ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Մերօրյա երևանապատում

Մերօրյա երևանապատում

Դավիթ Մուրադյանի «Երևանի սառը ջուրը» պատմվածաշարի թեման յուրաքանչյուրիս հարազատորեն հպվող, նյութականորեն շոշափելի երևույթներն են։ Կարճ ծավալով պատումները խաչաձևվում են, փոխլրացնում իրար, ներթափանցում մեկը մյուսի մեջ, քանի որ ասելիքը միևնույն նյութի շուրջ է պտտվում բոլոր գործերում։ Որոշները դրանցից առանձնանում են իրենց ծավալով և ժանրային որակներով. «Թոնդրակյան շարժում», «Միրաբոյի կամուրջ», «Մեկ տոպրակ նարինջ» գործերը մանրապատումներ են, որ մի քանի պարբերության մեջ ընդգրկուն ասելիք են տեղավորում։

Երևանի սառը ջուրը չտարորոշվող ներկայություն է ժողովածուում, մետաֆոր։ Իսկ մետաֆորի առարկայացումները մարդիկ են՝ իրենց ճակատագրերով, վարքուբարքով, դժվարություններով, ուրախություններով։ Այս գիրքը Երևանի սառը ջուրը խմածների մասին է՝ երևանցիների, որոնք Երևանից դուրս վստահաբար չէին լինի այնպիսին, ինչպիսին որ են։ Կկորցնեին իրենց դիմագիծը, քանի որ կանհետանար այդ դիմագիծն իր հենքի վրա զատորոշող կտավ-պաստառը։

Գրքի կազմը՝ Հ. Բեջանյանի «Ջրավաճառ տղան»քանդակով

Դավիթ Մուրադյանի գրքում Երևանը չէ միայն՝ մայրաքաղաքի ինքնաբավությամբ։ Ընթերցողին բազմագույն խճաքարերից հավաքված պաննո է ներկայացվում «Երևանի սառը ջրի» համապատկերում։ Արձակագրի հերոսների հետ մենք շրջում ենք Հայաստանի և աշխարհի տարբեր հատվածներով, ապրումակցում նրանց հոգեկան տվայտանքներին։ «Հիմա Սիփանը ծերացել էր։ Ինֆարկտից հետո դարձել էր խլյակ։ Գիտեր, թե երբ խփեց ինֆարկտը։ Երբ Արցախը մնաց թշնամուն»,- կարդում ենք «Սառնաղբյուրի ջուրը» պատմվածքում և ինքներս մեզ տեսնում այդ հերոսի հոգեպատկերում։ Սա յուրաքանչյուր գիտակից հայի գոյաձևն է, զգացած անլիարժեքությունների նախապատճառը։ Այս հերոսի կերպարը կարելի է որակել տիպական, ինչպես դա արվում է դասական գրականության հերոսներին բնութագրելիս։ Սա մեր օրերի տիպական հայն է՝ տիպական ճակատագրով։ Եվ նա եզակի չէ իր տեսակի մեջ ժողովածուում։ Նրան հանդիպում ենք նաև «Սրտի աշխատանք» պատմվածքում. «…առաջին անգամ սա պատահեց, երբ Շուշի կորցնելու լուրը եկավ, կայծակ խփելու պես։ Մինչ այդ հավատում էր, որ թշնամին չի հաղթի»։ Սա Կարոն է՝ սրտի նոպայով աշխատանքի գնացած, կիսատ գործն  ավարտած ու տաքսիստին Երևանում հրաժեշտի պտույտ պատվիրած գիտնականը, որ պիտի այդ պտույտի մեջ էլ ամփոփի իր կյանքի երկրային ընթացքը։ Այս պատմվածքը հավաստում է այն ճշմարտությունը, որ Արցախի համար զոհվածների թիվը չի սահամանփակվում պատերազմի դաշտում ընկածներով։ Պատերազմը մահաբեր գերանդու նման հնձում է նաև հալաբյաններում, կիևյաններում, Հանրապետության և այլ հրապարակներում, գիտահետազոտական ինստիտուտներում (եթե իհարկե, մնացել են այդպիսիք), իրենց իբրև թե խաղաղ առօրյան ապրողներին։

