Թանգարան

Ամենահին արվեստային տեխնիկան և սթրիթ արթը

22.02.2023

Փետրվարի 24-ին` ժամը 10:00-ից, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» կգործի «Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ» ցուցադրությունը։ 

Սիրանուշ Աղաջանյանը այն եզակի արվեստագետներից է Հայաստանում, ով, կարելի է ասել, միայնակ ստանձնել է աշխարհի ամենահին արվեստային տեխնիկաներից մեկի՝ խճանկարի վերածնունդը և վերաիմաստավորումը ժամանակակից արվեստի, այդ թվում` սթրիթ արթի ուղեծրում։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Արցախում նա ստեղծեց մեծածավալ խճանկար-թիթեռներ՝ «Հետպատերազմյան թիթեռներ/Սիրահարանք» անվանումով։ Սիրանուշի համար թիթեռների գաղափարը ծնվել է որպես նոր կյանքի, վերածննդի և սիրո մարմնավորում։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» ներկայացված «Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ» ցուցադրությունը, շարունակելով հետպատերազմյան «Սիրահարանքի» թեման, տարբերվում է, որովհետև այստեղ թիթեռները նոր կերպարանք են ստանում։

Գրադարանի ողջ պատի երկայնքով տարածվող թիթեռները դեկորատիվ կերամիկայից և բնական քարերից են, որոնք այս պատկերների փիքսելներն են: Մարդկության պատմության ամենահին արվեստային տեխնիկաներից մեկը հազարամյակների խորքից ձեռք է մեկնում 21-րդ դարի մարդուն, ում համար թվանշային փիքսելը հեռախոսների և համակարգիչների էկրանների վիզուալ հաղորդակցման հիմքն է։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, առաջին անգամ ներկայացնելով Սիրանուշ Աղաջանյանի խճանկարային աշխատանքը «ՎԱՂԸ» խմբային ցուցադրության շրջանակում 2021 թվականին, այս նախագծի միջոցով շարունակում է ուղիներ հարթել սթրիթ արթի համար՝ փողոցային միջավայրից տեղափոխելով թանգարանային, որքան էլ դա հակասական հնչի։

Ցուցադրությունը կգործի փետրվարի 24-ից հունիսի 4-ը։ Մուտքն ազատ է։

No Comments

Leave a Reply