«Լուսաշղարշը», մեր փոքրիկ հողակտորն ու կյանքի հունտերը
«Երկրի քարտէզները կը փորձեն փոխել, տիեզերքը կ’ընդարձակի, կ’ընդլայնի, իսկ մեր փոքրիկ, շատ փոքրիկ հողակտորը, տիեզերքին հետ ընդարձակելու փոխարէն, մնաց ափ մը, ետքը ամբողջովին վարագուրուելու համար մեր տեսողութենէն» («Ափ մը տանջուած հող»)։
Մարիանա Պերթիզլյան-Ղազարյանը ընթերցողին է ներկայացնում իր վեցերորդ՝ «Լուսաշղարշ» ժողովածուն (Հալէպ, 2026)։ Հուշեր, խոհագրություններ, պատամվածքներ, որտեղ գրողը ներկա է իր հայացքով ու մտահոգություններով։ Ամենուր տեղաշարժեր են, ներսում, դրսում։ Աշխարհն ու տիեզերքը մեծանում են, հայ մարդու ապրելու և արարելու հողը սեղմվում է՝ դառնալով «ափ մի հող», որն աստիճանաբար «վարագուրվում է մեր տեսողությունից»։
2020 թվականի սեպտեմբերից հետո տևական դադար եղավ, որից հետո մեր գրողները փորձեցին յուրովի անդրադառնալ մեզ հետ կատարվածին՝ վերանայելով ու վերարժևորելով մեր անցած ճանապարհը, ներկան։ Մարիանայի դեպքում, իհարկե, այս ամենին միահյուսվել է նաև հալեպահայության ճակատագիրը՝ դառնալով կորստի և գոյատևման միասնական մի պատմություն։ Գիրքը սկսվում է «Մոռցուած երկրի լոյսերը» բանաստեղծությամբ։
«Լուսաշղարշ»-ում ընթերցողը տեսնելու է Մարիանային, որ Հալեպից է, բայց իրեն Վարդաշենցի է զգում․․․թեև նա ամենաքիչն ինքն իր մասին է խոսում։ Հեղինակն իր ներկայությունն ու կարոտը նուրբ, բայց հստակ դրոշմելու է յուրաքանչյուր պատմության մեջ, ինչպես որ անկեղծորեն խոստովանում է.
«-Վարդաշէնցի չէ՞ք։
Իսկ ինչպէ՞ս ըսեմ, որ թէեւ ես Հալէպցի եմ, բայց ինքզինքս Վարդաշէնցիի պէս կը զգամ։ Վարդաշէնը այն տարածքն է ուր առաջին անգամ ոտք դրած եմ հայրենի հողիս վրայ եւ Նոյի պէս՝ հոգեկան ջրհեղեղէ մը ետք իջեւանած՝ երազած աշխարհս։ Համալսարանի առաջին դասս պատրաստած եմ այնտեղ։
Ինչ պատասխան տամ գրադարանավարուհիին, ո՞վ եմ ես,Վարդաշէնցի չեմ եւ ի՞նչ կ’ուզեմ Վարդաշէնէն ․․․ Վարդաշէնը ապրած ու քնացած առաջին վայրս է, իմ Էրեբունիիս քով, որուն ծննդեան վկայագիրը կուգայ մեր թուարկութենէն առաջ» (Երեւանեան տաք ամառ բաբախող սիրտը)։
«Լուսաշղարշն» ամենևին էլ չի շղարշում իսկությունը. հեղինակը չի հեռանում իրականությունից, իսկ լույսը/արևալույսը կարմիր թելի պես անցնում է սկզբից մինչև վերջ։ Ոչ մի կարևոր իրադարձություն նրա ուշադրությունից դուրս չի մնում՝ համավարակ, պատերազմ, գաղթ, բռնագաղթ․․․ Մեր օրերի վավերագրությունը կրկնում է նախնիների անցած ուղին՝ գաղթի ճանապարհն ու վերապրելու ուժը։
«Ի՜նչ զուգադիպութիւն, իր ծնողքը եւս անցած էրայս ամէն արհաւիրքին մէջէն, հիմա կարգը իրեն էր կարծէք.պատմութիւնը ինքզինք կը կրկնէր։ Անոնք կրցած էին փախչիլ, Հալէպ գալ. հիմա Հալէպէն ո՞ւր պէտք է փախչիլ։ Յանկարծ մէկը փողոցի դուռը կը հրէ: Հօրաքոյր… հօրաքոյր գոչելով» (Մաքուշ մրքիրը)։
