Սկիզբը` այստեղ
Ծաղրանկարների այս եռյակով ավարտում ենք «Ծաղրանկարիչ Դեմիրճյանը» շարքը: Այս դեպքում գրողին զբաղեցնող թեմաներն են մամուլը և աստվածաշնչյան նյութը:
Այս գծանկարում դասականի երգիծանքն ուղղված է այն օրերի պարբերականներին և դրանց էջերում տպագրվող ու տպագրվել փափագող հեղինակներին:
Նկարի ձախ կողմում երկու հոգու դիմանկար է՝ «Մուրճ», «Մշակ» գրություններով: Դրանցից ներքև մի մարմնեղ զինված մարդ է, հավանաբար՝ «Մուրճի» խմբագիրը, քանի որ նրա սենյակի դռան զանգի կոճակը եզերված է «Մուրճի խմբագիր» գրությամբ: Վերջինիս թիկունքին կարծես գաղտնագրված է «Լեօ»: Փակ դռան առջև շարված են հեղինակները՝ համապատասխան գրություններով՝ «Պոեզի(ա)», «Վեպ», «Հասարակական գիտական», «Տնտեսական», «Մանկավարժություն»: Իսկ նկարի աջ անկյունում մեջքով շրջված մի կերպար է՝ «Հին մուրճ 2500» գրությամբ:
Այս ծաղրանկարում Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքի թիրախը դարձյալ ժամանակի մամուլն է և, իհարկե, նրա ուշադրությանն ամենաշատը արժանացած Լեոն:
Մենք փորձել ենք վերծանել չափազանց մանր տառերով արված նրա գրառումներն այս նկարի վրա, սակայն ոչ բոլոր բառերն են եղել ընթեռնելի: Այդ տեղերում դրված է <…> նշանը: Ահա վերծանված ձեռագիրը:
ՄՇԱԿ
Մեր ինտելիգենցիան ընկած է: Լէօ
ՄԱՄՈՒԼ
Բովանդակութիւն
Պետք է առաջադիմել: Նամակ Երևանից: Մտրակողական ուղղութիւն:
Մեր աղքատիկ գրականութիւնը: Մի պատասխան էր <…> — Լէօ:
Մի անանուն լրագրի դիմակը: Պատասխան պ. Լեօին- <…>:
Պատասխան Հ. <…>.- Լէօ: Բանասիրական: Հ. <…> նամակի առիթով- Լէօ:
Մանրանկար- վրձին:
Մեր ընթերցողներին
«Մշակ»-ը այս տարի ևս մնում է իր հին ուղղությանը հավատարիմ: Այսինքն դարձյալ կլինի մտրակողական և ամենքին ռոզգի կտա. իսկ ով կհանդգնի ծպտուն հանել նրա ….ը կդաղի հրաշեկ կայծակներով: Իսկ ով կհամարձակվի բողոքել դրանից հետո, կհրապարակվի պատերազմական պառոդիան և մեզնից կտրվի «Մանրանկարը»:
Այս ծաղրանկարին դասականը հաղորդել է հոգևոր բովանդակություն. պատկերել է յուրօրինակ կերպար, որն ակնհայտորեն ուխտավորի է հիշեցնում: Նա ոտաբոբիկ է, ձեռքին՝ գառնուկ, ուսից վեր ուղղված սլաքները, կրծքավանդակին, քթին պատկերված շինությունները եկեղեցու գմբեթ հիշեցնող տանիքներ ունեն:
Նկարի մակագրությունը ևս աստվածաշնչյան է՝ «Երգ երգոց»: Եվ սա ասես նկարի վերնագիր լինի:
Թե հատկապես ում և ինչ է նկատի ունեցել այս ծաղրանկարում Դեմիրճյանը, միանշանակ պնդել հնարավոր չէ, սակայն յուրաքանչյուրս կարող ենք զարկ տալ մեր երևակայությանն ու անել մեր սեփական եզարակացությունները: Իսկ հրապարակված գծանկարների շարքը մեզ տալիս է դրա լայն հնարավորությունը:
Կարինե Ռաֆայելյան