Թատրոն Վովա Արզումանյան

Հասմիկ Սուվարյան․ «Թատրոնը պետք է խոսի մեր ցավերի մասին»

Հասմիկ Սուվարյան․ «Թատրոնը պետք է խոսի մեր ցավերի մասին»

Ardi.am-ի զրուցակիցը դերասանուհի, մանկավարժ Հասմիկ Սուվարյանն է: 

— Հասմիկ, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ բեմը հենց ձեր տեղն է։

-Միանշանակ շատ դժվար է պատասխանել, թե երբ ես հասկացել, որ բեմը քո տեղն է, որովհետև տարիների ընթացքում ինչքան շատ ես ծանոթանում «թատրոն» երևույթի հետ, այնքան ավելի ես հասկանում, որ դեռ շատ բան ունես անելու՝ հասնելու այն բարձրակետին, որը պահանջում է թատրոնը։ Սակայն կյանքում գալիս է մի կետ, երբ ճաշակում ես բեմի վրա ազատության զգացողությունը՝ երբեմն նույնիսկ ավելի, քան կյանքում։ Երևի հենց այդ ակնթարթներն են, որ քեզ հասկացնում են՝ դու քո տեղում ես։ Որովհետև այդ ազատության զգացողությունն է ստեղծում այն էներգիան, որը կապում է հանդիսատեսին քեզ հետ, և դու դառնում ես թատրոն երևույթի, արվեստի երևույթի կարևոր մասնիկը։ Այդ պահին հասկանում ես՝ դու քո տեղում ես։

— Արդեն ավելի քան երկու տասնամյակ Գյումրու դրամատիկական թատրոնում եք։ Այս տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել ձեր վերաբերմունքը բեմի նկատմամբ։

-Երբ հետ եմ նայում 20 տարի առաջվա այն պահին, երբ առաջին անգամ մտա Վարդան Աճեմյանի անվան թատրոն՝ որպես դերասանուհի, և համեմատում եմ այսօրվա հետ, հսկայական տարբերություն կա։ Այդ տարիներին բեմը ինձ համար մի հսկայական աշխարհ էր, որին փորձում էի նվաճել։ Այդ վախը, այդ ակնածանքը, և այն զգացողությունը, որ ինչ անում ես՝ քիչ է այս մեծ թատրոնի համար, անընդհատ ուղեկցում էին ինձ։ Տարիների ընթացքում գալիս է մի սահուն անցում, երբ դու՝ որպես անհատ և որպես արվեստագետ, աճում ես, ձևավորում ես քո արտիստական տեսակը։ Դու այլևս պարզապես կատարող չես դառնում, այլ արվեստագետ, ով բեմից ունի իր ասելիքը՝ կերպարների, թեմաների միջոցով։ Սկզբնական շրջանում հաճախ փորձում ես ներկայացնել ինքդ քեզ, իսկ հասուն տարիքում արդեն դառնում ես միջոց։ Ինչպես ասում էր Տիսսենը՝ սկսում ես ոչ թե քեզ սիրել արվեստում, այլ սիրում ես արվեստը քո մեջ։ Այդ գիտակցությանը հասնելու համար տարիներ են պետք։ Իհարկե, ես հասկանում եմ, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց վերաբերմունքը թատրոնի նկատմամբ, ակնածանքը և սրտի թրթիռը երբեք չեն վերանում։ Փոխվում է միայն ներքին վստահությունը՝ այն համոզմունքը, որ դու ծառայում ես այդ բեմին և գիտակցաբար քո կյանքը տալիս ես որպես թատրոնի մի մասնիկ։