Մտորումները շատ հեռու են տանելու՝ արձակագիրը քննում է մարդկության պատմությունը՝ նախնադարից մինչև այսօր։ Թերթում ենք «Ճնճղուկներ քարանձաւի վարագոյրէն անդին» պատումը։
Քարանձավից գտած հինգհազարամյա հնության կոշիկը առանձնապես չի ձևափոխվել. ուրեմն մարդն էլ նույն մարդն է՝ քարանձավային դարերում ապրած, որ կարող է խժռել իր նմանին։
«Ժամանակներ եղած են, երբ մարդը խժռած է իր նմանը։ Եթէ նոյնիսկ ծիսական դրդապատճառներով եղած է այս արարողութիւնը, դարձեալ մարդկային բնազդը հեռու չէ եղած կենդանական բնազդէն:Նախամարդը քարանձաւէն դուրս եկած եւ անգամ մըն ալ չէ՞վերադարձած: Մէկ ոտքը ներս, իսկ միւսը դուրս մնացած է, ինչ որ կ’ըսէ մեզի այս վեց հազար տարուան կօշիկը, որ աշխարհի հնագոյն կօշիկն է ցարդ յայտնաբերուածներուն մէջ»։

Իսկ ո՞րն է ելքը, որտե՞ղ է լույսը․․․ Հեղինակը ցավով արձանագրում է. «Մարդն ալ անասուններու նման գիշատիչ է, գազանաբարոյ,արիւնարբու, երբ անոր հոգին չէ լուսաւորուած վերերկրային կենարար լոյսով։ Պատերազմներն ու արիւնահեղութիւնները յստակօրէն նոյնը կ’ապացուցեն»։
Հենց այդ լույսի ու հավատի միջոցով էլ տեղի է ունենում մեծագույն խորհուրդը. «Աստուածորդւոյն միջոցով, մենք կը կատարելագործուինք, կը փոխակերպուինք աստուածային տաճարներու»։ Սերն ու զոհաբերությունն են գալիս փրկելու մարդուն, քանզի «Աստուածային գիտութեամբ լեցուն մարդը անկարող է այդպիսի բաներ ընել»։
«Մարդ տեսակի մեծագոյն բաղձանքն է անմահութիւնը»,- այս բանաձևը մարդուն մարդ պահելու, լույսը չկորցնելու, կյանքից-կյանք անցնելու, միմյանց չկորցնելու ուղեցույց է դառնալու գրքում։
Գիրքը նվիրված է «Արցախի պաշտպանութեան համար զոհուած հին եւ նոր, յայտ եւ անյայտ ծանօթ եւ անծանօթ բոլոր քաջամարտիկներուն եւ իրենց մայրենի հողէն զրկուած մեր քոյրերուն եւ եղբայրներուն»։
Հեղինակը խոսում է մայրերի ցավի, կորուստների մասին, բայց և վստահ է, որ մոր սերը մահից հզոր է։
«Ապրող մարդոց մէջ չգտանք, ոչ ալ նահատակներուն աճիւններուն մէջ։ Գերիներուն մէջ եթէ ըլլար, թերեւս աղօտ յոյս մը ունենայինք։ Շիրիմներուն մէջ անունդ չկայ, զինուո՛ր»։
«Ոսկորներդ ամենակարող զօրութեամբ գոյացան մօրդ սրտին մօտ, սկզբնաղբիւրդ՝ ծնողներդ, ստեղծիչին հետ, քեզ կերտեցին: Արմատներդ, ծիներդ պահուած են ծնողքիդ եւ հեռաւոր մշուշապատ լեռներուն մէջ։ Երբեք չես կրնար կորսուիլ:
Պահպանուած է, ոչ միայն հետքդ, պահպանուած ես դուն՝ քու ամբողջութեամբդ փորագրուած քու ստեղծիչիդ ափին մէջ, անպահած է քեզ իր բիբերուն մէջ եւ մտածումներուն կիզակէտին վրայ:
Դիմեցինք Անոր, այդ պատճառով մեր յոյսը չենք կորսնցուցած։ Չենք վհատիր:
Ամուր մնա՛, սարի պէս, սիրոյ պէս: Սէրը՝ մօր սէրը մահուընէ աւելի զօրաւոր է» (Անհայտ զինուորին)։
