Արցախ Թատրոն Վովա Արզումանյան

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան վերաբացվել է Երևանում

01.11.2023

«Արի՛ «Ծիլ». վաղը պարտավոր ենք պտուղ տալ մեր երկրին». այս կարգախոսով է Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան վերաբացվել Երևանում` իր մեջ ուժ գտնելով շարունակել ստեղծագործական ուղին, որը սկսել է Արցախում։ Այս թատրոն-ստուդիան հիմնադրվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ իր շուրջը համախմբելով փոքրիկ հանդիսատեսին։ Հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանը ժպիտով է հիշում այն բարդ ու հակասական օրերը, որոնց միջոց անցան։

Արմեն Գաբրիելյանը



«Տիկնիկներս էլ են կյանք տեսել, աշխարհ տեսել, ցավի մեջ ապրել, ձայներ լսել, բայց երջանկություն են սիրում, ապրել են ուզում, ուրախացնել են ուզում»,- ասում է Արմենը, ափսոսալով, որ տիկնիկների մեծ մասը թողել է Ստեփանակերտում։ Այլ գույն ու ռիթմ ունեին այնտեղ բեմադրված ներկայացումները, ուրիշ ոգի, կյանք ու էներգիա կար դրանց մեջ։ Անցած տարիների ընթացքում «Ծիլ»-ում բեմադրվել են բազմաթիվ ներկայացումներ, դրանք ցուցադրել տարբեր համայնքներում, բազմաթիվ երեխաների ժպիտ են պարգևել։ Նաև տարատեսակ դասընթացներ են կազմակերպել, հատուկ ուշադրություն դարձրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ապահովելով նրանց կրթամշակութային ժամանցը։

Ստուդիան բազմաթիվ առանձնահատկություններ ունի։ Դրանցից թերևս ամենակարևորը բարբառի պահպանումն է։

Երբ Արցախից բռնի տեղահանվելու լուրը հաստատվեց, անգամ այդ ժամանակ Արմենը փոքրիկների համար ներկայացումներ էր խաղում, հեքիաթ ընթերցում, փորձում էր երեխաների համար փոքր ինչ մեղմել բառերով չնկարագրվող իրավիճակը։

«Ամեն պահ հոգեվիճակների բախում էր։ Անգամ այդ վայրկյաններին չէինք հավատում, որ պետք է լքենք մեր տունը, մեր հայրենին, մեր կերտած պատմությունը, եղբայրների շիրիմները… Ծանր է, անբացատրելի ծանր»,- վերհիշում է Արմենը։

Այս պահին Արմենը Երևանում խաղացանկային ներկայացումներն է վերականգնում։ Բացի այդ, շուտով Կոմիտաս վարդապետին նվիրված «Սկիզբ» ինտերակտիվ-ուսուցողական ներկայացման առաջնախաղն է կայանալու։

Արմեն Գաբրիելյանը նշում է, որ անգամ այս շրջանում չպետք է դադարել ստեղծել, որովհետև ստեղծելու մեջ է ապրելու շարունակական ցանկությունը։ Վստահեցնում է․ «Վստահ եմ` ամեն նոր ծիլ հզոր արմատ է դառնալու»։

Հավելենք, որ «Ծիլ»-ը վերաբացվել է Գրականության և արվեստի թանգարանի հարկի տակ։

Վովա Արզումանյան

No Comments

Leave a Reply