— Ի՞նչ զգացողությամբ եք ամեն անգամ բարձրանում բեմ։

-Ներկայացումը սկսվում է այն զգացողությունից, թե ինչպես ես պատրաստվում մտնել բեմ և ինչ վիճակում ես գտնվում մինչև վարագույրի բացվելը։ Հենց այդ պահն է որոշում, թե ինչպես կկայանա ներկայացումը։ Թատրոնը չի հանդուրժում ակնածանքի բացակայությունը։ Բեմը պատժում է այն դերասանին, ով կորցնում է սրտի թրթիռը ներկայացումից առաջ։ Ինձ համար ամենակարևոր պահն այն է, որ կարողանամ հասկանալ՝ ուր եմ մտնում։ Ես հիմա բարձրանում եմ բեմ, և դա նշանակում է, որ պետք է բարձրանամ ինքս ինձնից, առօրյա կյանքից, այն խնդիրներից, որոնք ինձ շրջապատում են։ Բեմի բարձրության զգացողությունը յուրաքանչյուր արտիստի ներսում երբեք չպետք է կոտրվի։ Կարևոր է պատրաստել և՛ մարմինը, և՛ ձայնային ապարատը, և՛ ներքին զգացողությունները, հավաքել հոգետեխնիկայի բոլոր տարրերը և կենտրոնացնել դրանք մեկ կետի մեջ։ Այդ ժամանակ բեմում դառնում ես այն ակտիվ մասնիկը, որի մեջ միավորվում են արտաքին և ներքին աշխարհները, կերպարի զգացողությունները, հեղինակի ասելիքը, քո հույզերը, և կարողանում ես դրանք փոխանցել հանդիսատեսին։ Ամեն ինչ սկսվում է այն զգացողությունից, որն ունենում ես մինչև ներկայացման սկսվելը։

— Կա՞ ներկայացում, որի ավարտից հետո երկար ժամանակ չեք կարողացել դուրս գալ կերպարից։

-Ինձ համար սկզբունքային հարց է յուրաքանչյուր կերպարի մոտենալիս՝ վերամարմնավորվել։ Այսինքն՝ ոչ միայն վերապրել զգացողությունների մակարդակում, այլ ամբողջությամբ փոխվել՝ ձայնով, արտաքինով, հոգով։ Պետք է դառնաս ուրիշ մարդ։ Բնականաբար, այդ փոփոխությունը նաև ժամանակ է պահանջում, որպեսզի հետո նորից վերադառնաս ինքդ քեզ։ Յուրաքանչյուր կերպար պահանջում է իր ժամանակը։ Երևի առանձնացնեմ դիվանագետի կերպարը՝ Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանի վրա» ներկայացման մեջ։ Այդ կերպարը շատ ազդեցիկ է ոչ միայն հանդիսատեսի, այլև մեզ համար։ Երբ մարմնավորում ես մի մարդու, որը գտնվում է քո անհատականությունից, քո մարդ տեսակից հակառակ բևեռում, դա շատ բարդ է։ Այդ կերպարը ամեն անգամ բախվում է իմ հայ տեսակին։ Շատ դժվար է վերադառնալ ինքդ քեզ, որովհետև կերպարը իր մեջ ունի մարգարեական բառեր, որոնք, ցավոք, ժամանակից առաջ ընկնելով, խոսում էին այն ամենի մասին, ինչ հետո տեղի ունեցավ մեզ հետ։ Ամեն անգամ, երբ բեմում ասում եմ այդ խոսքերը, որպես արտիստ՝ սարսափում եմ այն մտքից, որ կերպարի ասածը դառնում է մեր կյանքի իրականությունը։ Դրանից հետո իսկապես ժամանակ է պահանջվում սթափվելու և վերադառնալու համար։ Այդ ներկայացումը մեծ էներգիա է խլում։

— Ձեր մարմնավորած հերոսուհիներից ո՞րն է ամենամոտը ձեզ։

-Իրականում չեմ սիրում ինձ նման կերպարներ խաղալ, որովհետև ինձ համար հետաքրքիր չէ, եթե կերպարը շատ մոտ է ինձ։ Եթե կերպարը ինձանից հեռու է, ես սկսում եմ մի փոքր վախենալ, և հենց այդ վախն է ինձ ստիպում ավելի խորանալ կերպարի մեջ։ Զարմանալիորեն փորձերի ընթացքում կերպարները միշտ իմ ներսից ինչ-որ բան են դուրս բերել։ Նույնիսկ այն կերպարները, որոնք սկզբում թվում էին՝ շատ նման չեն ինձ, փորձերի արդյունքում բացահայտել են իմ որևէ գիծը, որևէ հատկանիշ և իրենց մեջ արտացոլել են այն։ Այդ պատճառով դժվար է առանձնացնել միայն մեկին․ շատ կերպարներ իրենց մեջ ինչ-որ չափով իմ մասնիկն են ունեցել։

