ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Չինական ժողովրդական ասացվածքներ (2)

Չինական ժողովրդական ասացվածքներ (2)

Սկիզբը՝ այստեղ

Շնաձուկը ուրախ կլինի, եթե ամբողջ աշխարհը ջրի տակ հայտնվի։

Փոքր մարդն էլ կարող է  ունենալ մեծ ցանկություններ։

Տան մեծը տան գանձն է։

Հիմարին ոչ մի դեղով չես բուժի։

Անտեղի գովասանքը քննադատությունից էլ վատ է։

Հարգիր մարդուն, և ոչ թե նրա հագուստը։

Աղքատ ես՝ մի՛ խաբիր, հարուստ ես՝ մի՛ գոռոզացիր։

Առանց կրակի ցախը չի վառվի։

Ծանակումը արատներից առաջինն է։

Դեմքի վրայից կեղտը կարելի է լվանալ, կեղտը սրտից չես մաքրի։

Գայլը մինչև մահ մտածում է ոչխարների մասին։

Գինին փոքր գավաթից ըմպիր, գիտելիքը՝ մեծ։

Գարնանային քամիները ամառային անձրևներ են բերում։

Գարունը կարծես երեխա լինի, օրվա մեջ երեք անգամ փոխվում է։

Առանց մեծ կասկածի մեծ իմաստության չես հասնի։

Մարտական ձին սիրում է ճակատամարտի աղմուկը։

Հարուստը տարվա ցանկացած եղանակին հագուստը փոխում է, իսկ աղքատը բոլոր չորս եղանակներն էլ միևնույն հագուստով է դիմավորում։

Գյուղում քամի է, քաղաքում՝ անձրև։

Առ դրախտը ճանապարհ կա, բայց ոչ ոք չի գնում, բանտի դարպասները պինդ փակ են, բայց մարդիկ թակում են։

Ննջարանում կին ու ամուսին են, ննջարանից դուրս՝ ծանոթներ։

Անգամ Բուդդան անզոր է մարդու կամքը կոտրել։

Եթե ցանկանում ես լավ ուտել, խոհարարին մի վիրավորիր։

Հիմարի արժանիքները իմաստունի թերություններից ավելի լավ են։

Եթե խիղճդ մաքուր է, մի վախեցիր դռան գիշերային թակոցից։

Թունավոր օձը թունավոր էլ մնում է, անկախ նրանից՝  բարակ է, թե հաստ, վատ մարդը ցանկացած հեռավորության վրա էլ, միևնույն է, վատ մարդ է։

Ուսուցիչը երբեք իր գրքերի մասին չի մոռանում։

Լավ է, թե վատ է, բայց դա իմ հայրենիքի գինին է։

Ե՛վ աղը, և՛ շաքարը սպիտակ են, բայց երբ քաղցր բան ես պատրաստում, դրանք մի՛ շփոթիր։

Երբ փառքից փախչում ես, այն քեզ հետապնդում է։

Եթե երեխաներ չունես, անկողինը մեղավոր չէ։

Ամառային անձրևը հաց է։

Համբավը թևեր չունի, բայց թռչում է։

Աշխատանքը վախենում է համառ մարդուց։

Պետք է աշխատել՝ հիվանդ է, պետք է ուտել՝ առողջ է։

Փողերով վիշապ է, առանց փողի՝ ճիճու։

Չնայած խիղճը ատամներ չունի, բայց կարող է խեղդամահ անել։

Մարդը կենդանի գանձ է, հարստությունը՝ մեռած։

Մարդը շահը տեսնում է, բայց վտանգը չի նկատում։

Վարպետությունը կատարելագործվում է աշխատասիրությամբ, բայց ծուլության հետևանքով կորչում է։

Վախեցիր, որ ծույլը դաշտը չի հերկի, իսկ որ դեղին օձը չի ծնի՝ դրանից մի վախեցիր։

Արագ բացիր աչքերդ, դանդաղ փակիր բերանդ։

Անծանոթ միջավայրում լավ է փող աշխատելը, ծանոթ միջավայրում՝ Ամանորը նշելը։

Փոխադարձ վստահությունը ընկերության հիմքն է։

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը