ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան․ Երևի պատմվածք

Դավիթ Սամվելյան․ Երևի պատմվածք

Սա կարող էր լինել պատմություն երևանյան անտանելի շոգի և այն մասին, թե ինչպես էր արտահանման արգելքի տակ հայտնված ծիրանների չափի կարկուտը համատարած ավեր սփռել գյուղերում, իսկ կայծակը երկու կես արել մայրուղու կամուրջը, բայց…

2026 թվականի ամառային մի օր Գազելը… 

Այստեղ պատմությունը նույնիսկ կարող էր ավարտվել` դասվելով կարճ, մեկնախադասություն պատմվածքների շարքին՝ նախանձելով Հեմինգուեյին ու նրա ծովին, որն անտեսանելի է հայոց լեռներից, և որոնց վրա անգլիական նավերի փոխարեն էկոտուրիզմով զբաղվող զբոսաշրջիկներն են միայն բարձրանում ու հարթավայրերից հոգնած հայերը։ 

Սակայն կամ բայց անպատուհան Գազելը` նման ակվարիումի, մեկնման իր ժամին էր սպասում քաղաքական անհասկանալի իրավիճակում հայտնված Գրենլանդիայի ափերի մոտ լողացող սառցադաշտերի պես անմարդ Հյուսիսային ավտոկայանում` չիմանալով, որ Սպայդերմենը օրեր առաջ մտել էր ԿԸՀ…

***

Ներիր, հայրենիք, որ հոգնել եմ քո լեռների ու վանքերի գովերգումներից, քեզ ձոնվող տողերը, որ մնում են լոկ տողեր, լսելուց։ Հուսով եմ` ըմբռնումով կմոտենաս, որ հեռվից չեմ լացում քո մասին ու սիրում քեզ, հակառակը` շատ մոտ եմ նստում ու նեղանում քեզնից, ու բողոքում քեզ։

Ներիր, որ այժմ պատմում եմ մի անեկդոտ` անձրևոտ օրերիդ մասին` այն լեռներում, որոնցից անդին՝ ընդամենը մի թունել հետո, սկսվում են լերկ լանջերով շրջապատված արոտավայրերը։ Որովհետև քարերն էլ են քոնը, արածող անասուններն էլ, ձկնագողերն էլ, կաշառք տվողն էլ, վերցնողն էլ, գիրք կարդացողներն էլ, չկարդացողներն էլ, նույնիսկ որպես զեբր ներկված զոլավոր էշը, որ իբր փախել էր գազանանոցից։ Ուզես-չուզես` քոնն են։ 

Եվ ահա, լինում է չի լինում, այսինքն` լինում են չեն լինում մի մեծ ամպ ու ամպիկ են լինում, որ ամեն Աստծու և ոչ Աստծու օր վերածնվում են հեռու-հեռավոր հյուսիսային ծովում ու սկսում իրենց ճամփորդությունը լեռներով ու ձորերով։ Ու մի անգամ երկար ճամփից հոգնատանջ ամպիկը, որ ծեր մոր հետևից սահում-գնում է հարավ, այլևս չի կարողանում զսպել իրեն ու որոտում է.

-Մայրի՛կ, չիշիկ ունեմ։ 

Եվ մայրը, խեթ-խեթ նայելով ամպիկին, սաստող հայացքը դարձնում է նրան ու մեղմ, փայլատակող ժպիտով ասում.

-Քիչ մնաց, բալես, զսպիր քեզ։ Հեսա հասնում ենք Դիլիջան…

Իհարկե, անեկդոտը երբեք ու ոչ մի դեպքում նման տեքստով չեն գրում, առավել ևս պատմում, բայց մեր Գազելը նույնպես հասավ Դիլիջան, որտեղ հրաժեշտ տվեցինք Գյուլբենկյանի` ԵՐԵՎԻ իրական ծոռին, ու մի անգամ էլ համոզվեցի, որ ամեն բան ոչ միայն հարաբերական է տիեզերքում` ըստ Այնշտայնի և Հուսիկ Արայի, այլև ամեն ինչ հարաբերություն է` ներառյալ այն սերը, որ ունեմ քո հանդեպ, հայրենիք ջան…

Երևի… Այդ բառով մենք մեզ սխալվելու կամ հիասթափվելուց խուսափելու հնարավորություն ենք տալիս ու չբացառում, որ մեզ փորձել են խաբել։

Բա՜, հայրենիք, դու, որ ընդերքիցդ միայն հանքային ջուր ես բխեցնում, արգանդիցդ միայն ծանր մետաղներ են քերում` բառիս ուղիղ և անուղղակի իմաստով, պարզվում է` ունես նավթային մագնատի ծոռ, որի Ռենջ Ռովերը լռվում է Ավանի «մոստի» տակ, ու ստիպված Գազելով է նա, չգիտես ինչու, վերադառնում հայրենի դարձած Դիլիջան` թիկունքում թողնելով Օմանն ու Ղազախստանում ցեմենտի գործարանը։