— Ֆրիդա Կալոն, Կորդելիան, Բագիրան… այս կանանցից ո՞րն է ձեզ ամենաշատը փոխել։

-Ես կարծում եմ՝ ընդհանրապես թատրոն երևույթն է մեզ փոխում, որովհետև նախ և առաջ թատրոնը և մեր խաղացած կերպարները վերափոխում են մեզ, հետո նոր՝ հանդիսատեսին։ Նրանք ինչ-որ ձևով մեզ իրենց միջով անցկացնում են։ Եթե առանձնացնենք կերպարներից, ապա Ֆրիդա Կալոն ինձ համար ուժի, պայքարի և կյանքը սիրելու կերպար էր։ Այդ հատկանիշները, այո, ինչ-որ չափով կային իմ մեջ, բայց այդ կերպարը դրանք ավելի ամրացրեց։ Ամեն անգամ Ֆրիդային խաղալուց հետո ներսից ավելի ամուր էի դառնում, ավելի էի սիրում կյանքը։ Նույնիսկ եթե որևէ պահի արվեստում կամ կյանքում որոշակի դժվարություններ էին առաջանում, Ֆրիդայից հետո ավելի հաստատուն էի կանգնում։ Կորդելիան իմ կյանքի այն կետն էր, որտեղ ես չեմ կարող ասել, թե հաղթահարել եմ Շեքսպիրի կերպարը, բայց դա այն սկզբնակետն էր, որտեղ բարձրագույն դրամատուրգիայի հետ շփվելով՝ սկսեցի աճել։ Շատ կարևոր է, թե ինչ տեքստի և ինչ կերպարի հետ ես աշխատում։ Կերպարն ինքն է քեզ բարձրացնում։ Այդ առումով Կորդելիան շատ կարևոր փուլ էր ինձ համար։ Իսկ Բագիրայի դեպքում ես իմ կյանքից, իմ ֆիզիկական և հոգևոր հնարավորություններից շատ բան եմ տվել այդ կերպարին։ Կարելի է ասել՝ ինձ զոհել եմ կերպարին՝ բառի ամենախոր իմաստով։ Նա շատ բան էր պահանջում՝ ջարդվել, հետո նորից հավաքվել, տալ քրտինքի յուրաքանչյուր կաթիլը, որպեսզի վերջում կերպարը դառնա այն, ինչ պետք է լիներ։ Ինձ համար կարևոր էր այն ուղերձը, որն ունի Բագիրան՝ եթե մենք այնքան իմաստուն լինենք, որ վտանգը դեռ չհասած մեզ՝ կարողանանք կանխատեսել և քայլեր անել, որպեսզի չբախվենք խնդրին։

— Դուք նաև դասավանդում եք։ Դերասան լինելն ու դերասան կրթելը որքանո՞վ են տարբեր։

-Դասավանդելու համար, իմ կարծիքով, կարևորագույն պայմանն այն է, որ դասախոսը նույնպես զուգահեռ ստեղծագործի։ Նա պետք է լինի արվեստի մեջ, ամեն պահի աճի, հետևի արվեստում տեղի ունեցող փոփոխություններին, որպեսզի կարողանա դա փոխանցել ուսանողներին։ Դերասանությունն ու դասավանդումը շատ կապված են իրար, բայց միևնույն ժամանակ տարբեր մասնագիտություններ են։ Որպես դասախոս՝ դու պետք է կարողանաս մոռանալ քո անձը և հաճախ ընտրություն կատարել հանուն ուսանողների։ Օրինակ՝ գուցե ես ինքս ցանկանամ բեմադրել մի պիես, բայց եթե հասկանում եմ, որ ուսանողների համար մեկ ուրիշ նյութն ավելի օգտակար է, պետք է ընտրեմ այն։ Դու պետք է միշտ հիշես, որ սա այն բեմը չէ, որտեղ մենք ինքներս մեզ ենք ցույց տալիս։ Սա ուսումնական գործընթաց է։ Կարող է այսօր արդյունքը չլինել այն, ինչ դու սպասում էիր, բայց դա պետք է լինի այն տարբերակը, որը նրանց կօգնի աճել։ Դու պետք է դառնաս հող, որի վրա նրանք կարող են աճել։

— Ի՞նչն է ամենադժվարը երիտասարդ դերասանի մեջ ձևավորելը՝ տեխնիկան, թե մտածողությունը։

