«Ֆորմլաբ» ընկերության նախաձեռնած «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերը այցելեցին Դիլիջան՝ բացահայտելու քաղաքի մշակութային ինքնությունն ու ստեղծագործական ոգին։
Շրջայցի ընթացքում հյուրերն այցելեցին պատմական Շարամբեյան փողոց, Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ, ինչպես նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որտեղ ծանոթացան Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրությանը։
«Քաղաքի արվեստի կոդ» ծրագիրը նպատակ ունի վերարժևորել Դիլիջանի մշակութային ինքնությունը, բացահայտել քաղաքի ստեղծագործական ներուժը և արվեստի միջոցով ձևավորել հիշողության, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման նոր հարթակներ։ Դիլիջանում իրականացված այս նախաձեռնությունը դարձավ ծրագրի կարևոր փուլերից մեկը՝ մեկտեղելով միջազգային կինոհամայնքը, հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը։ Այն նաև հիմք ստեղծեց նոր համագործակցությունների և մշակութային երկխոսության զարգացման համար։

Միջոցառմանը մասնակցում էին կինոյի և մշակույթի ոլորտի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ։ Պատվավոր հյուրերի թվում էին աշխարհահռչակ ֆրանսիացի կինոօպերատոր Բրյունո Դելբոնելը՝ «Ամելի» ֆիլմի օպերատորը, եվրոպական կինոյի ճանաչված պրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին, միջազգային կինոարտադրող Դանիել Շվարցը, ինչպես նաև միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներ Յասմին Չանը, Ջուստ Բրուրենը, Էմիլ Փարսեղյանը, Ամիր Զարգարանը և այլ հյուրեր, որոնք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում այցելել էին Հայաստան։
Մշակութային այցը հյուրերին հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու Դիլիջանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, այլև անմիջականորեն զգալու քաղաքի ստեղծագործական միջավայրը, որտեղ ներդաշնակորեն միահյուսվում են բնությունը, պատմությունը և ժամանակակից արվեստը։
«Քաղաքի արվեստի կոդ» ծրագրին միացել են նաև քաղաքի կրթական և մշակութային մի շարք հաստատություններ ու գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը, ինչպես նաև հյուրընկալող գործընկերներ՝ «Վարդո գրուպ» ՍՊԸ-ն («Թավա» և «Կճուճ» ռեստորաններ), «Դիլիջանի տունը» և «Չեմի Ապիցիուս Արմենիա» ուսանողական սրճարանը։
Ardi.am






