Մեծ պապիս անունը Արամ է: Անունս ամենևին նրա հետ կապ չունի: Նա իրենց բակում է զոհվել Առաջին պատերազմի ժամանակ, իրենց դռանը՝ դպրոցի ետնաբակում: Ասում են՝ իր հորդացող արյունը, որ պառկած տեղը տաքացրել է նրան, զգացել է, որ գնում է: Ձեռքը տարել է բամբակաբաճկոնի գրպանը, տան բանալիների տրցակը հանել, որ՝ «Աշոտին կտաք» ու՝ աչքերը փակել: Մեծ տատ Անուշն էլ անտեղյակ՝ ստեփանակերտներում, աբովյաններում երեխաների տանն էր էդ ժամանակ: Նա ամուսնուց հետո տարուկես է ապրել: Թե ասես՝ մի սեր եմ տեսել նրանց մեջ լավ տարիներին՝ սուտ կլինի: Աչքերից չի գնում պապին՝ իր մահից տարի առաջ սպանված թոռան՝ Համլետի թաղմանը: Համլետը Կիչանի դիրքում է զոհվել, առաջին զոհը: Էն ժամանակ դեռ չգիտեինք՝ սպանվելն ինչ է: Ապրիլ էր էդ օրը, հանկարծ էլ մեծ փաթիլներով ձյուն եկավ՝ դագաղը դեռ փոսի մեջ չդրած:
Անուշը խոյեցի է, ստացվում է՝ ես էլ եմ մի կողմով պարսկահայ: Բայց պատմում են, թե զոռով է Արամի հայր Սարգիսը համաձայնություն տվել, որ ավագ որդին գնա Ծմակուհող, խոյլու սազանդարների տնից աղջիկ ուզի: Ասել է.
-Արա՛, Արա՛մ, ու՞մ ես գնացել՝ ուզես, գյալմա խոյլու մեկի՞ն: Դա նույնն ա թե՝ խնդեղնը բերես՝ խնձորի վրա պատվաստ անես:
Պատմում են, որ զարմանալի, բծախնդիր, գրագետ մարդ էր նա, նախ, Սարգիսը՝ շենի քյոխվան: Հետո էլ՝ Արամն է հետագայում պատմել, որ «մեր Կարապետյանները Թավրիզ կամերչեսկի բանկ են ունեցել, իսկ ապան՝ մի հաստիկ կիր ուներ, սաղ օրը կարդում էր: Որ հանկարծ մինը դուռը ճռռացներ՝ իսկույն փակեր, կոխեր թախտաշորի տակը: Ասեր՝ էս կիրի մասին Նիկալայ ցարը որ իմացավ՝ դաստի կախաղա՛ն..»:
Ես էլ անհամբեր հարցնում եմ.
-Բա ի՞նչ գիրք էր, պապի, ի՞նչ էր գրած վրան:
-Միտս չի՝ ինչ էր գրած վրան, բայց վերջին թղթի վրա միտս ա որ գրած էր՝ դալոյ արուժի ի մանետի:
Արամ պապը իր սպանվելու օրը կանչվել էր մեր վաշտ: Հայրս էր մարդ ուղարկել, խնդրել, որ գա: Արամը հորս զոքանչի հայրն է, բոլորին «չէ» կասեր, բայց իսկական, միշտ հարգված փեսային՝ երբեք: Նա վաշտը կանգնեցրել է, թե՝ «Արամ դայի, բարձրանում ենք սարերը, թուրքը եկալ ա Ճռռանա Հարթը: Բարիաջողումի, օրհնանքի մին էրկու խոսք ասա, ձեռքդ մաքուր, թեթև մարդ ես, գնանք-գանք:
Մեծ պապը, 86 տարեկան, կարճ, սիրտը տապտապելով՝ խոսել է.
— Թո՛ղ մազ չընկնի ձեր գլխից, գնացե՛ք, բայց լավ գիտացեք, որ թորքը դեռ ոտ չի դրել իր կյանքում էս շենումը: Էս կարամ ասեմ…
Կարճ կապեմ. մեծ պապս զոհվել է կռվում, մեծ քեռուս տղան՝ ասացի, Համլետը՝ նրա թոռը՝ ցուցակի առաջին սպանվածն էր: Համլետը թոռն է, ես՝ ծոռը: Զոհվել են երկու հորքուրներիս որդիները՝ Մխիթարն ու Սանասարը: Մխիթարը կարող էր իր համար Աբովյան նստել, կայֆեր անել, բայց եկավ-գնաց Շուշիին մասնակցեց, խելագարի նման ամեն մարտում եղավ: Սրտի ցավն էլ ո՞րն է… մի շաբաթից հետո կռիվը պիտի կանգներ՝ հրադադար, նա սպանվում է Թալիշ: Մարտական խաչ են տվել: Աբովյանի աչք ընկած տղաները ճանաչում են նրան, հիշում:
Քեռիս է ծանր վիրավորվել, մի տարվա չափ Երևան հիվանդանոցներում տանջվել, բայց մի կողմից էլ բախտը բերել է՝ կենդանի է մնացել: Վերջին կռիվներից մեկում հորեղբայրս է վիրավորվել Մղոզ: Հիմա դառնացած ապրում է իր համար: Եղբայրս Աշոտն է, մի ամիս մնացած խաղաղությանը, ծանր վիրավորվել: Պիտի մինչև կյանքի վերջ տույժը կրի, բայց երեք զիլան որդի ունի նա: Պիտի նաև մեծ գերդաստան դառնա նրա ընտանիքը:
Մի խոսքով, մերոնցից ես ու հայրս ենք բարի աստղի տակ ծնվել, ո՛չ վիրավորվել ենք, ո՛չ էլ՝ սպանվել:
Մեծ պապ Արամի տան ծուխն ահա կտրվել է: Համլետ թոռը զոհվել է, ասացի, Աշոտը՝ նրա եղբայրը, որին շունչը փչելիս բանալիները ապսպրել է Արամը, էդպես էլ չի պսակվել, վերջերս հանդում սրտի կաթված է ստացել: Կարապետյանների տունը մնացել է անտեր: Մերոնք, վերջերս, Հովտաշենից տունտեղ թողած եկած ընտանիքի են տվել, որ ապրեն:
«Կռվով հանված, բերված մարդիկ…»՝ մեր կողմերին են ասում…
No Comments