Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգասրահում սեպտեմբերի 23-ին կկայանա Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը կհնչի «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Համերգին անսամբլը հանդես կգա դիրիժոր Արթուր Աքշելյանի ղեկավարությամբ։
«Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության պատվերը և մտահղացումը ծնվել է հենց Դիլիջանում, այդ նույն համերգասրահում, երբ պարոն Հայրապետյանը ստեղծագործում էր, իսկ Ուրվականի թիմը առաջին անգամ գնացել էր տարածքի ուսումնասիրություն անելու և ծանոթանալու միջավայրին։ Նշենք, որ ժամանակակից կոմպոզիտորներին ստեղծագործություններ պավիրելու գաղափարը Ուրվականում կրում է համակարգային բնույթ։ Տարեցտարի մենք նպաստելու ենք հայ կոմպոզիտորների կողմից էլ ավելի շատ ստեղծագործությունների ստեղծմանը և դրանց հանրայնացմանն ու միջազգային ճանաչմանը։ Դա մեր փառատոնի կարևոր առաքելություններից մեկն է։ Մեր նպատակները և գործողությունները բխում են մեկ տրամաբանությունից՝ ապահովել առաջընթաց և նոր հնարավորություններ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների համար, ովքեր միշտ ձգտում են անել ավելին և հեղինակում են լավ ստեղծագործություններ»,-նշում են փառատոնի կազմակերպիչները։
Բացի Հայրապետյանի ստեղծագործությունից, կհնչեն նաև կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի՝ թավջութակի համար գրված «Lockdown [Notifications.exe II]» ստեղծագործությունը, Ռուբեն Անտոնյանի՝ «{re}-receiving-{set}»-ը լարային քառյակի համար, ինչպես նաև Արամ Հովհաննիսյանի՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված «Inter(re)actions»-ը։
«Ասոնանս» անսամբլը ձևավորվել է 2018 թվականին Երևանում՝ որպես եզակի խումբ, որը կատարում է ժամանակակից և դասական երաժշտության քիչ հայտնի ստեղծագործություններ։ Անսամբլի հիմնական առաքելությունը հայ հանդիսատեսին միջազգային երաժշտական ասպարեզի արդի զարգացումներին ծանոթացնելն է։
«Ասոնանս»-ի հիմնական նպատակներից է կրթական հաստատությունների և փառատոնների հետ համագործակցությունը, ինչպես նաև նոր երաժշտության առաջխաղացումը։ «Ասոնանս»-ը «Քառորդ Տոն» կազմակերպության «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր» փառատոնի ռեզիդենտ անսամբլն է։
Անսամբլը բաղկացած է հայտնի հայ կատարողներից, որոնց մասնագիտական փորձը հնարավորություն է տալիս ներկայացնել երաժշտական ոճերի լայն շրջանակ: Կազմում ելույթ են ունենում ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ջութակահարներ Անի Կարապետյանը և Իվետա Կորկինան, կլառնետահար Արսեն Գրիգորյանը, ալտահար Մերի Դոլմազյանը, թավջութակահար Միքայել Նավասարդյանը, դաշնակահարներ Անահիտ Դիլբարյանը և Հռիփսիմե Աղաքարյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է «Ուրվական» փառատոնի շրջանակներում ելույթ ունենալը։ Փառատոնը յուրահատուկ է նրանով, որ մեկ հարկի ներքո մեկտեղում է երաժշտական ամենատարբեր ժանրեր։ Մենք՝ որպես Հայաստանում ժամանակակից երաժշտություն կատարող միակ երաժշտական անսամբլը, մեծ ոգևորությամբ կներկայացնենք հանդիսատեսին հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք, վստահ ենք, հետաքրքիր կլինեն թե՛ տեղացի և թե՛ հատուկ փառատոնի համար Հայաստան ժամանած ունկնդիրներին», — նշում է անսամբլի տնօրեն Ռուբեն Անտոնյանը։
«Ուրվական» փառատոնը, որը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 25-ը, այս տարի կազմակերպվում է մայրաքաղաքից դուրս։ Փառատոնն այս անգամ տեղի է ունենալու Դիլիջանում՝ Միրզոյանի անվան ստեղծագործական տանը՝ այդպիսով նպաստելով մշակութային իրադարձությունների կազմակերպմանը նաև մարզերում և խթանելով մարզերում մշակութային կյանքի զարգացումը։
Փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն՝ ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, ընդհատակյա ռեփ և այլն։
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև կրթական լաբեր, աշխատարաններ և կլոր սեղան-քննարկումներ։
No Comments