Իսկ Մանթաշյանցն ու Արամյանցը մի թարս սիլլա կտային նրան, երբ լսեին, թե ոնց է նա ուղևորներին լսելի ձայնով, ասես որպես արդարացում, հիշատակում իր երեք Գելենթվագենները, որոնց վրա փակցրել է տոհմական «Պարոն 5%»-ը, բայց կայանել ավտոտնակում։

Սակայն սա պատմություն չէ Մանթաշյանցի կամ Արամյանցի մասին. և ինչո՞ւ լինի, եթե նրանց մասին գրված գրքերը նույնիսկ չեն ընթերցվում, էլ ո՜ւր մնաց պատմվածքները, բայց մեր Գյուլբենկյանի ծոռը на последок բացեց Թիֆլիսի շուկայից գնած պապական պորտֆելը, հանեց անկազմ նոթատետրն ու մեծ-մեծ տառերով գրեց` Овик, Давид- писатели… և հեռախոսահամարները` խոստանալով նյութեր ուղարկել` իր պապի մասին գիրք գրելու համար` չիմանալով, որ նրա մասին ամեն ինչ ասված ու գրված է վաղուց…

…Եվս մեկ անգամ հիշեցնելով, որ շեյխի ուղարկած միլիոն դոլար փոխանցումը ամիսուկես է` ստուգվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, և կիսաձայն ասելով՝ «մալադեց Գազելի շոֆեռին, որ համաձայնեց անվճար տեղափոխել», ձեռքը մեկնեց և ավարտեց մեկժամանոց ինքնագովեստը։

«Վոթըֆաք»,- ոչ հայեցի մտածեցի ես ու հրաժեշտ տվեցի և՛ նրան, և՛ ստում կորած պատմությանն ու անհյուրընկալ Գազելին մեր…

***

Երկարուձիգ, անլուսացույց քաղաքում գրեթե ոչինչ չի փոխվել վերջին այցիցս հետո, ավելացել են միայն առևտրի ու սննդի կետերը։ Եվ, իհարկե, գները։ 

Քաղաքի հենց կենտրոնում՝ օղակաձև ճանապարհի մոտ` կանգառում, բայց լքված, նկատում ենք մի դուռ` «Գրախանութ» գրությամբ, իսկ տակը հավելագրված` «Գրքերի հրաշալի ընտրանի… ինչպես նոր, այնպես էլ օգտագործված»…

Իհարկե, լավ է, որ գրքերն օգտագործում են, այն էլ ըստ կիրառման նշանակության, ու չեն փոշոտվում դարակներում, բայց և մի տեսակ ցավ ես ապրում, երբ նույն որակումն են կիրառում, ինչ լվացքի մեքենայի կամ ասենք` արգելակման կոճղակների համար։

— Կարդո՞ւմ են էս քաղաքում:

-Այո, իհարկե,- կտրուկ արձագանքում է ժամանակակից ու տարբերվող արտաքինով խանութպան-խորհրդատուն։

-Իսկ գնո՞ւմ են։

-Այո, գալիս-գնում են: Բայց ոչ շատ։

-Իսկ գրքե՞ր,- հասկանալով գրավաճառի հումորը` ճշգրտում եմ հարցը` մինչև այդ հայացք նետելով գրադարակներում հանգրվանած ոչ այնքան պոպուլյար գրականության վրա։

-Դե՜…- ու մի պահ դադար,- սովորեցնելու վրա է, բայց գրքեր կան` էնքան հարցրեցին, որ ստիպված գնացի, գնեցի ու բերեցի։ Բայց ես դրանց սիրահարը չեմ։

-Իսկ ժամանակակից գրականությո՞ւն,- ասես լրագրողական հետաքննություն` հնչում է մեր հաջորդ հարցը։

-Էնքան էլ չէ։ Այ սրանք են ինձ մոտ ժամանակակիցները։ Բայց դե ով է կարդում հիմա ժամանակակից հայ գրողներին,- ու թվարկում է մի քանի հեղինակների անուններ, որոնք առկա էին, որոնց գրքերը նույնիսկ երևանյան գրախանութներում են դժվար վաճառվում։

Զգալով, որ նրա համար պարզապես հերթական «գիրք չառնող» երևանցիներն ենք, հաջողություն ենք մաղթում որպես հոբբի դիտարկվող գործին ու հրաժեշտ տալիս քաղաքի միակ գրավաճառին, որի չորսքառակուսիմետրանոց գրախանութի բուդդիստական աուրան ու հնչող ճաշակով երաժշտությունը օազիսային տպավորություն գործեցին սուպերմարկետային եռուզեռով ու երթևեկով հագեցած կենտրոնում։

