Սկիզբը՝ այստեղ
Դերենիկ Դեմիրճյանի ծաղրանկարներից երկուսը, որ կներկայացնենք այս անգամ, նամակ-գծանկարներ են:
Դեմիրճյանը հաճախ գծանկարներ էր անում իր ստեղծագործությունների, նամակների էջերին: Այդպիսի մի նկար նա արել է 1898 թ. մարտի 15-ին Թիֆլիսից Ավետիք Իսահակյանին գրած նամակում: Սաղարթազուրկ ծառի և լճակի գծապատկերի տակ նա գրել է. «Այվազովսկին եթե սաղ է, կարող է հանգիստ գերեզման մտնել, իսկ եթե գերեզմանում է՝ կարող է հանգիստ շուռ գալ մյուս կողքին»: Հասկանալի է, որ այս դեպքում երգիծանքի թիրախն ինքն էր հենց, որ Այվազովսկու շքեղ ծովանկարների կողքին գիտակցել էր իր նկարած ջրափոսի «խեղճությունը»:
Այս անթվակիր նամակը Դեմիրճյանը Թումանյանին է գրել Սանահինից:
Դեմիրճյանը Սանահին էր մեկնել՝ այնտեղի առողջարանում կազդուրվելու: Եվ ահա ինքն իրեն նկարելով սարերի գլխին՝ բնաձայնական վանկարկումներով դիմում է Թումանյանին՝ տեղեկացնելով, թե ինքը նրա ծննդավայրում է և բարձր սարերի գագաթից իր ողջույնն է հղում Թումանյանին, նրա կնոջը՝ Օլյային, երեխաներին:
Նամակի բովանդակությունը՝ ստորև:
Օհաննե՜ս, ա՜յ տղայ,
(հ) ռա՛ւել տու,
(յ) ռա՛ւել տու
ա՜յ տղայ
ռաւել տու,
հա՜յ, հա՜յ, հա՜յ հ ա՜ա՜ա՜ա՜
ա՜ ա՜ ա՜ ա՜ յ…
(այ քու տունը քանդուի ոչ),
բարև արա Օլիայի՜ն,
երեխեքա՜նց, է՜յ, հէ՜, է՜, էյ՜,
ես էլ ըստի եմ, Սա՛նահին,
Սա՛նահին, Սա՛նահին…
այ հա՜յ, հա՜ա՜յ
ա՜ա՜…յ
(Դերենիկ):
Կարինե Ռաֆայելյան