«Ճախրուկ» 6-րդ փառատոն
«Ճախրուկ» միջազգային 6-րդ փառատոնը կայացել է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ համագործակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի։ Երաժիշտներ, այժմ կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները 2019 թ. Խարբերդի մասնագիտացված մանկատանը սեփական նախաձեռնությամբ, որպես կամավորներ, ստեղծել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը և մինչ օրս մանկատան սաներին ուսուցանում են նվագել ազգային փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն։ Հիմնադիրներն են ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնի, որը իրականացնում են 2021-ից՝ յուրաքանչյուր անգամ ՀՀ տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով ոչ միայն մասնակիցների ստեղծագործական կարողությունները ներկայացնելու, այլ նաև հնարավորություն տալու համայնքների երեխաներին և բնակիչներին անմիջականորեն ճանաչելու հատուկ կարիքներ ունեցող անձանց, տեսնելու նրանց տաղանդն ու մարդկային ներուժը։ Փառատոնի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա տեսնել իր կարողությունների անսահմանությունը։ «Ճախրուկի» գաղափարախոսությունն է՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»: «Ճախրուկն» իր գաղափարի շուրջ համախմբում է բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին։ Փառատոնին մասնակցում են ՀՀ տարբեր մասնագիտացված մանկատների, շուրջօրյա խնամքի հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, ՀՀ տարբեր մարզերի հատուկ կրթահամալիրների, հանրակրթական, արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև արվեստի գործիչներ՝ ներկայացնելով ազգային, հոգևոր երգ-երաժշտություն։

Մասնակից խմբերը ելույթ են ունեցել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախմբի և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ։ Փառատոնի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին մասնակից հաստատությունների երեխաների ձեռագործ աշխատանքները։ Ճախրուկների հետ ելույթ են ունեցել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, իսկ ազգային պարով՝ «Վանակն» ավանդական պարի խումբը։ Այս անգամ փառատոնին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետությունից և Մարոկկոյից ժամանած հյուրեր։ Փառատոնին ներկա էին ՀՀ ԱՍՀՆ նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ալիխան Ախմետովը։ Փառատոնի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ ԱՍՀՆ նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Փառատոնի կազմակերպիչն է «Ճախրուկ» հասարակական կազմակերպությունը։