Հայրենի հողի կորուստը սրել է զգացմունքները, և յուրաքանչյուրն իր բաժին հայրենիքի փրկության առաքելությունն է ձևակերպում Դավիթ Մուրադյանի պատմվածքներում։ Այս իմաստով առանձնանում է «Մարգարի խնձորները» պատմվաքծը, որի հերոս Կարենը ինքն իր հետ պայման է կապել. «Չեմ թողնի ծառերը մեռնեն …. էս մի բուռ տեղն էլ ա երկիր»։ Կարենի հայրենասիրության այս օրինակը զերծ է պաթետիզմից,  ուռաների ու կեցցեների ամպագոռգոռ շեշտերից, սա ընդամենը պարզ, ազնիվ, բնական, անհաշվենկատ հայրենասիրություն է։

Այս դասակարգից է նաև «Մեջքը ճկած Թարթառը» պատմվածքի հերոս Օշինյանը, որի համար Արցախը փոխարինում էր ամենօրյա դեղահաբերին։ Արցախում նա չուներ դրանց կարիքը, որովհետև այնտեղ սրտի խնդիրները չքանում էին («Դեղն Արցախն էր, ամենազորավորը»), որովհետև նա գիտեր՝ այնտեղ իրեն ու իր ուսանողներին Գանձասարն է սպասում՝ առասպելական ծառով։

Արցախյան թեմատիկան նաև բնապատկերների առումով է հմայում։ Նույն «Մեջքը ճկաճ Թարթառ»-ում կարդում ենք. «Գետը, լուսանի պես մեջքը ճկած, ցատկոտելով ձգվում էր դեպի հովիտը, թռչկոտելով վազում էր առաջ»։

Իհարկե, խոսքի գեղարվեստը հմայում է նաև երևանյան պատկերներում. «Երևանը չէր ժպտում։ Ձյունը շատ էր։ Տրամվայներ էին սողում՝ դռներից կախ մարդկանցով։ Պատերազմ էր։ Ռազմիկը հերթի էր հավաքակայանում։ Կամավոր էր գրվում»։

Մի քանի կարճ, հատու նախադասություն, և մի ամբողջ պատմական ժամանակաշրջանի, մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ երկրի իրականությունն է հառնում ընթերցողի առաջ։ Եվ ոչ պատահաբար՝ պատերազմ մեկնողը Ռազն է՝ փողոցի մշակույթի կրողն ու Բակունցի հմայքը հասկացած-յուրացրած տղան։

Նա էապես տարբերվում է պատմվածքներում գերակշիռ մաս կազմող մտավորական հերոսներից։ Բայց և մեկ-երկու նախադասությամբ հեղինակը մեզ համոզում է, որ Ռազը ևս իր ներսում մտավորականի նրբազգաց հոգի է կրում։

«Մի անգամ էլ որ էս թաղեր գաս ու հանկարծ խաթրիդ կպնող ըլնի, ասա՝ Ռազը իմ ախպերն ա, ռադ կըլեն տուտ ժը»։ Սա է Ռազի լեզուն, կոլորիտը, որ խոնարհաբար տեղի է տալիս գրականության զորավոր ուժի առջև։ Եվ գցվում է բարեկամության կամուրջը  Ռազի ու Ակսել Բակունցի գրականության հրաշքը մեկնաբանած երկարամազ պրակտիկանտի միջև։

Ամենակենցաղային թեմաներին դիմելիս անգամ Դավիթ Մուրադյանն անսպասելի փոխաբերությունների ու այլաբանության է դիմում: «Կռվի ջիղ էր դուրս պրծել ներսից, ինչպես բազմոցի երեսը ճղած, ինքնագլուխ դուրս ելած զսպանակ»,- ահա բարդ հոգեբանական վիճակը կենցաղային պատկերով արտահայտելու տպավորիչ օրինակ։

Պատմվածքներն ունեն գաղափարական հենք, դրանք սոսկ հետաքրքիր, գրավիչ պատումներ չեն։ Եվ հեղինակի գաղափարները կարող են ձևակերպվել ընդամենը մեկ նախադասության, անգամ մեկ արտահայտության սահմաններում։ «Բոլոր հեղափոխությունները խոստանում են երջանիկ ապագա, բայց ներկա սերնդի դժբախտության գնով»,- ասվում է «Երևանի սառը ջուրը» պատմվածքում, և մենք տեսնում ենք, որ գաղափարական շեշտադրումները շոշափելիորեն առանձնանում են երևանյան առօրյայի համապատկերին։

