«CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոն
Հայաստանում հոկտեմբերի 15-ից հունվարի 17-ը կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։ Այն կմեկնարկի հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որտեղ կներկայացվի «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։ Այս բազմազան գեղարվեստական մոտեցումների միջոցով ցուցադրությունը քննում է, թե ինչպես է ձևավորվում մեր աշխարհընկալումը՝ տեսանելի և սովորական զգայական ընկալման սահմաններից դուրս գործող ուժերի ու գործընթացների ազդեցությամբ։ Արևի լույսը, մագնիսական դաշտերը, երկրաբանական նյութը, կենսաբանական ձևերը, տիեզերական ճառագայթումը և էլեկտրամագնիսական ազդանշանները այստեղ դառնում են մեր ընկալման ուսումնասիրության յուրօրինակ միջոցներ՝ բացահայտելով, թե ինչպես է այն ձևավորվում տեխնոլոգիայի և մեզ շրջապատող նյութական աշխարհի փոխազդեցության տիրույթում։
Natura Naturans ցուցահանդեսը սերտ երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության և տարածական ռիթմի հետ։ Ներքին և արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը և շրջակա քաղաքային միջավայրը անմիջականորեն առնչվում են ցուցահանդեսի՝ լույսի, ընկալման, նյութական գործընթացների և տեխնոլոգիական համակարգերի հանդեպ հետաքրքրությանը։ Այս համատեքստում Կասկադը պարզապես ցուցադրության վայր չէ. այն Natura Naturans ցուցահանդեսի ընկալման և իմաստավորման անբաժանելի մասն է։
Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկեր։ Ծրագրում միահյուսվում են կենդանի էլեկտրոնային երաժշտությունը, փորձարարական կոմպոզիցիան, պերֆորմանսը և տարածական լսողությունը, իսկ ձայնը դիտարկվում է որպես տարածությունը, նյութը և հաճախ տեսողական դաշտից դուրս մնացող գործընթացները զգալու յուրօրինակ միջոց։
«CYFEST 17» փառատոնն անցկացվում է «CYLAND» հիմնադրամի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր հովանավորն է «Frants» հիմնադրամը։ Նախագիծն իրականացվում է Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի, Ռուսական, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան արվեստի ուսումնասիրության կենտրոնի (CSAR), MOMus ժամանակակից արվեստի թանգարան — Կոստակի հավաքածուի, «ARé Fest»-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ինժեներական քաղաքի և «Art in Country of Tokyo» (AICOT)-ի հետ համագործակցությամբ։






