Սկիզբը՝ այստեղ
Մաս 3
Իմ տունն Արցախն է, իմ ընտանիքը՝ էս տղերքը
***
Ռեստորանի ոչ ընդարձակ սրահում արագ-արագ իր առջև դրված ափսեն էր դատարկում ուսագլխից մինչև արմունկը վիրակապված զինվորը, որ Ասկերանի զորամասի վարորդն էր: Մի շաբաթ պառկել էր հոսպիտալում, իսկ էդ օրն ինքնագլուխ դուրս էր եկել, հասել Գևորգի ռեստորան ու վճռական հայտարարել, որ ինքը հոսպիտալի կոյկեքին պառկող դեզերտիր չի, մի ձեռքով էլ մեքենան կքշի ու տղերքի հացը կտանի:
-Գէվօրք ամին վէչ շօփէր ա, վէչ էլ սալդաթ, վէր խրամատ հաց տանէ,- ասել էր,- տա իմ գօրծս ա, յէս ըննական ըմ:
Երկու սեղան այն կողմ ճաշում էին Երևանից ժամանած, զինվորական մաս-մաքուր համազգեստներով մի նախարար ու նախարարության երկու աշխատակցուհի: Եկել էին Արցախը փրկելու: Առաջնագիծ մեկնողի պատառոտված համազգեստի կողքին՝ նախարարի ու գլամուր, մշտաժպիտ …ուհիների արդուկված, թարմ համազգեստները աչք էին ցավեցնում: Ապաստարանում, Ստեփանակերտի ռմբակոծված շինությունների առջև արված դրանց սելֆիներից նողկում էին Գևորգն ու խոհանոցում աշխատող կանայք: Իրենք հո լա՞վ գիտեին, թե ինչպես են էս երեքն ու սրանց ցեղատեսակի մյուս կենդանիները փրկում Արցախը:
Գևորգը մոտեցել էր նախարարին, իրեն բնորոշ անմիջականությամբ ասել.
-Պարո՛ն նախարար, էս զինվորը վիրավոր ուսով գնում է առաջնագիծ: Հագի համազգեստը տեսնում եք: Որ խնդրեմ, Ձերը չե՞ք տա իրեն: Ստեփանակերտի փողոցներում քաղաքացիական շորերով էլ կարելի է ման գալ:
-Ը՜,- դժգոհ ծորացրել էր նախարարը,- սա պետական գույք է, ես իրավունք չունեմ ուրիշին տալու:
-Պարոն նախարար, էն երեխու հագինն էլ է պետական գույք, բայց կռվի դաշտում ամեն ինչ էլ պատահում է: Շոր է՝ պատռվում է, թրջվում, մնում ռմբակոծված զորանոցում կամ մարտական դիրքում: Մի էդ տեսակ բան էլ Ձեր համազգեստի հետ կարող էր պատահել: Դե վերջապես, Երևան հասնելուց հետո կարող եք մի նոր համազգեստ գնել Վերնիսաժից ու փոխհատուցել պետությանը պատճառված վնասը: Իսկ էս երեխեն գնում է առաջնագիծ, գուցեև՝ անվերադարձ:
-Լա՛վ: Ճաշեմ-վերջացնեմ, կգնամ հյուրանոց, կհանեմ վրայիցս, կուղարկեմ:
Բավական երկար ձգվեց նախարարի ու զինվորական կտորից կարված կարճափեշ կիսաշրջազգեստներով …ուհիների կերուխումը: Ավարտելուց հետո դուրս եկան ռեստորանից, քայլեցին դեպի հյուրանոց, որ դիմացի մայթին էր:
Վիրավոր տղան անհամբեր հետուառաջ էր անում սրահում: Տասը րոպե, տասնհինգ, քսան…
-Գէվօրք ամի, յէս քէցէ: Տղէքը սօված ըն: Փօրը կօշտ մինիստրէն ու նրա էն ծիծղըմ-ծիծղըմ ընելիս միրհավնէրէն ինձանա պարև կանիս: Առանց պլպլան ֆօրմա էլ հաց կտանիմ իմ ախպօրց հէտէ, թօրքէն մարը թօղ լյաց ինի: Դյարդ չանիս,- ասել էր ու նստել մեքենա:
Նախարարն ու նրա …ուհիները հայտնվեցին ուշ երեկոյան: Ընթիրքի ժամն էր:
-Աղուլըղէ տէռնա տահանց կէրածը: Էն խուխէն թահրը տէսնողը նրա հէտէ ֆօրմա կխնայի՞,- լացակումել էր ռեստորանում աշխատող Անժիկը:
-Հունց էլ տրահանց քթավը կյամ չի, է՜, հինչու օտում՝ մարսում ըն,- փնթփնթացել էր գործընկերուհին՝ Մարիետը:
-Էս անգամ չեմ թողնելու ո՛չ ուտեն, ո՛չ էլ մարսեն: Ես դրանց մերը…,- ատամներն էր կրճտացրել Գևորգը:
Սիլվան՝ երրորդ աշխատողը, պոչը բացած սիրամարգի նման շորորացել էր մայրաքաղաքցիների առաջ, սեղանին շարել եղած-չեղած համադամներն ու բարի ախորժակ մաղթել: Հենց սրանք ձեռքները մեկնել էին ուտելիքին, Գևորգը միացրել էր տագնապի ազդանշանի ձայնագրությունն ու դեմ տվել երաժիշտների բեմահարթակին դրված բարձրախոսին: Սրանք սարսափած վեր էին թռել տեղներից ու փախել ապաստարան:
Մի քառասուն րոպե անց վերադարձել էին, նորից մոտեցել սեղանին: Պատմությունը կրկնվել էր երկրորդ ու երրորդ անգամ: Դրանից հետո պահանջել էին իրենց ուտելիքը փաթեթավորել, որ հետները տանեն ապաստարան: Կիսաքաղց ծերերի ու երեխեքի աչքի առաջ լափել էին սառած ընթիրքն ու միայն առավոտյան եկել նախաճաշելու:
Կեսօրին Գևորգին իր սենյակ էր կանչել նախարարն ու թթված դեմքով ասել.
-Ես ամեն ինչ գիտեմ, բայց ուզում եմ անձամբ քեզնից լսել: Երեկվա տագնապի ազդանշանները ո՞նց կբացատրես:
-Բացատրելու բան չկա. ուղիղ խոսքն էշին կասեն,- արհամարհական նետել էր Գևորգը:
-Էդ ո՞նց ես հետս խոսում: Տեղը չես բերո՞ւմ՝ ով է քո առաջ:
-Դե գնա, քո տիրոջ…,- գոռացել էր Գևորգն ու շրխկացրել դուռը հնդուհավի պես փքված պաշտոնյայի երեսին:
Րոպեներ անց ոստիկանները լցվել էին ռեստորան ու մեղավոր-մեղավոր նայել Գևորգի աչքերին:
Բանտի պահակները եկել-փաթաթվել էին, տարել ամենահարմարավետ բանտախուցը:
-Սա մէր լյուքսն ա, Գէվօրք ամի: Ծերքը շօր մինիստր, դիրէկտր ըն փռնում թա չէ՝ դյաստի էս կամերան պիտի պիրինք,- կատակել էին:
Գևորգը թրմփոցով ընկել էր բանտախցի կոշտ նառին, փակել աչքերը:
«Էս ի՜նչ երանություն է մեջքիդ վրա պառկելն ու ոչինչ չանելը: Թեկուզ էս կոշտ նառի վրա: Դրա համար էլ Գարոն ամբողջ կյանքն էդ գործին է, միտք էլ չունի ուրիշ գործ գտնելու»,- հեգնախառն դառնացել էր ողջ կյանքը հավերժական շարժիչի պես աշխատած վաթսունհինգամյա տղամարդը:
Բանտը նրան հանգսյան տուն էր թվացել, մանավանդ որ բանտ ընկնելու պատճառից հոգին փառավորվում էր:
***
Երբ 1992-ի աշնան մութ ու ցուրտ գիշերը ուղղաթիռն իջել էր մի կիսախարխուլ շինության մոտ, ու Գևորգին ասել էին, որ տեղ են հասել, սիրտը ճմլվել էր: Ի՜նչ կարոտով էր հիշել իր փափուկ անկողինն ու Մարոյի՝ թեկուզ վիրավորանքի, անսեր հոգատարության միջով ամեն երեկո իրեն մեկնվող տաք ճաշի ափսեն: Ինքը դրսում էր շեֆ-պովր ու վետերոկի դիրեկտոր, տանը սովորական տղամարդ էր, որ սպասում էր՝ կինն իր եփած ճաշով կերակրի գործից տուն եկած ամուսնուն:
Ուղղաթիռով եկածները քնել էին էդ շենքի անդուռ-անպատուհան սենյակներում՝ գետնին գցված ներքնակակերպ ինչ-որ բաների վրա: Լույսը չբացված՝ վեր էր կացել, դուրս եկել նամշահոտ շենքից, ու շունչը կտրվել էր իր առջև տարածված բնապատկերի շքեղությունից: Հեռվից՝ լեռների բարձր, սուրսայր գագաթների արանքից կայծկլտում էին արթնացող օրվա լուսաշողերը: Գիշերվա մութը ցրվում-տարրալուծվում էր անտառի շուրջ: Արևի դեմքը իր պայծառությունից քիչ-քիչ բաժին էր հանում Գևորգի առջև փռված ձորին ու անտառին, արևածագն արևմուտքից հսկող լեռան գիրթ ու կարծր ծերպերին: Հոգին կուչ էր եկել էդ վսեմ բնության առաջ, ինքն իր աչքում չնչին մի բան էր թվացել ու ցանկացել էր էդ դրախտային աշխարհի մի հյուլեն դառնալ: Նա կախարդված էր Արցախ աշխարհի պատկերով: Առաջին անգամն էր տեսնում: Սկսել էր մտածել, որ կյանքն իրեն նվեր է մատուցել՝ բերելով էստեղ, ու որ ինքը բնավ էլ դժբախտ ընտանիքից փախած զոհ չէ, եթե հայտնվել է էս հրաշալիքի գրկում: Օրը դեռ լրիվ չբացված՝ սկսվել էր արկերի տարափը:
-Ինձ՝ անփորձ ավանակիս, ուղղակի նետեցին մոտակա փոսն ու հրամայեցին գլուխս դուրս չհանել, մինչև…,- հազար անգամ պատմել է սրան-նրան:
Երբ ամեն բան վերջացել էր, ու Գևորգը վախից կարկամած ուզեցել էր թքել-հեռանալ էդ դժոխքից, նրան մոտեցել էր զինվորական հագուստով մի տղամարդ, բահը տվել ձեռքը:
-Պիտի գերեզման փորվի, երկու զոհ ունենք: Մեջներիս պարապը դու ես,- ասել էր:
Երբ համազարկով ու զուսպ ցավով տղաներին իջեցրել էին փոսը, շիրմաթմբերին խրել նրանց անուններով խաչափայտերը, Գևորգն իրեն աշխարհի ամենափոքրոգի սրիկան էր զգացել: Հասկացել էր, որ նրանց հետ կամ նրանց փոխարեն ապրելուց ու մեռնելուց ավելի կարևոր բան չկա էս փուչ, դաժան աշխարհում: Ինքն էլ չէր իմացել, թե ոնց էր ձեռքն առել էդ վայրի տարածության մեջ տղերքի համար հաց սարքելու գործը: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո դարձել էր Թալիշի զորամասի ճաշարանի պետը: Երբ 2016-ի ապրիլին զորամասը հիմնահատակ կործանվել էր, Գևորգին առաջարկել էին վերադառնալ Երևան:
-Դու քո գործն արել ես, մեծ մարդ ես, գնա քո տուն, միացիր ընտանիքիդ,- ասել էր հրամանատարը:
-Իմ տունն Արցախն է, իմ ընտանիքը՝ էս տղերքը,- պատասխանել էր:
Էդպես էլ հայտնվել էր Ստեփանակերտի զորամասի ճաշարանում: Հետո բացել էր մի փոքրիկ ռեստորան քաղաքի կենտրոնում: 2020-ի պատերազմի առաջին իսկ օրը Ստեփանակերտի զորամասի անձնակազմը մեկնել էր առաջնագիծ: Գևորգը, փաստորեն, անելիք չունենալով այդ տարածքում, փակել էր ճաշարանի դուռը, գնացել իր ռեստորան ու ինքնակամ ստանձնել առաջնագծի մի քանի դիրքի համար հաց սարքելու-ուղարկելու գործը: Հաճախ էստեղ էին ճաշում նաև Երևանից ժամանած կարևոր հյուրերը, քանի որ Գևորգի ռեստորանում ամեն ինչ համեղ էր, ներհարդարանքը՝ ճաշակով, իսկ խաղաղության օրերին նաև հնչում էր հայկական ընտիր երաժշտություն: Եվ ամենակարևոր հմայքը այս ռեստորանի. Գևորգը հմուտ «թարգմանիչ» էր երևաներեն և արցախերեն խոսողների արանքում: Երբ Մոսկվայում կրթություն ստանալուց հետո վերադարձել էր տուն ու խոսքի մեջ գործածել ռուսերեն բառեր, հայրը զայրացել էր, խստագույն պայման դրել՝ խոսել բացառապես գրական հայերենով: Հետո էլ գրադարանավարուհի կինն էր դարձել նրա վերահսկիչ-լեզվագետն ու հետևել, որ Գևորգը չշեղվի հայրական պատգամից: Բայց հայտնվելով Արցախում՝ նա դարձել էր տեղի հյութեղ բարբառի գիտակ ու հաճախ խոսում էր արցախերեն, մեկ-մեկ էլ՝ արեշերեն, ինչպես կոչում էր իրենց թաղամասի խոսվածքը Մարոն:
***
Մի հինգ օր առաջ Ասկերանի զորամաս հաց պիտի տարվեր: Վիրավորված վարորդը դեռ հոսպիտալում էր: Գևորգը բարձել էր ուտելիքը, նստել ղեկին. հո տղերքին քաղցած չէի՞ն թողնելու:
Աշխատող կանայք ախուվախ էին դրել.
-Տու վայէննի չըս, պօվըր մարթ ըս, հունցը՞ս խրամատ հըսնըլյան:
Վրաները գոռացել, միացրել էր շարժիչը:
Աստծու կամքով հասել էր տեղ, տղերքը արագ-արագ դատարկել էին ուտելիքով լի արկղերը: Մոտեցել էր հրամանատարը, հարազատի պես գրկախառնվել էին:
-Զամպալի՜տ:
-Բարև, հրամանատա՛ր:
-Հիմի էլ «Հաց բերո՞ղ» ես դարձել, ա՛յ մարդ:
-Բա ի՞նչ անեի, էն երեխեն դեռ հոսպիտալում է:
-Հետո էլ ասում ես՝ ինձ ինչի՞ եք մեդալներ տալիս, ես զինվոր չեմ, պովր մարդ եմ: Հիմի էս արածդ մարտական սխրանք չի, ի՞նչ ա:
Առաջին կռվից էին ծանոթ: Հետո էլ Թալիշում էին միասին եղել: Հենց էստեղ էլ Գևորգին կպցրել էին Զամպալիտ մականունը:
2016-ի ձմեռն է լինում: Գևորգը կեսգիշերին ճաշարանը փակում, դուրս է գալիս, մեկ էլ մուղամի ձայն է առնում: Ձայնի հետքով գնում, հասնում է զինվորների ննջարան, մտնում ներս ու տեսնում, որ էդ ախմախները մուղամ են լսում: Կատաղում, երգիչ-հեռախոսը պատերով է տալիս ու քշում հրամանատարի սենյակ: Հերթապահ զինվորները թույլ չեն տալիս մտնել, սա գոռգոռում է, թե հենց հիմա պիտի տեսնի հրամանատարին, հարցը հրատապ է: Հրամանատարը ձայներից արթնանում, քնաթաթախ դուրս է գալիս միջանցք:
-Ի՞նչ ես ուզում, Գևորգ: Էս գիշերով ինչի՞ ես քունս հարամում,- հարցնում է:
-Քնել չկա, հայրենիք ենք կորցնում: Դու էստեղ քնած ես, իսկ զինվորներդ մուղամ են զռզռացնում: Հայկական բանակում՝ մուղամ: Հայրենիքն էլ ո՞նց են կորցնում:
Հրամանատարը հաջորդ օրը մոտն է կանչում գաղափարական գծով տեղակալին, մի լավ շշպռում, պահանջում Երևանից համապատասխան մասնագետ ու երաժիշտներ հրավիրել, որ զինվորների համար դասախոսություն կարդան, մեր ազգային երգերը, Կոմիտաս հնչեցնեն, որպեսզի զինվորները ճանաչեն սեփական ազգի երաժշտությունը, մուղամ չլսեն:
-Իմ զամպալիտը սրանից հետո Գևորգն ա, ոչ թե դու,- զայրացած ավարտում է խոսքը հրամանատարը:
Էդ օրվանից էլ Գևորգին զորամասում կոչում են Զամպալիտ ու բերնեբերան տարածում, թե ոնց է նա կանխել հայրենիքին սպառնացող լրջագույն վտանգը: Իսկ նրա ու հրամանատարի հարգալից փոխհարաբերություններն այս դեպքից հետո դառնում են ավելի մտերմիկ ու ընկերական:
Այս պատերազմի ընթացքում առաջին անգամն էին հանդիպում: Չէին հասցրել մի քանի բառ փոխանակել, մեկ էլ մարտական դիրքից վերադարձողների մեջ Գևորգը տեսել էր Հրայրին՝ ավտոմատն ուսին: «Էս արվեստագետ փափկասունն ի՞նչ գործ ունի կռվի դաշտում»,- մտածել էր:
Մինչև որդին կմոտենար, հրամանատարը մի գովք էր կապել.
-Էս տղեն, անունը Հրայր ա, մեր փրկիչն ա: Առաջին օրից հետներս ա ու բոլորիցս լավ ա ջոկում պատերազմի օրենքները: Բայրաքթարները գլխներիս վրայով պտտվում-կորչում են՝ առանց խփելու:
-Էդ ո՞նց:
-Սկզբի մի քանի օրը խումբ-խումբ էին բարձրացել դիրք, ու ԱԹՍ-ն հարվածել-սպանել էր մեր տղերքին: Հրայրը բացատրել էր, որ պետք է տասը մետր հեռավորություն պահեն միմյանցից, որովհետև էդ անտերը խմբված մարդկանց վրա ա գալիս, իսկ երբ մի հոգի ա, չի որսում: Երկու օր էր, որ եկել էր, կապվեց ընկերների հետ, խոսեց: Դրանք՝ իր նման գրագետ, շնորհքով տղերք, պիքապով եկան, լիքը անվադող, ավազի պարկեր բերեցին ու էլ հետ չգնացին, մինչև էսօր կռվում են հետներս ուս ուսի: Հրայրը ցուցումներ տվեց զինվորներին, էդ բերածները շարեցին բունկերի մուտքի դիմած երկու շարքով, ու հիմա ինչքան էլ արկերը պայթում են, ներսում մենք ապահով ենք: Էս պատերազմը ջահելների պատերազմն ա, մենք հին սերունդ ենք, Զամպալիտ: Էս երեխեքը մեզնից լավ են գլուխ հանում նոր զենքերից ու տեխնիկայից: Մենք իրենց մեր իմացածը պիտի սովորեցնենք, բայց ինքներս էլ սովորելու բան ունենք իրենցից:
Հրայրը մոտեցել էր հորը: Մի պահ երկուսն էլ տատանվել էին, հետո գրկախառնվել:
-Էս դուք ճանաչում ե՞ք իրար,- զարմացել էր հրամանատարը:
-Տղաս է,- ինքն իրեն հաղթահարել ու առաջին անգամ արտասանել էր էդ բառը:
Հրայրը կոտրված, ներողամիտ ժպիտը փախցրել էր Գևորգից ու կամաց, միայն նրա համար լսելի ասել.
-Սաթենին չասես, որ էստեղ եմ: Խաբել եմ, թե նկարներիս ցուցահանդեսն է լինելու Գերմանիայում, երկու ամսով մեկնում եմ էնտեղ:
-Զամպալիտ, բա ինչի՞ չէիր ասել, որ տղեդ էստեղ ա: Ա՛յ մարդ, դու ոչ թե պովր ես, այլ ագենտ: Որ վերևներում նստածները քո նման փակբերան լինեին, մենք էս օրը չէինք ընկնի:
Էս բոլորի մասին մտածելու, ծանրութեթև անելու ո՛չ ժամանակ էր ունեցել, ո՛չ էլ կամք Գևորգը: Բայց բանտում ծամոնի պես ձգվող-չվերջացող օրերն ու գիշերները նրան տարել-հասցրել էին իր կյանքի բարդ ու խճճված պատմությունների բավիղները, որոնք մի լավ քչփորելու, հասկանալու, հետևություններ անելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացած:
No Comments