Մերօրյա Երևանն ու երևանցին հայտնվել են հակասական վիճակների համատարածում։ Կյանքի ուղի գծած ճշմարտություններ են փորձում փլուզել, մատուցել ձևախեղված կարգախոսներ։ Մուրադյանի հերոսները չեն կարող ըմբռնել այս ամենը, նրանք տարուբերումների մեջ են, բայց և իրենք իրենց ներսում հստակ գիտեն կարևոր հարցերի պատասխանները. «Արտավազդը վերցրեց մոմակալը։ Զգուշորեն։ Իր տոհմական հայրենիքն էր ձեռքի մեջ։ Ո՞վ ինձ կասի՝ քոնը չի։ Ո՞վ կստորագրի, թե պետական սահմանն ուրիշ է։ Տեսեք-տեսեք՝ քաղաքական միտք։ Միտքը թող միտք էլ մնա։ Սիրտը չես տեղափոխի»։ Այսպիսի դատողությունները մեզ տանջում են մշտապես։ Վերջին տարիներին՝ հատկապես։ Դավիթ Մուրադյանի պատմվածքների՝ Երևանի սառը ջուրը խմած հերոսները մերօրյա հայի գաղափարակիցներն են։ Նրանք ի զորու չեն ըմբռնելու, ավելին՝ ենթարկվելու ստորագորություններով սահմանվող անսահմանելիություններին։

Բռաչափ Աղվերանից դեպի հսկա Փարիզ ձգվող համեմատականության գիծը տրված է «Աղվերան» պատմվածքում, որում առերևույթ անհամատեղելի թվացող նյութը բանաձևումների մակարդակով անթեղված ճշմարտություն է բարբառում։  

«Տես, թե ինչքան հարթ են, տափակ, համեստ։ Որ անունը կարդալու համար գլուխ խոնարհեն։ Նույնիսկ եթե իշխան են կամ իշխանուհի»։ Խոսքը եկեղեցիների մուտքերի մոտ հանգրվանած հնամյա տապանաքարերի մասին է, որոնց օրինակով պատմվածքի հերոսը ջանում է որդուն փոխանցել հայրենիքի հուշարձան-մասունքների պատմական-բարոյական արժեհամակարգի խորհուրդը։

Հեղինակի մտածումները ձգվում են մինչև դարերի խորքը, հասնում Սուրբ Գրիգոր Նարեկացուն, որի անձի շուրջ արծարծվող մեկնությունները շատերիս են մտահոգել ու մտահոգում։ Հեղինակը քննում է Նարեկացու և թոնդրակեցիների առնչությունը, որ դարեր շարունակ խմորվում ու չի հունցվում բազմաթիվ քննումներում։ «Անծով սարեր» պատմվածքում է ծայր առնում այս թեման։

«-Իսկ թոնդրակեցիների ապստամբությո՞ւնը,- հարցրեց գունատ դեմքով ու վառվռուն հայացքով մի ուսանող, ում Արտավազդը վաղուց էր նկատել,- կա վկայություն, որ Նարեկացին աջակցել է նրանց։

Արտավազդը կարճ պահ լռեց.

-Նարեկացին մարդասեր էր անվերապահ։

-Էդ մարդիկ Հայաստան էին քանդում,- չկարողանալով զսպել վրդովմունքը, ասաց գունատ տղան։

-Համաձայն եմ,- պատասխանեց Արտավազդը,- բայց ես ո՞վ եմ, որ դեմ գնամ Նարեկացուն»։

Թեման շարունակվում է «Թոնդրակյան շարժում» մանրապատումում, որի հերոս Հակոբը նույնպես դասախոս է։ Նա ինքն իր մեջ է քննում Նարեկացու վարքը և դարերի խորքից հարց տալիս ու ինքն էլ պատասխանում հարցին. «Ինչո՞ւ հավատացիր դրանց, Սուրբ Գրիգոր։ Որովհետև պոետ էիր»։ Հետո հարցը տեղափոխվում է դասախոսական օրակարգ ու ամրագրվում անառարկելի եզրակացությամբ. «Մեկ շաբաթ հետո գնաց համալսարան։ Ուսանողները շարվել էին տխրադեմ։ «Աստված կյանք չի խլել»,- ասաց Հակոբը»։

Առանձին թեմա է օտարաբնակ դարձած երևանցիների ճակատագիրը։ «…գնացին գաղթականական աշխարհ, որտեղ կուչ են գալիս ճամբարներում ու սպասում իրենց եվրոպական երջանկությանը»,- գրում է նրանց մասին Դավիթ Մուրադյանը։

