ardi.am ԳրաԴաշտ

Հայ հեքիաթագրի միջազգային հաղթանակները

Հայ հեքիաթագրի միջազգային հաղթանակները

Երեք ամսում երկու միջազգային հաղթանակ. Նիկոսիայի դրամատուրգիայի մրցույթից հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։

Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան, անդրադառնալով հեքիաթագրին, նկատել է. «Մեր օրերում տղամարդ հեքիաթագիրները մեծ հազվադեպություն են։ Գիտեմ, որ տղամարդիկ սիրում են հեքիաթներ լսել, բայց հեքիաթներ գրել՝ այն էլ հումորով, վառ, նրբորեն ու միաժամանակ նրբանկատորեն, քչերին է տրված… Էլֆիքն ունի իր անկրկնելի ոճն ու ինքնատիպությունը։ Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհում, քննարկում, երբեմն կատակով կսմթում ընթերցողին, դրդում նրան մտորելու, հրահրում, բայց միշտ՝ անսահման սիրով։ Այդ հեքիաթներից յուրաքանչյուրն առանձին աշխարհ է»։

Ուզբեկստանից հայտնի մանկագիր Ելենա Մակարովան առանձնացնում է հեքիաթագրի «Փետրվարի 30» գիրքը` շեշտադրելով «Յոթ օր, յոթանասուն տարի» հեքիաթի փիլիսոփայական խորքը. «Կարելի է սեփական կյանքն ապրել իմաստավորված յոթ օրվա ընթացքում, ու կարելի է ապրել նաև յոթանասուն տարի։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում»։ Ալմաթիի հանդիպումը, նրա կարծիքով, եղավ «առաջին քայլը, առաջին աստիճանը՝ դեպի Էլֆիքի նման նոր արևի ծագումը»։

Իր շնորհակալական խոսքում Էլֆիք Զոհրաբյանը հպարտությամբ խոսեց հայ ազգային հեքիաթի ավանդույթի մասին, մեջբերեց Հովհաննես Թումանյանին, ապա, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Ալմաթիում իր մասնակցությունն ապահովելու համար, ամփոփեց խոսքը` մեկ քառյակ արտասանելով ղազախ դասական պոետ Աբայ Կունանբաևից։

Ardi.am