***

Հանդիպման ժամը մոտենում է։ Դեռ ոչ ոք, ոչ մի հյուր չկա, միայն երաժշտություն է հնչում, ավելի ճիշտ` ոռնում հարակից հյուրատնից ու անտառների միջով տարածվում մինչև մայրուղի` ճանապարհին անցնելով քաղաքի աղմուկից հոգնած մեր ականջներով։

Ոտքի  վրա ենք` ոչ այն է սպասումից, ոչ այն է` չդադարող, կաղկանձ հիշեցնող երաժշտությունից։ Հայացք ենք նետում բացօթյա սրահից քիչ այն կողմ նախապատրաստ խարույկին ու հասկանում, որ ստիպված ենք այն փոխարինել բուխարիով։

«One, two, tree, four, un, deux, trois, quatre… իմ յարի բոյը չինար է…»,- հնչում է ոչ միայն ժամանակակից, այլև առհասարակ գրականության հետ ոչ մի կապ չունեցող երաժշտությունը, որին զուգահեռ սկսում են ժամանել հանդիպման մասնակիցները։

Մեկ, երկու, երեք… տասից տասներկու հոգի են ներկա լուսավոր սրահում։ Կանայք են ու աղջիկներ, և մեկ տղա, որ նստած է վերջին շարքում։

Ոչ ոք չի ճանաչում մեզ, ոչ մեկը չի կարդացել մեր հեղինակած գրքերը, ինչպես գրախանութատեր խորհրդատու վաճառողը և Գյուլբենկյանի ծոռը։ 

Писатели, որոնց հրավիրել են Դիլիջան, և որոնք ստիպված են խոսել գրքի ու ընթերցանության կարևորության մասին, և ոչ թե իրենց գրքերի, որոնց մասին «ստատուսներ» են գրում համացանցում։ Եվ կարդում են ստատուսներ, քանզի «ժամանակ չունենալը» ամենապարկեշտ արդարացումն է գիրք չկարդալու համար։

Գրեթե երկու ժամ խոսում ենք, ու չորացած կոկորդը խոնավեցնում է Սան Ֆրանցիսկոյից հետո աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ջուրը։ Բայց դե սիրտդ ոչ թե ջուր, այլ գարեջուր է ուզում. գարեջրով հայրենիքի կենացը չեն խմում, առավել ևս սահմանազատվող հայրենիքի…

Հանդիպումը մոտենում էր ավարտին, այսինքն` զգում ենք, որ պետք է ավարտել։

-Հարցեր ունե՞ք։

Լռություն է տիրում, գիրք կարդալու համար իսկական լռություն։

Ժամանակին մի դասախոս ունեի, որն իր յոթանասուն րոպեանոց դասախոսություններից հետո նույն հարցն էր տալիս, և նույն լռությունն էր տիրում։

Կամ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, կամ ոչինչ պարզ չէր…

Կյանքի պես, էլի, Овик ջան…

***

Կեսգիշերանում է։ Պետք է քնել։ Բայց քնելը գեղեցիկ ավարտ չէ օրվա. միայն տաղտուկ օրինաչափություն է, հատկապես եթե քո տանը կամ անկողնում չես։ 

Հյուրատան բարից քայլում եմ դեպի սենյակ։ Բայց որոշելուց երեք ժամ հետո, «Վալոդ 70» կոկտեյլը խմելուց հետո։ Վալոդն ու կոկտեյլը մի տեսակ չեն խոսում իրար հետ, բայց ո՛չ գարեջուր կա, ո՛չ էլ օղի եմ ուզում խմել։ 

«Օղորմի Վալոդին, բայց քիչ չի ապրել»,-մտածում եմ գիշերվա կեսին ու 43-իցս մեկ ամիս առաջ և իրար հետևից դատարկում անծանոթ անուններով կոկտեյլները։ Վալո՛դ, դու ո՞ղջ ես, քո արածը քո դուրն եկե՞լ է, 70° թնդության կոկտեյլից հետո մի կերպ եմ ոտքի վրա մնում…

Քարշ եմ գալիս սենյակ ու փարվում անկողնուն, ասես լքված պոռնիկ, որը դատարկ սենյակում հոգու անսփոփ, լուռ ցավերից սեղմում է սավանը ափերով իր մաշված` անիծելով կյանքը անմեկնելի, ու գամվում անկողնուն` վաճառվելով կյանքը շահածներին։ 

Ու մենակ եմ մնում խորթ պատերի ներսում ու անքեզ կաղկանձում…

Իսկ անձրևը` պաղ, լուռ մաղում է պատուհանին և փորձում է մաքրացողել թախիծը իմ, ու ցավը օրորել սրտիս։ Եվ այս դատարկ մենության մեջ ցուրտ անձրևը պատկերներ է շաղում հարթ ապակուն, սիլուետներ` թաց ու անմեկնելի, որոնց դանդաղ հոսքում հազիվ նկատելի` հայացքդ եմ որսում գոլորշու միջոցով։

Եվ գիշերում թափառող մտքերս ու հայացքս` լուսնի հարթ ափսեին, որ երեսն է ծածկում ծվեն-ծվեն սահող ամպի կտորներով, հեռուներն են սահում դեպի, քեզ են տենչում նորից ու անունդ գոռում հանց մենավոր մի պոր, որ թռչում է երկինք… ու նավարկում երկնքի ջրերում, ասես Շագալի կտավի մենավոր սիրահար, քաղաքի վրայով։ Իսկ ես լուռ ճախրում եմ՝ սելենի փեշից կախ, այս օտար սենյակի առաստաղի միջով։ Երազները դեպի…

Վալո՛դ, բա արածդ դուրդ եկա՞վ…

Մայր ամպն ու ամպիկը կարծես անցան երկնքով․ ամպիկը կարծես անհանգիստ էր։ Իսկ օրը դեռ չավարտված արդեն սկսվեց։

Քիչ հետո պիտի մեկնել։ Քիչ հետո պետք է այս պատմությունն ավարտել ու հասկանալ, թե Վալոդն ում էր բերել մտքիս այդքան բանաստեղծորեն ու այդքան արբած։

***

Կենտրոնական ավտոկայանում սպասում ենք երթուղայինի մեկնման ժամին ու սուրճին, որի հետ պիտի ծխել։

Գիտեմ` ծխելը վնաս է, թեկուզ սուրճի հետ, բայց ստելն ավելի շատ է վնասում թե՛ մեզ, թե՛ շրջապատին․ հայացքով փնտրում եմ Գյուլբենկյանի ծոռանն ու նրա «բազմաթիվ» մեքենաներից մեկը։

Մոտակա կրպակից թերթ եմ գնում։ Երեք օր առաջվա։

Դեռ կարդում են թերթ։ Երբեմն։ Թեկուզ երեք օր առաջվա։ Բայց սուրճը պիտի թարմ լինի ու դառը, կյանքի պես, Овик ջան, որի համն ու հոտը պիտի մարդիկ լինեն. կյանքը չի ստում, այլ մարդիկ, ամեն օր, նույնիսկ 5%-ով, թեկուզ…

Գազելը շուտով կշարժվի դեպի Երևան, ինչը տրամաբանական է` հաշվի առնելով ամեն օր քաղաք մուտք գործող հարյուրավոր կիսախարխուլ մեքենաների հոսքը։ 

Երևան… Մտածում եմ դրա նեղ, աղմկոտ փողոցների մասին, որոնցում շուտով կկորչեմ, նորից կտարրալուծվեմ այնպես, ասես նետվելիս լինեմ մարդկանցով ալեկոծվող ասֆալտի ծովի մեջ։ Եվ կխեղդվեմ նրանց մեջ, կլինեմ լռակյաց, ջանք կգործադրեմ՝ ժպտալու և անելու այն հազարավոր հոգնեցնող ու կրկնվող բաները, որոնցով լցվում է քաղաքում ապրողի կյանքը, և որում ապրում ես փնտրտուքով` նոր հետաքրքրությունների և զբաղմունքների, որոնց ուզում ես նվիրվել, տարվել, բայց, այնուամենայնիվ, չի հաջողվում…

***

Այս ամենի փոխարեն կարող էր լինել մի պատմություն այն մասին, թե ինչպես են Եվրոպայում 41° շոգից առնվազն 2000 հոգի մահացել, կամ հայկական վարդերը արտահանվել Նիդերլանդներ․․․ և այստեղ պատմությունը կրկին կավարտվեր ու կդասվեր ֆանտաստիկ պատմվածքների շարքում, որին կնախանձեի նույնիսկ ես, բայց Գազելից հետո երևանյան հովացվող ավտոբուսներում հսկիչի և ուղևոր կանանց վեճը կրկին հիշեցրեց իր մեկ միլիոն փոխանցմանը սպասող Գյուլբենկյանի ծոռան մասին․ բախտը բերել է, թե չէ կտուգանվեր, ու մի «մալադեցով» չէր փրկվի, նույնիսկ մի շիշ «Վալոդ 70»-ը չէր փրկի։

Բայց, Վալո՛դ, ո՞ւմ էիր բերել մտքիս այդքան բանաստեղծորեն ու այդքան արբած․․․ մուսա չէր, հաստա՛տ։

Դիլիջան-Երևան
2026