«Ամերիկա՛, Ամերիկա՛» պատմվածքի հերոսը՝ Ամերիկա տեղափոխված Սևակը, Երևան է գալիս՝ գտնելու իր կարոտների եզերքը, բայց Երևանը՝ Հյուսիսային պողոտայով, թանկ հյուրանոցներով, ծխել արգելող սրճարաններով դարձել է անծանոթ, օտար։ Երևանը նաև նրա սիրո՝ Մանուշի քաղաքն է։ Եվ օտարացումի վերջին շեշտը դրվում է Մանուշի մահվան բոթով։ Երևանը Սևակինը չէ այլևս։ «Երևանը մնաց իր շատրվանների հետ։ Ու Սևակը գիտեր, որ այլևս չի տեսնելու։ «Դրանից էլ կմեռնեմ»,- ասաց Սևակը մտքի մեջ»։

«Թութակի վանդակը» ընտիր պատմվածք է։ Սոցիալական բարեկեցության և արվեստագետի արժանապատվության բախման դրաման է՝ թութակի վանդակում փակված՝ «Խելքից պատուհասի» Չացկու կերպարի մետաֆորային ներկայությամբ։ Նույն բախումն է «Երկնագույն ռապսոդիա» հրաշալի պատմվածքում, որում հակադիր երկու կողմերում անհամատեղելի իրողություններ են՝ ճչացող, հարուստ քաղքենիությունն ու համեստ, կյանքի լուսանցքից անդին թողնված ինտելիգենցիան՝ ռեստորանատեր Իսոյանի, նրա տիկնոջ և դաշնակահար-դաշնամուրագետ Դերենիկի ու նրա՝ մեկ տարի առանց տապանքարի մնացած կնոջ տեսքով։   

Երևանի հանդեպ սիրո բացառիկ դրսևորման ենք հանդիպում «Երկինքն ու թթենին» պատմվածքում, որ նոստալգիկ շնչով է հագեցած։ «Այդքան աստղ Երևանում նա այլևս չտեսավ, մնացին մանկության երկնքի մեջ»,- գրում է հեղինակն իր կինոսցենարիստ հերոս Ավո-Ավետիքի հուշը պատմելիս։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ նրա մտապահած երևանյան գիշերը հաստատ ամենաաստղառատը չի եղել՝ ըստ վիճակագրական տվյալների, բայց և չենք կասկածում հեղինակի և նրա հերոսի անկեղծությանը. էլ ի՞նչ երևանյան հին բակ ու նրանում ապրած մանկություն, որ չզուգորդվի ամենաասղառատ երկնքի պատրանքի հետ։ Աստղառատ գիշերներից մի երկու տարի անց կյանքը մատուցում է իր վառվռուն անակնկալը՝ Ամերիկայից հայրենիք է ժամանում Ավոյի հորաքույր Վենիզը՝ սփյուռքահայի կարոտաբաղձ զեղումների լիառատ պաշարով։ Բայց կյանքի տրամաբանությունը բացասում է հայի բախտից շատ հեռու փախչելու պատահականությունը, և Վենիզը ամերիկյան ապահով կյանքի հովվերգության ճոճքում ապրած տարիների հանգուցալուծումը գտնում է նույն հայի բախտի խաչաձևումներում. նա մեռնում է ծերանոցում, մի բան, որ հայաստանցի տարեցների համար ամոթ-խայտառակության, լքվածության-անտերության, փուչ ու դատարկ ապրած կյանքի աղաղակող ցուցիչն է։ Մարդու մահը ծերանոցում՝ ըստ հայկական ավանդական ընկալումների, անեծքներից ամենասարսափելին է, ճակատագրերից՝ ամենադաժանը։ Իսկ ամերիկյան ցոփության և շվայտության պարագայում դա համարվում է միանգամայն տրամաբանական, բնականոն վերջաբան։

Ահա այսպես, Երևանի սառը ջրի համապատկերում ի մի են բերվում տարբեր ճակատագրեր, տարբեր իրականություններ և հուզաշխարհներ, որոնց վավերագիրն է դարձել Դավիթ Մուրադյանը «Երևանի սառը ջուրը» մերօրյա երևանապատումում՝ վստահաբար իրենից մի-մի մասնիկ ներդրած հերոսներից գրեթե յուրաքանչյուրի նկարագրում՝ որպես այդ կերպարները նյութականացնող նախատիպ։

Կարինե Ռաֆայելյան