՄԱՀՎԱՆ ԱՐԱՀԵՏԻՑ․․․

      Այս աշխարհից գնացողը վերջին պահին աշխարհի հետ որոշ ծիսական առնչություններ պիտի ունենա, ինչպես, ասենք, ձեռքերը կրծքին ԽԱՉԵԼԸ- այո, խա՛չ, և ոչ թե՝ ինչ դիրքով որ պատահի․․․ Հին հույները չքնաղ մի ասույթ են ունեցել մարտի գնացող զինվորի հետևից․ «Վահանով կամ վահանի վրա», այսինքն՝ զինվորը կա՛մ կենդանի՝ վահանով պիտի վերադառնար, կա՛մ․․․ վահանի վրա, որ զինվորական պատիվ էր համարվում, ինչպես ներկայիս համազարկերը զինվորի հուղարկավորության ժամանակ։ Վիկինգները անպատվություն են համարել զենքը ձեռքին «հոգին չտալը»։ Ես ավելին եմ «մտածել» վիկինգների համար- միայն զենքը ձեռքին «հոգին տալը»  քիչ է, զինվորը վալգալլա՝ վիկինգյան դրախտ ընկնելու համար մարտի դաշտում նաև հոգեկան խոյանքի պահի՛ն պիտի խփված լինի․

                    ԵՎՍ  ՄԻ  ՊԱՅՄԱՆ

               ՎԱԼԳԱԼԼԱՅԻ  ՀԱՄԱՐ

Եվ պիտի խփվել

խոյանքի պահին,

ինչպես արծիվը

կամ վագրը՝ մահվան

թավուտի խորքում։–

Զի այդ պահի՛ն է

արյունը զընգում՝

լցված տերունի

փառքի աստղերով,

ու մարմնի հետ

և սի՛րտն է պրկված ՝

հանց ձայնալարն Իր ՝

նախքան «Եղիցին»․․․

«Գիսաստղ կյանք» ժողովածու, 2020 թ․