Մեկնարկում է 23-րդ «Ոսկե ծիրանը»
Հուլիսի 12-19-ը Երևանը կշնչի կինոռիթմով. մեր քաղաքը դարձյալ կվերածվի համաշխարհային կինոմայրաքաղաքի՝ իր տասնամյակների ավանդական հմայքների և նորօրյա հովերի ստեղծագործ համադրությամբ կայացնելով «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 23-րդ շրջապտույտը:
Փառատոնի օրերին կցուցադրվեն իրենց հաղթարշավը Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոնների շրջանակներում կատարած ֆիլմեր, ինչպես և այդ հաղթարշավին բաղձանքով և հույսով հետևող բազմաթիվ ռեժիսորների կինոստեղծագործություներ, որոնք ընդգրկված են «Ոսկե ծիրան» 23-ի մրցութային և արտամրցութային ծրագրերում:
Մրցութային ծրագրում ցուցադրվելու է 90 ֆիլմ 40 երկրից, որոնք ընտրել է մասնագիտական ժյուրին՝ հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին և չափանիշներին։ Հենց այսօրինակ աշխատաոճի, երկու տասնամյակից ավելի շարունակվող բարձր պատասխանատվության արդյունքն է այն, որ մեր սիրելի կինոտոնը արժանացել է համաշխարհային գնահատանքի. Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոների շարքին է դասել «Ոսկե ծիրանը»։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը 23-րդ «Ոսկեծ ծիրանի» նախաշեմին հրավիրված առաջին մամլո ասուլիսում փաստեց, որ փառատոնը դիմացել է ժամանակի փորձություններին։ «Երբ մեկնարկում էինք փառատոնը, շատերը հարցնում էին, թե ինչի համար է այն, նշում էին, որ կինո չունենք։ Մենք պատասխանում էինք, որ փառատոն ենք անում, որպեսզի կինո ունենանք։ Այսօր կինոն բավականին լուրջ աճ ունի, բազմաթիվ կին ռեժիսորներ են հայտնվել դաշտում, որոնք նկարահանում են դոկումենտալ, անիմացիոն, խաղարկային ֆիլմեր: Երիտասարդներ կան, որոնց դեբյուտային ֆիլմերի համար նախարարությունը ֆինանսներ է տրամադրում։ Կարծում եմ՝ դա լուրջ ուշադրություն է կինոյի հանդեպ»:
-Կինոփառատոնի արդյունքում ձևավորված ռեժիսորների դպրոցի կողքին ձևավորվել է նաև հանդիսատեսի ինստիտուտը: Ձեզ գոհացնո՞ւմ է հայ հանդիսատեսի կինոճաշակը.- հարցրինք պարոն Խաչատրյանին:
-Ոչ, ինձ չի բավարարում հայ հանդիսատեսի ճաշակը,- ասաց «Ոսկե ծիանի» հիմնադիրը:- Անընդհատ ռաբիս երաժշտությունից են բողոքում: Բայց եթե կա ռաբիս երաժշտություն, կա նաև ռաբիս կինո: Այսօր դա է պահանջված: Դա նաև մեր հեռուստատեսային ծրագրերի արդյունքն է: Այդպիսի ֆիլմերը գրավում են հանդիսատեսին, բերում ֆինանս, բայց նաև ճաշակ են փչացնում: Դե, դրանց դեմ պայքարելու ուրիշ ձև չկա: Այդ պատճառով էլ մենք աշխատում ենք հնարավորինս շատ որակյալ ֆիմեր բերել-ցուցադրել և համոզել, որ պետք է վերադառնալ դեպի լավագույն արվեստը: Պիտի ասեմ, որ հայկական ֆիլմերը վերջին տարիներին շատացել են, բայց քչացել են լավ ֆիլմերը:
«Ոսկե ծիրանի» տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը խոսեց այն մասին, որ Հայաստանը 2027-ին կդառնա Կաննի կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ նպաստելով հայկական կինոյի միջազգայնացմանն ու երիտասարդ կինոգործիչների առաջխաղացմանը։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։
«Ոսկե ծիրանի» ֆիլմերի ցուցադրությունները կսկսվեն հուլիսի 12-ից, սակայն բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 13-ին: Սա պայմանավորված է Հայաստանում Վարդավառի տոնակատարության բուռն, երբեմն՝ անհարմար դրսևորումներով, որոնց բախվելու անպատեհությունն ունեցել ենք հնաբնակ ոսկեծիրանցիներս և անգամ մեր նախորդ տարիների պատվարժան հյուրերը։ Թեև, ճշմարտության դեմ չմեղանչելու համար խոստովանեմ, որ վերջիններս տեղացիներից առավել հանդուրժող էին և հետաքրքրված Վարդավառի մեր ազգային ծեսով:
Ինչպես միշտ, բծախնդիր ընտրություն է կատարվել փառատոնի բացման և փակման օրերի ֆիլմերի հարցում: Բացմանը կցուցադրվի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը, որով մեկնարկել է նաև Լոկառնոյի կինոփառատոնը։ Կարեն Ավետիսյանը նշեց, որ այս ֆիլմն ստեղծվել է համաշխարհային կինոդեմքերի մասնակցությամբ, ասաց, որ ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացիկ ծրագրում, որը հնարավորություն կընձեռի ներգրավելու հանդիսատեսի լայն շրջանակ:
Փակումը կկայանա «Ոսկե ծիրանի» այս տարվա նշանավոր հյուրերից մեկի՝ «Օսկարի» և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Պավել Պավլիկովսկու «Fatherland» ֆիլմի ցուցադրությամբ, որ հայարեն թարգմանվել է «Ժուկով-ժամանակին»: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում: Այն համարվել է լավագույն ռեժիսորական աշխատանք։ Պավլիկովսկին նաև կվարի վարպետության դաս։
«Ոսկե ծիրանի» միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը երևանյան պրեմիերաների շարքում առանձնացրեց Քրիստիան Մունջիոյի «Ֆյորդ» քաղաքական դրաման, որը Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է։ Նա յուրահատուկ համարեց նաև Կաննում ցուցադրված «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որում Շառլ դը Գոլին մարմնավորում է Սիմոն Աբգարյանը։ Սիմոն Աբգարյանը ներկա կլինի երևանյան պրեմիերային։ Փառատոնային օրերին կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն պատվավոր հյուրերն ու ժյուրիի անդամները:
Փառատոնի շրջանակներում հյուրընկալվելու է նաև ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը, որը Երևանում կներկայացնի «Օսկարի» արժանացած «Մեղսավորները» ֆիլմը:
Համաշխարհային կինոասպարեզում ճանաչման արժանացած մեր հայրենակիցների վաստակին անդրադառնալով՝ Կարեն Ավետիսյանը նկատեց, որ Սիմոն Աբգարյանի անձը կարևորվում է ոչ միայն նրա հայկական ազգանվամբ, եվրոպական, համաշխարհային ասպարեզում ունեցած նվաճումներով, այլև նրանով, որ նա մշտապես պահել է կապը Հայաստանի հետ: Դրա ապացույցներից է Համազգային թատրոնում վերջերս նրա բեմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն: Եվ այն, որ «Դը Գոլի մարտը» ֆիլմում ֆրանսիացիների համար սրբազան կերպար համարվող Շառլ դը Գոլին մարմնարվորել է ոչ այլ ոք, քան Սիմոն Աբգարյանը, արդեն խոսում է նրա անսահման մեծ դերասանական տաղանդի մասին: Մեծ նախանձախնդրության թեմա է եղել, թե ով պիտի խաղա այդ կերպարը, և խաղացել է Սիմոն Աբգարյանը:
Սփյուռքահայ արվեստագետների պարագան փառատոնի կազմակերպիչները միշտ են կարևորել: Այս իմաստով նաև Սև Օհանյանի ներկայությունն է նշանալալի 23-րդ «Ոսկե ծիրանում»: «Եվ պետք է հասկանալ, որ նրանք ոչ թե որպես էմիգրանտներ են ընկալվում իրենց ապրած երկրներում, այլ հենց տաղանդավոր կինոգործիչներ, որոնք մեծ հաջությունների են հասել»,- նշեց Կ. Ավետիսյանը:
«Ոսկե ծիրանի» անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ տարիներ շարունակ իր արտասահմանցի ընկերները Հայաստան ժամանելիս իրենց այցերը պայմանավորում են «Ոսկե ծիրանի» ժամանակցույցով՝ նախընտրելով երևանում լինել հենց այդ շրջանում:
Մեր կինոսերներին հաճելի անակնկալ է սպասում նաև փառատոնային ֆիլմերի ցուցադրության նոր հարթակի առումով. 23-րդ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն Երևանի կինոյի տանը և «Մոսկվա» կինոթատրոնում, այլև ավագ սերնդի երևանցիների սիրելի «Նաիրի» կինոթատրոնում։ Կարեն Ավետիսյանի հավաստիացմամբ՝ սա միակ լավ նորությունը չէ կինոհանդիսատեսի համար. հավանականությունը մեծ է, որ հաջորդ «Ոսկե ծիրանի» օրերին տոնին կմիանա նաև «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը:
Հաշված օրեր անց մեր քաղաքը կդառնա ոսկեծիրանավառ, կշնչի կինոյով, կթևածի տոնական ելևէջներում, կլինի մեծ աշխարհի մեր անկյունում հանգրվանած շքեղ կինոհեքիաթի ճոճքում:
Կարինե Ռաֆայելյան






