«Միչիգանից հեռու»․ կյանքը տագնապի ու անորոշության մեջ
Ժամանակակից վավերագրությունը հաճախ էկրանային իրականության մեջ տեղավորում է ոչ թե լոկ փաստագրված իրադարձությունները, այլև մարդկային ներաշխարհի ամենաանտեսանելի ու նրբին տատանումները։ Այն դադարել է լինել պարզապես դիտորդի հայացք. այսօրվա վավերագրողն իր տեսախցիկը դարձնում է շնչող, զգացող մի օրգանիզմ, որը որսում է լռության ձայնը, պատերի տագնապն ու մարդու չխոսված ցավը։
Սա մի տարածք է, որտեղ իրականությունը չի ձևավորվում կանոնակարգված սցենարներով, այլ ինքնաբուխ ծնվում է կադրի երկարության, տեսախցիկի թեթև դողի և այն անկեղծության մեջ, որը հնարավոր չէ հորինել։ Սիլվա Խնկանոսյանի «Միչիգանից հեռու» ֆիլմը հենց այդպիսի մի վավերագրություն է՝ զերծ ավելորդ պաթոսից, բայց լի այնպիսի խոր ապրումակցմամբ, որը սահմաններ չի ճանաչում։ Ըստ ռեժիսորի՝ այս պատմության նպատակը մեր շուրջը կատարվողը վավերագրելն էր։
«Պատերազմի ժամանակ կա մի գիծ, որի մասին քիչ է խոսվում. դրանք այն մարդիկ են, որոնք զենքով չեն կռվում, բայց նույնչափ պատերազմի մեջ են։ Երբ տեսա մի լուսանկար, թե ինչպես են մարդիկ ապրում նկուղներում, հասկացա, որ պիտի ցույց տամ նրանց պատմությունները։ Ֆիլմն ինչ-որ չափով օրագրային տեսք ստացավ։ Ես ուղղակի տեսախցիկով այն մարդն եմ, որը փորձում է ցույց տալ տեսածը՝ առանց պատմությունն արհեստականորեն «հետաքրքրացնելու»։ Երբեմն կադրում լսվում է իմ ձայնը կամ երևում եմ ես. դա չեմ հեռացնում, որովհետև դա ևս մարդկային է ու իրական»,- անկեղծանում է ռեժիսորը։

Սիլվա Խնկանոսյանի համար վավերագրությունը ոչ թե իրականության վերակառուցումն է, այլ դրա մեջ սուզվելը՝ իր բոլոր ցավոտ ու անհանգիստ շերտերով։ Հենց այդ անկեղծությունն է պատճառը, որ էկրանից այն կողմ փոխանցվող տագնապը դառնում է շոշափելի։
«Ֆիլմի առաջացրած անհանգստությունը կանխամտածված չէ. ես հատուկ ոչինչ չեմ արել դրա համար, պարզապես այդպես է եղել։ Նկարահանման ընթացքում ժամանակ առ ժամանակ ինքս էի զգում այդ լարվածությունը և փորձել եմ ֆիլմում ցույց տալ այն, ինչ ապրել եմ այդ պահին։ Իմ էմոցիաներն ու տեսածը անմիջականորեն կապված են հերոսների և սցենարի հետ։ Այդ անհանգստությունը չի ձանձրացնում, որովհետև այն սովորական չէ. դա պատերազմի, ցավի, կորստի և այլ բարդ զգացողությունների միքս է։ Ես չէի կարող հանել այդ շերտը, քանի որ իրականությունն այդպիսին էր»,- ասում է վավերագրող ռեժիսորը։
Պատերազմն այստեղ ներկայացված է ոչ թե ճակատային գծի բախումներով, այլ թիկունքի՝ նկուղներում ապրող մարդկանց պայքարով։ Ֆիլմը որսում է այն կյանքը, որը շարունակվում է ռումբերի ձայնի տակ՝ վավերագրելով կորստի, սպասման և անորոշության ամենածանր րոպեները։ Տեսախցիկը հետևում է այրվող տների ծխին, մարդկանց հայացքներին և այն «սովորական» առօրյային, որտեղ ողբերգությունը դարձել է կենցաղ։

Կինոյում շարժվող տեսախցիկը պարզապես տեխնիկական հնարք չէ, այլ ֆիլմի շունչն է։ Այն ջնջում է էկրանի և իրականության միջև եղած սահմանը՝ հանդիսատեսին ներքաշելով գործողության հորձանուտի մեջ։ Այս մոտեցմամբ էլ Սիլվա Խնկանոսյանն է առաջնորդվել։
«Շարժվող տեսախցիկն ինձ համար էֆեկտ ստանալու միջոց չէ։ Ես միշտ խուսափել եմ ստատիկ կադրերից, քանի որ զբաղվում եմ վավերագրությամբ և չեմ ուզում միջամտել տեսարանին կամ դասավորել կադրն իմ ուզածով։ Երբ նկարում ես ձեռքից, այդտեղ շունչ կա, մարդու բնական շարժումը։ Նկարահանումների ժամանակ միշտ տանում եմ եռոտանի, բայց նախապես գիտեմ, որ չեմ օգտագործելու։ Թերևս միայն երկար հարցազրույցների ժամանակ եմ կիրառում՝ զուտ ֆիզիկական հոգնածությունից խուսափելու համար։ Անգամ ստատիկ կադրը փորձում եմ ձեռքից նկարել. այդ թեթև դողը պատկերն ինձ համար ավելի իրական ու կենդանի է դարձնում»,- նշում է ռեժիսորը։
«Միչիգանից հեռու» ֆիլմում հաճախ ենք հանդիպում երկար կադրերի։ Ընդհանրապես երկար կադրը ռեժիսորական ամենաբարդ և ինքնատիպ գործիքներից մեկն է։ Ըստ կինոքննադատ Անդրե Բազենի՝ երկար կադրը պահպանում է իրականության «օնտոլոգիական ամբողջականությունը»։ Այն թույլ է տալիս հանդիսատեսին ինքնուրույն ընտրել, թե կադրի ո՛ր անկյունին նայել։ Այստեղ ռեժիսորը չի պարտադրում իր կամքը կտրուկ մոնտաժային անցումներով։
«Իմ տարերքը երկար կադրերով իրավիճակի մթնոլորտին հետևելն է։ Ես նախապես չեմ որոշում կադրի տևողությունը. դա կախված է նրանից, թե ինչ ենք տեսնում կամ ինչ ձայներ ենք լսում տվյալ պահին։ Ես սիրում եմ «չոր», առանց միջամտության վավերագրությունը։ Եթե տեսարանը տևել է հինգ րոպե, և այդ ընթացքում է տեղի ունեցել կարևորը, ես չեմ կտրում այն։ Նպատակս մոնտաժից խուսափելը չէ, այլ իրավիճակը, ձայներն ու շարժն ամբողջությամբ հանդիսատեսին փոխանցելը»,-մանրամասնում է Սիլվա Խնկանոսյանը։
Վովա Արզումանյան