«Դուն հեռու ես զինուոր:
Դուն լուռ ես զինուոր» (Լուսաշղարշ հորիզոն)։
Հեռու ու լուռ զինվորներն ընթանում են դեպի լուսաշող հորիզոնները։
Գրքում խորհրդանշական ու առանձնացող է հալեպցի Մաքուշի պատմությունը։
«Մաքուշի կեանքի մայրամուտին, զինք տանջող միակ մտածումը, որ ան չէր կրցած մտահանել, բոլոր հայերուն տեղափոխուիլն էր Նոր Գիւղ, իսկ ինք՝ ոչ։ Նոր Գիւղը բնակութեան աւելիյարմարաւէտ պայմաններ ունէր եւ քաղաքի կեդրոնին մօտ էր։ Միայն ինք մնացած էր այդտեղ, այդ լերկ լեռան գագաթին, ուր իրմէ զատ ո’չ մէկ հայ մնացած էր»։
Այս պատմությունը հիշեցնում է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը, բայց հակառակ կողմից. այստեղ Մաքուշի հանդեպ մարդասիրություն են դրսևորելու ոչ միայն հարազատները, այլև օտարները։
«Թաքնուած Արիւնակիցները» գրքի վերջին պատումն է։ Սա յուրօրինակ մի հայացք է ինքնությանը, անցյալին ու հիշողությանը։ Գաղթի ժամանակ հայ մայրերը կամավոր, բարի արաբներին են հանձնում իրենց երեխաներին, որպեսզի նրանք ապրեն ու չմահանան։ Հեղինակն այս պատմական ու անձնական ողբերգությունը վավերագրում է իր հուշերի միջոցով.
«Կը յիշեմ եօթներորդ դասարանի հայերէնի ուսուցիչս՝ Հայկ Պարիկեանը, որ Ապրիլեան օր մը, պատմած էր, մեզի՝ աշակերտներուս, թէ ինչպէ՞ս իր մայրը, նոյն այդ Սեպիլի տարածքին մէջ, ուր հազարաւոր մահամերձ որբուկներու ապաստանն էր, արաբի մը յանձնած էր զինք՝ երկու տարեկան Հայկին, որ կարենար գոյատեւել»։
Ամիսներ անց փորձում է վերադարձնել որդուն, սակայն դիմադրության է հանդիպում ոչ միայն խորթ ծնողների կողմից. Հայկն ինքն էլ չի ձգտում վերադառնալ մոր մոտ։
Հիշողությունը արթնանալու էր մայրական օրորոցային երգով։ Այդ մեղեդին դառնում է կորսված ինքնության բանալին։
«Յուսահատած հայ մայրը կը դիմէ հնարքի։ Օրորոցային այն երգը, որ կ’երգէր զաւկին սնարին, հազիւ սկսած էր երգել, Հայկը ճչացած եւ մօր գիրկը նետուած էր, յուզելով խորթ ծնողները, որոնք արցունքոտած աչքերով վերադարձուցած էին Հայկը իր հարազատ մօր»։
Թեև նման պատմություններանցյալից շատ են հայտնի, այդուհանդերձ, Մարիանա Պերթիզլյան-Ղազարյանը ընդհանրացված ցավին տալիս է կոնկրետ դեմք ու ճակատագիր՝ վերակենդանացնելով պատմության էջերը։
«Լուսաշղարշ» ժողովածուից առանձնացրել եմ տողեր, որոնք յուրովի խտացնում են մեր օրերի իրականությունն ու պատմական անցյալը։
«Անվերջ կարօտներ հայրենի հողի կարօտ, զաւակի կարօտ, ծնողներու կարօտ» ( Տար ինձ այդ խորանը)։
«Մեր զաւակները ծնան անհոգ, բայց տարագիր» (Տար ինձ այդ խորանը)։
«Արդարութիւնը ցօղի պէս կը հասնի, ուժ կու տայ» (Անհայտ զինուորին)։
«Շիրիմներուն մէջ կեանքի հունտերն են, բոլոր ննջողներուն» (Ահազանգ)։
Արմինե Սարգսյան