-Երկուսն էլ շատ կարևոր են։ Ես սիրում եմ մտածող դերասանին։ Շատերին թվում է, թե դերասանը միայն զգացողությամբ մարդ է, բայց նա պետք է կարողանա վերլուծել իր կերպարը, պիեսը, ներկայացումը։ Մտածողություն ձևավորելը շատ դժվար է, որովհետև այն գալիս է մանկությունից, կարդացած գրականությունից, միջավայրից, կրթությունից՝ ամեն ինչից։ Եթե այդտեղ բաց կա, լրացնելու համար մեծ աշխատանք է պահանջվում։ Պետք է օգնել ուսանողին ճանաչել արվեստը, կյանքը, դիտել ֆիլմեր, այցելել թանգարաններ, կարդալ գրականություն, դիտել ներկայացումներ։ Նա պետք է անընդհատ զարգանա արվեստի հետ։ Տեխնիկայի առումով էլ այսօր խնդիրներ կան։ Շատ հաճախ ուսանողները գալիս են և չեն տիրապետում իրենց մարմնին։ Երբեմն նույնիսկ պարզ շարժումները՝ քայլելը, հագուստ կրելը, բեմական ներկայություն ունենալը, դժվարություն են դառնում։ Վիրտուալ աշխարհը նույնպես իր ազդեցությունն ունի։ Այն մեզ հեռացնում է մարմնից, զգացողություններից։ Մեր խնդիրն է ուսանողին վերադարձնել իր մարմնին, որպեսզի նա կարողանա հասնել դերասանական տեխնիկայի։

— Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչն է պակասում հայկական թատրոնին։

-Կա երկու բան, որոնք կուզեի չվերանային թատրոնից։ Առաջինը՝ այն միտումն է, երբ մենք փորձում ենք կերպարից օտարվել, և արդյունքում ոչ թե վերամարմնավորում ենք կերպարը, այլ բեմում մնում ենք նույն մարդը՝ պարզապես ուրիշ անունով և ուրիշ տեքստով։ Ես սիրում եմ գնալ թատրոն և տեսնել դերասանի այնպիսի փոփոխություն, որ զարմանամ։ Ինձ համար շատ կարևոր է դերասանի վերափոխման գործընթացը։ Երկրորդը՝ կարծում եմ, թատրոնին այսօր պակասում է ավելի շատ խոսել այն թեմաների մասին, որոնք իրականում կարևոր են մեզ համար։ Շատ հաճախ բեմում ներկայացվող պատմությունները կապ չունեն մեր այսօրվա իրականության, մեր ցավերի, մեր խնդիրների հետ։ Թվում է՝ մենք փախչում ենք իրականությունից։ Ես կուզեի, որ թատրոնը դառնար այն վայրը, որտեղ նույնիսկ մեր ցավին բախվելով՝ կարողանանք բուժվել, ճանաչել մեզ, ավելի խոր գնալ խնդիրների մեջ։ Թատրոնը պետք է բարձրաձայնի այն թեմաները, որոնք այսօր մեզ անհրաժեշտ են։

— Իսկ հանդիսատեսն ինչպե՞ս է փոխվել վերջին տարիներին։

-Շատ անկեղծ պատասխանեմ՝ վերջին տարիներին, հատկապես մանկական ներկայացումներ բեմադրելու ընթացքում, ես հնարավորություն եմ ունեցել հետևելու հանդիսատեսին։ Երեխաների ուշադրությունը շատ դժվար է հավաքել։ Երբեմն թվում է՝ նրանք իրականության մեջ չեն, դժվար է նրանց ամբողջությամբ բերել այն աշխարհ, որը ստեղծում է ներկայացումը։ Կարծում եմ՝ սա վիրտուալ իրականության մեծ ազդեցությունն է։ Այն գողացել է մեր ուշադրության և էներգիայի մի մասը։ Սա նաև անդրադառնում է երիտասարդների վրա։ Շատ հաճախ նրանք գալիս են փակված զգացողություններով։ Նրանց մոտ զգացմունքներն արտահայտելու կարողությունը կարծես թուլացել է։ Ձայնը, դիմախաղը, շարժումը, մարմինը չեն մասնակցում ամբողջությամբ։ Նույն երևույթը նկատվում է նաև հանդիսատեսի շրջանում՝ առաջանում է որոշակի էմոցիոնալ սառնություն, որը կարող է տանել դեպի անտարբերություն։ Սա ինձ անհանգստացնում է, որովհետև մենք տաք, ջիգյարով ժողովուրդ ենք։ Ես շատ կուզեի, որ այդ հատկությունը չկորցնենք՝ թե՛ որպես հանդիսատես, թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ։

Զրուցեց Վովա Արզումանյանը