Զավեն Բեկյան․ Ուշադրության ներսուզյալ վեկտորը
Տեսարանը բավականին ծանր է, իսկ դրա նկարագրությունը՝ գուցե հակաէսթետիկ։ Խոսքը մեռնողի կամ գիտակցությունը կորցնողի (ժամանակավորապես մեռնողի) աչքերի հետ կատարվողի մասին է — ակնագնդերը շրջվում են, բիբերը գրեթե անհետանալու վրա են, սպիտակուցի գեհենական մշուշն է ծփում․․․ Կենսաբանորեն դա պարզ բացատրություն ունի ՝ ակնակապիճ մկանները թուլանում են, և ակնագնդերը «անկախացած» միտում ունեն հետ շրջվելու։ Բայց այս երևույթի մեջ ասես աշխարհից հրաժարման մտադրության պատրանք, թվացողություն կա․․․ Ինչու՞ են հին հույն քանդակագործները՝ Ֆիդիասը և այլն, մարդկային դեմքերի քանդակներում աչքերն առանց բիբերի արել ՝ կարծես հենց այն վիճակում, ինչը նկարագրեցինք․․․
Սա հայացքը աշխարհից հետ շրջելու, հրաժարման, աշխարհաթողի ակտ է ասես․․․ Ներքնապես, հոգեպես ԱՅԼԵՂԵՆ, այլաշխարհիկ դարձած մարդը կամ այս աշխարհում իրեն հետաքրքրող այլևս ոչ մի գտնելու բան չունի, կամ էլ իրեն ինչ որ պետք էր՝ արդեն վաղուց իր ՆԵՐՍՈՒՄ է գտել։ Նա այլևս ԱՆՈՒՇԱԴԻՐ է այս շրջապատի հանդեպ, այդպիսիներին հասարակությունն ասում է՝ «Ոնց որ էս աշխարհից չլինի»։ Իհարկե սա ծաղրանք որպես է ասվում, բայց հենց իրականությունն է, որ կա։ Դա ՎԵՐԱՑԱԾ՝ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎԵՐԵՎԻ մարդն է , Պողոս առաքյալի ասած «Մարդ Աստծոն» է․․․Ռուսերենում չգիտեմ՝ ինչ բառակազմական վերլուծություն ունի «идиот» բառը, բայց Դոստոևսկու երկի դեպքում հայերենն է շա՜տ հարմար բառակազմություն հանդես բերում։ — «Ապուշ»․ նշանակում է ուշադրությունից զուրկ, իր շրջապատի վրա ուշք, ուշադրություն չդարձնող, իր շուրջը գտնվողը չհասկացող կամ այլևս հասկանալ չցանկացող ՈՄՆ, որ աստնվորի հանդեպ այլևս ԱՅԼԵՂԵՆ է։ Թումանյանի պես մոլորված է՝ «Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան ՝ է՞ս , թե էն․․․», բայց և՝ արդեն գիտեցող, այս դիլեման լուծած, «էս թե էնի» ընտրությունը վերջնականապես ի կատար ածած․․․ Ապ-ուշ ՝ այսինքն ոչ թե ուշադրությունից ընդհանրապես զուրկ, այլ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵԿՏՈՐԸ ԴԵՊԻ ՆԵՐՍ ՈՒՂՂԱԾ։
Ժամանակին մի բանաստեղծություն եմ գրել, որ կարծես հենց այս ամենի մասին է․
* * *
Շեղվիր, որ գտնես
Այն՝ անուրջում
( ինչպես ագռավի
բիբն է շրջվում )։
Աշխարհիկ քնի
մեջ, մտացիր,
այդպես բիբ եղար
ու շրջվեցիր։-
Ակնախնձորի
ցոլքի պահին
երևակվեցին
գրերը հին։
«Անժամության վայր» ժողովածու, 1996թ․
Բանաստեղծություն բացատրելն անցանկալի գործ է՝ այն փչացնում է նյութը, բայց ուզում եմ այնուամենայնիվ մի երկու բան ասել։ Բանաստեղծը՝ տվյալ դեպքում ես, որպեսզի կարողանա աշխարհի մասին մի արժեքավոր բան ասել՝ պիտի․․․ վերացարկվի աշխարհի կոնկրետիկայից, դա ասի «աշխարհիկ քնի մեջ, մտացիր», այսինքն՝ ներշնչանքի մեջ, ստեղծագործական սրբազան էքստազի մեջ վերացած։ Եվ հենց միայն այդ դեպքում է, որ բանաստեղծի «շրջված բիբի» առջև կարող է հայտնվել իրական աշխարհը՝ «երևակելով իր գրերը հին»․․․






