Հրատապ

Լույսի պատկերումների նմուշներ պոեզիայում

Լույսի պատկերումների նմուշներ պոեզիայում

 

  Լույսի պատկերային արծարծումները հայ պոեզիայում հնուց եկող, ավանդական են, ընդ որում՝ այդ պատկերումները շատ դեպքերում ոչ միայն լույսի ֆիզիկական, «բնաիրային» կերպն են նշում, այլև հոգևոր բնույթն են խորհրդանշում։ Քանզի լույսը երկակի բնույթով է գոյում աշխարհում՝ ֆիզիկական լույսը և Հոգևոր լույսը, որ տեսանելի չէ կենսաբանական աչքով և ընկալվում է «հոգևոր աչքով»՝ իբրև աստվածային էությունից բխող թաքնաթաքույց հոգևոր հոսք։

 Լույսի պատկերման առաջին օրինակն առկա է գողթան երգերում, Վահագնի ծննդյան հատվածից․

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչքունքն էին արեգակունք:

   Այստեղ լույսի ուղղակի պատկերը բացակայում է, բայց, անկասկած, սա արշալույսի պատկերումն է, իսկ «զկարմրիկն եղեգնիկը»՝ արեգակն ինքը, այսինքն՝ Վահագնը արեգնածին աստված է, ինչպես հետագա հայ հեթանոսականում  Միհրը՝ լույսի և մաքրության դիցը, կամ, օրինակ, հին հունական առասպելներում՝ Ֆաետոնը, կամ եգիպտականում՝ Աթոնը և այլք։

    Լույսի , արշալույսի մի այլ «անուղղակի» պատկերման օրինակ է Նարեկացու «Վարդավառին» տաղը․

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:

     Ի դեպ, «ծաղիկ ծովային» արտահայտությունը հանդիպում է նաև Սայաթ-Նովայի մի բանաստեղծության մեջ՝ «նովափար ծաղիկ ծովային» շարադրանքով։ Այս պատկերի հիմքում, հավանաբար, լոտոսն է կամ ջրաշուշանը։

  Լույսի պատկերման օրինակ է Շնորհալու հետևյալ եռատողը, որը, սակայն, ավելի շատ ոչ թե լույսի ֆիզիկական, այլ հոգևոր բնույթն է ակնարկում․

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

  Լույսի նրբին մի պատկեր, ահա, Մեծարենցի «Այգերգ» բանաստեղծությունից, որ հոգեհարազատի նմանություն ունի վերը բերված Նարեկացու տաղի պատկերին՝ ծաղկի հենքի վրա «կառուցված» լինելու առումով․

Այգն է ծաղիկ երազով լի ու բալաձիգ` թեթեւօրէն.
Մըշուշն անծալ ջրվէժի պէս ամբարտակէն վար կը հոսի.
Իր չըփոյթին մէջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալոյսի,
Այգն է ծաղիկ երազով լի ու բալաձիգ` թեթեւօրէն:

   Լույսի պատկերման ավանդույթը կա, գոյում է մեր նորագույն պոեզիայի մեջ։ Ահա օրինակներ․

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…

Եվ ո՛չ թե լույս երեկոյի,

Ի մտանել արեգական,

Այլ լույս զվարթ արդար գոյի`

Շաղաոտըն առավոտի…

      Պարույր Սևակ

Լույսը առավ սարին,

Սարսռում է սարը,

Սարերը վեր թռան:

       Համո Սահյան

Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ, 

Որ մեջս լույս է ու էլ ոչինչ․․․

      Վահագն Դավթյան

Շրջում է լույսը գյուղից գյուղ՝

Մաքուր, ինչպես բևեկնայուղ․․․

     Հակոբ Մովսես

Զավեն Բեկյան
Գլխավոր լուսանկարում՝ Մ․ Սարյան, Գազելներ                                            

Նախորդ գրառումը