Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան ՏեսաԳիր

«Արցախ» կամերայինի նոր շնչառությունը

06.07.2024

Դիտել գրառումը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) սրահում կայացավ «Արցախ» կամերային նվագախմբի համերգը։ Քսան տարի ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի կամերային նվագախմբի գործունեությանը, այժմ ևս շարունակվում է աջակցությունը։

Վստահաբար կարելի է ասել, որ նվագախմբի կյանքում կատարվել է բեկումնային իրադարձություն․ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրժորի առաքելությունն ստանձնել է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը ղեկավարում էր համերգը ՀԲԸՄ-ում։ Երեկոյի պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

Ինչպես նշվեց համերգը բացող ելույթում, նախաձեռնության «կնքահայրը» Նարեկ Հախնազարյանն էր, «կնքամայրը»՝ Հասմիկ Պապյանը։

«Արցախ» կամերային նվագախմբի համար այս համերգը պարզապես ելույթ չէր, այլ ոգեղենության, երաժշտական աշխարհի մեծերի հետ միևնույն բեմում գտնվելու աննկարագրելի իրադարձություն, որի ունկնդիրներն էին թե՛ մշակույթի ու դիվանագիտական դաշտի անվանի գործիչներ, թե՛ արվեստասեր հայաստանցիներ և արցախցիներ, որոնք երեկոյի մթնոլորտում կարողացան շոշափել վերապրումի ու վերածնունդի առարկայական հիմքեր։

Նարեկ Հախնազարյանը ոչ միայն հանդես եկավ իբրև նվագախմբի դիրիժոր, այլև ծրագրի համարներից մեկի՝ Չայկովսկու Andante Cantabile-ի կատարման ընթացքում համատեղեց դիրժորի և վիրտուոզ մենակատարի բարդ գործառույթները։

Հասմիկ Պապյանի աստվածատուր ձայնը երաժշտական և մարդկային հույզերի մի անպատմելի թևաբախումով լցրեց ՀԲԸՄ-ի համերգասրահը։

Համերգային ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Մոցարտի, Չայկովսկու գործիքային և վոկալ ստեղծագործությունները։

Օրվա բարձրարվեստ մթնոլորտը նվագախմբի անդամներին և ունկնդիրներին ներշնչել էր բացառիկ մի լավատեսություն՝ արցախցի երաժիշտների և նրանց տաղանդավոր ղեկավարի ստեղծագործական հետագա հաջողությունների հանդեպ։ Թող որ սխալված չլինենք այս զգացումների հարցում։

Ներկայացնում ենք երեկոյից մեկ տեսանյութ․ Բարսեղ Կանաչյան, Օրոր, «Արցախ» ԿՆ, մենակատար՝ Հասմիկ Պապյան։

Կարինե Ռաֆայելյան