Սիմոն Աբգարյան. էկրանից այսկողմ
Համաշխարհային կինոյի հչնեղ անունների պակաս երբեք չի եղել Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի պատվավոր հյուրերի շարքում, սակայն այլ են զգացողությունները, երբ այդ հյուրերը կինոյի ամենաբարձր նշաձողերը հաղթահարած մեր հայրենակիցներն են: Այս տարի այդ ցանկն ավելացավ ևս մեկով. «Ոսկե ծիրան»-23-ի հյուրը Կաննի բծախնդիր հանդիսատեսին հոտնկայս ծափահարել ստիպած, կինոյի և թատրոնի ասպարեզներում բարձրագույն՝ Սեզար և Մոլիեր մրցանակների դափնեկիր, Ֆրանսիայի կուռք համարվող Շառլ դը Գոլին մարմնավորած արտիստ Սիմոն Աբգարյանն է:
Նրա հետ հանդիպումը հայկականորեն ջերմ, մտերմիկ շփման էր նման: Իմաստնություն, բարեհաճություն, երազանք, հումոր, հարազատություն… զգացմունքների անընդգրկելի տարափ էր ՀԲԸՄ դահլիճում, որի էպիկենտրոնում Սիմոն Աբգարյան հայն էր: Հանդիպումը վարում էր «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Հանդիպման սկզբում Սիմոն Աբգարյանն անդրադարձավ «Դը Գոլի մարտը» ֆիլմը նկարելու շարժառիթներին, նշեց, որ Ֆրանսիան տագնապի մեջ է՝ կապված ինքնության հարցերի հետ: Նա ասաց, որ Ֆրանսիան երկար տարիներ ապրել է հանգիստ կյանքով, իսկ երբ հանգիստ ես ապրում, մոռանում ես, որ խնդիր ունես: Հիմա հրամայական է դարձել սիրելու Ֆրանսիան, ճանաչելու սեփական արմատները, գիտակցելու, որ այն քրիստոնյա երկիր է, որ ֆրանսիացիները «սպիտակ» ազգ են: Անդրադառնալով հայկական իրականությանը՝ նա նկատեց, որ մեր արվեստագետները նույնպես պիտի ձգտեն մեր պատմությունը ճիշտ տեսանկյունից ներկայացնելու:
-Հստակ է, որ մենք հարուստ ժողովուրդ ենք,- ասաց նա,- գանձի վրա ենք նստած: Չեմ ասում, թե մենք ավելի լավն ենք, քան ուրիշները, բայց մենք ունենք պատմություն, երաժշտություն, գրականություն և տաղանդավոր սերունդ: Այս ամենը չպետք է անտեսենք, և մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում մեր երկրում, պետք է հասկանան հստակ, որ մենք պետք է գրավենք պատերազմական այդ դաշտը, որ երևակայական դաշտ է:
Սիմոն Աբգարյանը խոսեց իր կյանքում շրջադարձային դերակատարում ունեցած «Գազանը լուսնի վրա» ֆիլմի մասին:
-Դերեր կան, ֆիլմեր կան, որ այնքան որակյալ են,- ասաց,- որ դրանք ոչ մի քննադատություն չեն ենթադրում: Դերասանի կյանքում տասը տարին մեկ անգամ պատահում է այնպես, որ ամեն բան մեկտեղվում է, ու ստեղծվում է ուժեղ գործ: Իմ կյանքում այդպիսին է «Գազանը լուսնի վրա» ֆիլմում խաղացած դերը: Ամբողջ Փարիզը եկավ, դիտեց այդ ֆիլմը, և ոչ ոք որևէ կերպ չքննադատեց:
Արտիստն ասաց, որ ջանում է իր խաղով ծառայել ժողովրդին, ոչ միայն հայերին, այլև առհասարակ բոլորին, բազմազգ հանդիսատեսին:
Խոսելով Դը Գոլի կերպարի վրա կատարած աշխատանքի մասին՝ Սիմոն Աբգարյանը նշեց, որ ինքը հսկայական փաստագրական նյութ է ուսումնասիրել, անցկացրել իր միջով, ապա այդ ամենը դրել է մի կողմ և խաղացել իր պատկերացրած կերպարը: Նա անդրադարձավ դերասանի հանրաճանաչության կարևորությանը, որը շատ փակ դռներ է բացում, մի բան, որ հնարավոր չէ համբավավոր չլինելու դեպքում: Հիշեց իր առաջին նվաճումների մասին, երբ իրեն մրցանակ էին հանձնում, իսկ կողքին նստածները չգիտեին, թե ով է այդ մրցանակին արժանացած անհայտ դերասանը:
Կարեն Ավետիսյանը նշեց, որ ոսկեծիրանյան հանդիսատեսն ունի բացառիկ հնարավորություն փառատոնի օրերին դիտելու Դը Գոլին նվիրված լայնակտավ ֆիլմի երկու մասերը:
Մենք Սիմոն Աբգարյանին երկու հարց տալու հնարավորությունն ունեցանք, որոնք չէին առնչվում «Դը Գոլի մարտը» ֆիլմի հետ, քանի որ հանդիպումը կազմակերպված էր մինչև ֆիլմի դիտումը: Անշուշտ, հիմա, երբ կայացել է ֆիլմի առաջին մասի ցուցադրությունը, հարցերի մի ամբողջ շարք կփափագեինք ուղղել լեգենդար զորավարի լեգենդար դերակատարին, բայց ունենք այն, ինչ ունենք, և ահա թե ինչ հարց ու պատասխան կայացավ մեր և Սիմոն Աբգարյանի միջև ՀԲԸՄ դահլիճում:
-Պարո՛ն Աբգարյան, քանի որ Ձեր կյանքում ի սկզբանե եղել է պարը, հետաքրքիր է իմանալ՝ «Արարատ» ֆիլմում Արշիլ Գորկու պարի տեսարանը Ձեր առաջարկո՞վ է նկարահանվել, Ձե՞րն է եղել նախաձեռնությունը, թե՞ այն վաղօրոք գրված է եղել Ատոմ Էգոյանի սցենարում:
-Նախապես եղել է երաժշտությունը: Բայց ճիշտն ասած չեմ հիշում՝ ե՞ս եմ եղել նախաձեռնողը, թե՞ ոչ: Միասին արեցինք: Պարն ինձ համար շատ կարևոր բան է:
-Դուք մարմնավորել եք մի շարք նշանավոր անհատների՝ Արշիլ Գորկի, Միսաք Մանուշյան, Շառլ դը Գոլ: Կա՞ մի այնպիսի կերպար հայ կամ համաշխարհային քաղաքական, մշակութային պատմության մեջ, որը գրավում է Ձեզ, որին կցանկանայիք խաղալ կինոյում:
-Ինձ այդ իմաստով գրավում են անհատի ինքնաճանաչման, հանգստության թեմաները: Շատ հետաքրիր է 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա Ջալալ ադ Դին Ռումիի կերպարը կամ Պլատոնինը: Իմ կյանքում եկել է մի ժամանակ, որում հրամայական է դարձել հանգստությունը: Ինձ համար իրար հետ հանգիստ զրուցելու, առանց իրար սպանելու զրուցելու պահը շատ կարևոր է: Այդ մարդիկ զրուցել են իրար հետ, վիճել են, հակասել միմյանց, բայց նրանց շփման հիմքը սերն էր: Եվ ես դրա պակասն ունեմ: Մե՛նք դրա պակասն ունենք: Ես դրա կարիքը, պետքն ունեմ:
Հանդիպման հաջորդ օրը կայացավ «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրեց նախարարության Ոսկե մեդալով, իսկ Կարեն Ավետիսյանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Վարպետ» մրցանակով: Ֆիլմի ցուցադրությանը ներկա ռեժիսորը՝ Ատոնեն Բոդրին նշեց, որ Շառլ դը Գոլի մասին ֆիլմ նկարելու անհրաժետությունը վաղուց էր հասունացած, սակայն չէր գտնվում այն դերասանը, որը կկերտեր լեգենդար առաջնորդի կերպարը: Եվ ահա, վերջապես գտնվեց այդ մարդը՝ ի դեմս Սիմոն Աբգարյանի, և ստեղծվեց կինոասքը՝ Ֆրանսիայի մեծագույն գործչի մասին:
Հավաստի աղբյուրից մենք տեղեկացանք, որ Սիմոն Աբգարյանի համագործակցությունը հայ մշակույթի գործիչների հետ շարունակվելու միտում ունի, սակայն դեռ ժամանակը չէ բացելու որոշ փակագծեր:
Կարինե Ռաֆայելյան






