Երկու ներկայացում՝ «Սարի թատրոն»-ում և «Հանդ Art»-ում
Երևանից ու փակ տարածքից դուրս՝ Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է թատերական նոր մշակույթ, որը դեռևս ձևակերպված չէ, թեև տարեցտարի ծավալվում է:
Սա նոր ձևավորվող մշակույթ է, շրջիկ թատրոն չէ, ագիտպրոպագանդայի համար գյուղ գնացող արվեստ նույնպես չէ, մայրաքաղաքային և մայր թատրոնների մարզային այց չէ, երբ մշակույթը գնում էր մարզեր: Սա մի ուրիշ մշակույթ է, Սերգեյ Դանիելյանի «Սարի թատրոն»-ի դեպքում՝ իր յուրօրինակ հումորի ու սարկազմի երկրպագուների հավաքատեղի, «Հանդ Art»-ի դեպքում խոսքն արդեն ձևավորված թատերային միջավայրի մասին է, ուր գալիս են ընտանիքներով:
Սա արժեք է՝ ստեղծված մայրաքաղաքից դուրս, և՛ էքստրիմ է, և՛ տուրիզմ, և՛ զբոսաշրջություն, և՛ ծանոթություն հայրենիքին, լայնաշունչ միջավայրում սիրելի արտիստի հետ անկաշկանդ շփում, հավասար հարթության վրա, նույն բաց դաշտում: Մշակութային ներգնա տուրիզմ․ այսպես ես մտածում՝ նայելով սեփական մեքենաներով մայրաքաղաքից և մարզերից, ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ռուսաստանից Սարալանջ ու Բյուրական եկած ընտանիքներին, երբ ներկայացում նայելն ընտանեկան միջոցառում է, որից առաջ ու հետո կարող ես շրջել, սրճել մեծ այգում, կամ սպասել հաջորդ բացօթյա ներկայացմանը:

Մի «բրախած» գյուղ Լոռվա ձորերում
Սարալանջ գյուղի «Սարի թատրոնը» թատերական բաց հրապարակ է բաց երկնքի տակ: «Է՜ն Լոռու ձորն է»-ն տարբերվում է Սերգեյ Դանիելյանի մյուս ներկայացումներից՝ ապաքաղաքական է ու սոցիալական:
«Է՜ն Լոռու ձորն է» ներկայացման հիմքում, ինչպես առաջին հայացքից կարող է ընկալվել, Թումանյանի հանրահայտ «Լոռեցի Սաքոն» չէ: Ներկայացման հիմքում նկարահանող խմբի՝ սյուժեին հարմար տարածքի փնտրտուքների ժամանակ պեղված Լոռվա հեռավոր գյուղ է, համարյա անանուն, գյուղացիների բնորոշումով՝ «Ինչ Գորբաչովը մեր աշխարհը քանդել ա, ստի գյուղապետ կա ոչ»: Բայց գյուղացիների աչքի լույս փոստի աշխատակցուհի կա՝ «Տուն գնացեք, թոշակը երկուսից հետո տեն բերիլ»:
Պատումի հիմքում հեղինակի մտերմությունն է գյուղական ընտանիքի հետ, որոնք իրենց բնակավայրին ու կենցաղին էլ փիլիսոփայական քամահրանքով են վերաբերվում. «Յանի ստի մի զադ կա՞, որ նկատես՝ մի բրախած գյուղ»: Այդ «բրախած» գյուղում լինում է, չի լինում մի բազմանդամ ընտանիք՝ ամուսիններ, տղաներ և բազկաթոռին գամված սկեսրայր:
Հեղինակ-ասացողի առաջին զարմանքն այն էր, որ բոլորն իրար վերաբերվում են այնպես, ինչպես կան, օրինակ, որ չեն ասում՝ մի խմի, այլ՝ «Շիշը հատել ա, բայց հըլը շաշվիլ չի»: Չշաշվողն ընտանիքի հայրն է՝ Ալ Պաչինոյի գեղեցիկ դեմքով և «ռայկոմի քարտուղարի լակիրովաննի կոշիկներով»:
Ներկայացումը հուզիչ էր, կոմիկականից տրագիկոմիզմ, վերջում տխուր կատակերգականից՝ ողբերգական, տխուր էր անփութությունը սեփական կյանքի ու առողջության նկատմամբ, և կնոջ ողբը՝ գերեզմանոցի ճանապարհին. «Ո՞վ պիտի ուշունց տա էս երեխոնցը, բա ասում էիր բաժանվիլ չտենք»:
Բացօթյա ներկայացումների ընթացքում իմպրովիզներն անում են միջավայրում ապրող կենդանի արարածները՝ կամ աքաղաղի կանչ ու թռչունների ծլվլոց ու կռինչ, կամ էլ խոշորամարմին շունը ծանրումեծ կորոշի նայել ներկայացումը՝ իբրև ուշացած հանդիսատես:
«Ցանկապատը» լավ ներկայացում է
«Ցանկապատ»-ը Տիգրան Գյուլումյանի Բյուրականի տան «Հանդ Art» թատրոնի առաջին ներկայացումն է, և մի քանի տարում խաղացանկ է ձևավորվել՝ «Նռնենի», «Կարմիր, կանաչ տունը», «Խաղողի այգին», «Ալպիական մանուշակ», «Լոռեցի Սաքոն», նաև մանկական ներկայացումներ: Ներկայացման մեր դիտելու օրը նաև «Նռնենին» էր, հանդիսականը թատերական այգու մի տարածքից տեղափոխվում էր մյուսը, ու ընտանեկան հանգիստը երկարաձգում սրճարանում և սնվելու մյուս կետերում, երեխաները զբոսնում էին մաքուր օդում: Զարմանալի էր հանդիսականի ոգևորությունը, անկաշկանդ վարքը:

«Ցանկապատ» ներկայացման մասին ամեն ինչ ասվել էր, բացի նրանից, որ լավ ներկայացում է: Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա գրված սցենարի հեղինակն ու ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է, դերասանները՝ Մկրտիչ Արզումանյան, Տիգրան Գյուլումյան, Արծրուն Հարությունյան, Մալյան թատրոնից՝ Աստղիկ Աբաջյան, Համազգայինից՝ Կարին Ծատուրյան, Դրամատիկականից՝ Արուս Գրիգորյան:
«Ցանկապատը» հուզիչ ու արդիական ներկայացում է, մեր աչքի առջև ծավալվող, մեզ հետ և մեր շուրջը կատարվողի մասին: Մինասի և Թևոսի այգիները, ավելի շուտ՝ փոքրիկ պարտեզները՝ ծուռումուռ պտղատու և անպտուղ ծառերով, կողք կողքի էին, բաժանված մի ցանկապատով՝ մացառներից շինված մի հին չափարով: Պապենական կռվի առիթն էլ չնչին տարածք էր՝ «մի ոտը դպա քեզ կամ հակառակը»: Վերջին վեճն էլ այն օրն էր, երբ թշնամին գրավել էր Կարսը, հենց այն օրը, երբ գյուղը պիտի գաղթեր: Այստեղ ավարտվում է Զորյանը և սկսվում Բյուրականի ներկայացումը: Հնչում են զարմանալի անկաշկանդ ու երկիմաստ տեքստեր, որոնց մի մասը վերցրած է զորյանական գրվածքներից:
-Լավ կլիներ վարչապետը Նիկոլը լիներ:
-Չէ՜, Նիկոլը թույլ է, կարող է լավ խմբագիր է, հրապարակախոս, բայց իբրև վարչապետ թույլ է:
-Խատիսյանը ճիշտ է, ոչ թե Նիկոլը՝ Աղբալյան:
Հանդիսականի տեսադաշտում դեպի վեր ձգվող այգին էր, որի գեղեցկությունն ու անսահմանությունը վտանգի ժամանակ հուշում էր Կարսի գյուղի անպաշտպանությունը և առանց սահմանի լինելը:
Եթե հանդիսատեսն իր ճանապարհին գառների է հանդիպում, հետո կհասկանա, որ սովորական չեն, մեկը հաստատ երևալու է ներկայացման մեջ՝ Գյուլումյանի ուսին, վտանգը կանխելու համար մատաղ են անելու հարևաններով: Բայց թշնամին մորեխի նման արդեն ճանապարհին էր:
Ներկայացման մեջ կար դրության կոմիզմ ու հումոր, սակայն փախեփախի տեսարանը սարսափի մեջ էր առնում հանդիսատեսին: Թատրոնի բնականությունը հուզում էր, լալիս էր Նարեի դերակատար Աստղիկ Աբաջյանը, նրբիրան, անուժ փախչելու: Թեև հարևանների խառը կռվի ժամանակ մի լավ կծում-խածում էր փարթամ հարևանուհուն՝ Կարին Ծատուրյանին: Արուս Գրիգորյանը գաղթի սիմվոլն էր՝ չկայացած հարսանիքից խելագարված, անուշ բանաստեղծություններ հիշեցնող վերամբարձ տեքստերով:
Հեղկոմ դարձած հրացանավոր գյուղապետ Արծրուն Հարությունյանը հարևաններին հրամայում է լքել տները՝ ռուսական ուղեկալ դարձնելու համար, և արժանանում նրանց զայրույթին ու հանդիմանանքին՝ «Չհասկացանք՝ էս մեր տունն ա, բայց մեկ թուրքն ա ուզում, մեկ՝ ռուսը»:
Գայանե Մկրտչյան
թատերագետ






