Արամ Ավետիս ԳրաԴաշտ

Արամ Ավետիս․ ՃառաԳԱՅԹՈՂԸ

Արամ Ավետիս․ ՃառաԳԱՅԹՈՂԸ

ԵՎ ԵԹԵ ԳՐԱԳՈՂԵԼ ՈՒՐԵՄՆ ՄԻԱՅՆ ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻՑ։
…

Ու իմ աննիրհության խճճված ու հիվանդ թելը արթնությանս անեզերք սարդերն են քանդում ու գիշերվա քունը քարկապ-արքայությունն է որը երբեք չի արձակվի իմ աչքերի դիմաց։

Երանի ինձ որ ես ի տարբերություն ձեզ չեմ տեսնում իմ ապրելու այս ակնթարթը բայց կտեսնեմ ամբողջ գեղեցկությամբ իմ մահվան հավերժությունը։

Ու թռչունները բառեր չեն բայց նայելով երկնքին ես նրանցով եմ գրում այս կապույտ ու անհայտ լռությունը։
…

Եթե պետք է լռել ապա միայն Բանաստեղծության պես եթե պետք է ճչալ միայն Սպիտակ Թղթի նման։

Միայն լուսանցքից դուրս է խլուրդը տեսնում աստծուն։
…

Ժանսեմյան արևածաղիկները վանգոգյան արևածաղիկների օրգազմն են ու ժամն է եկել սիրո ու իրար մեջ խառնվելու ու խոստովանելու որ թեպետ ականջս կտրված է բայց քո հաճույքի ձայնը ես լսում եմ դեռ ու իմ համբույրով մակագրում քո կատարյալ չմակագրված մարմինը ու մակագրությունս մակարդվում է քո մեջ ու իմ անհայտությունը նորովի է կարդացվում քո շրթունքներով ու մենք մեր լեզուներով օրորում ենք իրար ու գտնում նոր բառեր մեր հոգու կոտրված ու հիասթափված ծաղկամանների բեկորները կրկին ծաղկեցնելու համար։

Կեցցեն այն ծաղիկները որ մեր մարմինների ցանցից ու ցավերից են ելնում։

Աստված քո հեշտոցը ստեղծեց վանգոգյան արևածաղիկների ինքնասպանված թերթիկներից։

Ժանսեմյան արևածաղիկների ստվերում նստած ես նետում եմ իմ սեփական ստվերը որը շքեղ նեխում է ինձնից ավելի դանդաղ։

Իսկ կտավի հետևում լոկ հաստ պատ է հանճարեղ անհաղորդություն աշխարհի բոլոր կտրված ականջների համար։
…

Ես վերցնում եմ քարը և նրանից պոկում եմ ամենայն ավելորդը ասում էր Միքելանջելոն արձան ստեղծելու մասին։

Ու ես մտածում եմ թե ինչպես եմ ես գրում ու իմ մեթոդի մասին հասկանում եմ այն որ
ԵՍ ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ՃԻՇՏ ՄԱՍԵՐՈՒՄ ՉԵՄ ԳՐՈՒՄ ՈՐՊԵՍԶԻ ՍՏԵՂԾԵՄ ԿԱՏԱՐՅԱԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՎԵՐՋՈՒՄ ԿԱՐԴԱԼՈՎ ԻՄ ԳՐԱԾԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՈՐ ԱՅԴ ՉԳՐՎԱԾ ՄԱՍԵՐԸ ԱՎԵԼԻ ՀԱՆՃԱՐԵՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ։

Օ ՈՐՔԱՆ ԵՄ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ։
…

Առավոտյան երբ աչքերս բացվում են ես երազիս խտությունը թուլացնում եմ բանաստեղծություններով ու լինել ու չլինելու մեջ ընտրում եմ ապոլիներյան եռման ու նազարեթյան ներման պոեզիան ու բերման ենթարկելով անաստված ու զարթոնք խոցերս կանգնում եմ անզրահ ու զրկանք կրած հորիզոնիս դիմաց ու մտածում որ հեռուն այնտեղ է որտեղ վերքը Քրիստոսի քերականությունն է։

Իսկ նավաստիները ստորացված անեզրության կնճիռների մեջ իրենց հոգնատանջ աչքերով սեփական առագաստների խրտվիլակներն են տնկում։
…

Սպիտակ թուղթն իմ կարիքն ունի որպեսզի անվերջ չգրվի չգրվի չգրվի….

Ու ես սերմնաժայթքում եմ սպիտակ թղթի վրա քանզի նա է ինձ համար  միակ բացարձակ ու թուրմ-աներևույթ Վեներան։
…

Ես անլույս Ուլիսես ու դրա համար ճանապարհը իմ միակ ճառագայթն է միակ մութ գայթակղությունը ու դրա համար այս քաղաքում տեսնելով մարդկանց կտրված էլեկտրական լեզու-լարերը ես հասկանում եմ որ ես ոչ այլ ոք եմ քան ճառագայթի գողը կամ հենց ինքը ՃառաԳԱՅԹՈՂԸ։

Դիմացովս քայլող աղջկա մազերը քերծում են այդ օդը որ ես ցավով շնչում եմ հետո նա հանկարծակի թեքվում է ու հեռանում ուրիշ ճանապարհով….
….բայց կան վարՍԵՐ որ մի ամբողջ կյանք են խճճում….

Կասանդրա քո սանրի վրա հավաքված մազերովդ գուշակություններ արա ու ասա արդյոք իմ շրթունքների ապագան խաչվում է քո շրթունքների ապագայի հետ կամ թքած թեկուզ և նրանց անցյալի հետ։

Իսկ չսանրված անսահմանությունը սնուցում է իմ ներքին սանդուղքը ու նրա վերևում ինձ սպասում է փակ դուռը ու նայելով նրան ես հասկանում եմ որ ԱՄԵՆԱՅՆ ՓԱԿ ԴՈՒՌ ԻՄ ԿՈՂՈՍԿՐԻՑ Է ՍՏԵՂԾՎԱԾ։

Ու մենք շարունակում ենք ապրել այս անծայրածիր անհայր անհայտության մեջ։

Ու տուր ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՏԻՐԱԶՈՒՐԿ իմ մեղքերին ճառագայԹողություն։

Ես թեկուզ այս պահին և հոսանքազուրկ անհարմար ու համր բայց վաղն անպայման անմահ Ուլիսես….
…

ԵՍ ԻՄ ԱՐԵՎԱՄԱՀ ԲԱՌՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ!!!