«Ադաթ կար սակայն էն մութ ձորերում․․․»
Թումանյանի չքնաղ բանաստեղծություններից մեկը՝ «Պատրանքը»․․․ Տեսիլք և տեսիլքի պես էլ մոգական․
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զրընգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
Իր եղբայրներից ո՞ւմ նկատի ունի Թումանյանն այս բանաստեղծության մեջ՝ «քաջ ախպերս» ասելով։ Ամենայն հավանականությամբ՝ Ռոստոմին, որին առանձնապես շատ է սիրել, և որը եղել է նրա մանկության խաղընկերը։ Ռոստոմը հակասական կերպար է եղել։ Նա Դսեղի հարևան Մարց գյուղի կալվածատերն է եղել և, ըստ զանազան ասեկոսեների՝ 1915 թ․ սպանվել է ինչ-որ մեկի վրեժխնդրության պատճառով, թեև պաշտոնական վարկածն այն է, թե սպանվել է հողային վեճերից ծագած կոնֆլիկտի պատճառով։ Հանցագործությունն այդպես էլ չի բացահայտվել։ Վերոհիշյալ վրեժխնդրության «հողը», ըստ նշված ասեկոսեների, Ռոստոմի վարքն է եղել՝ նրա սիրային ոտնձգություններն իր կալվածքի կանանց հանդեպ։ Հրանտ Մաթևոսյանն իր «Տախը» վեպում խոսում է այդ մասին, ասում է՝ այդ ամենը հորինված է Թումանյանի «երկար հասակի վրա ստվեր նետելու նպատակով», այսինքն՝ մի ուրիշ վրեժխնդրության՝ Թումանյանից իր մեծության համար «վրեժ լուծելու» համար, ինչպես որ անում են ամբոխի մարդիկ մեծությունների հանդեպ․․․ դեռևս Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակներից սկսած․․․ Ես ինքս այդ միջավայրի՝ Լոռվա ծնունդ հանդիսանալով և ապրած լինելով այնտեղ, լսել եմ այդ ասեկոսեների նյութի մասին, նույնիսկ անուններ են տվել, քստմնելիորեն նկարագրել են, թե ինչպես են սպանել Ռոստոմին․․․ Հրանտ Մաթևոսյանն իր հիշատակված վեպում աղոտ ակնարկ է անում առ այն, որ այդ ասեկոսեներին մեծապես տոն է տվել Ակսել Բակունցի մի հոդվածը, երբ նա հողաչափ էր աշխատում, շրջում էր Հայաստանով մեկ ու նաև ընթացիկ հոդվածներ էր տպագրում։ Չգիտեմ։ Ռոստոմը քաջ տղամարդ է եղել, հավանաբար գենետիկորեն այդ շնորհը ժառանգած լինելով Թումանյանների հերոս նախնի Հովակիմից, որը հիշատակված է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում։ Հավանաբար նաև գեղեցիկ տղամարդ է եղել։ Հնարավոր էր, որ դա լիներ, բայց ինչպես գիտենք, շատ դեպքերում կանայք հենց իրենք են․․․ կամավոր տրվում այդպիսի տղամարդկանց (ներողություն եմ խնդրում այս նուրբ հարցում շատ խորանալու համար)։ Թումանյանն իր «Հառաչանք» պոեմում այսպիսի տողեր ունի․
Հո՛ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,
Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,
Դըրա խիզանը մենակ էս գիշեր
Պետք է որ գըցի տեղը էս աղի…

Սա գյուղի զոռբաներից մեկի խոսքերն են, որը այսպես չոբան Չատիին ներելու ստոր պայման է դնում։ «Հառաչանքի» ծերունին սա բնական է գնահատում․
Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում.
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի…
«Ադաթ կար սակայն էն մութ ձորերում»,- ասում է Թումանյանը, այսինքն․․․ «ըստ Շպենգլերի», քաղաքակրթության ժամանակի հետընկածություն կար կարծես թե, և քսաներորդ դարում Լոռվա ձորերում կարող էր դեռևս գոյություն ունենալիս լիներ նույնիսկ «առաջին գիշերվա ֆեոդալական իրավունքի» պես մի բան․․․
Ես այս հարցում անվերապահորեն հավատում եմ Հրանտ Մաթևոսյանի կարծիքին, զի Հրանտն այն ծայրաստիճանի խիստ բարոյականի տեր մարդն էր, որ ոչ կարող էր առանց նյութը խորապես ուսումնասիրելու մի բան գրել, ոչ էլ, հանուն Թումանյանի հեղինակության, «սվաղել» ինչ-որ եղելություններ։ Բացի դրանից, Հրանտի գյուղը՝ Ահնիձորը, Դսեղին ավելի մոտ է գտնվում, քան մերը՝ Արդվին, ու նա հավանաբար ավելի իրական բաներ է լսել իր շրջապատի զրույցներից, քան ես՝ իմ համագյուղացիներից․․․
Զավեն Բեկյան






