ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Եվ այնուամենայնիվ, պտուղը ծառից հեռու չի ընկնում

Եվ այնուամենայնիվ, պտուղը ծառից հեռու չի ընկնում

ատված «Հողանցում» անտիպ վեպից)

Արցախի հայաթափումից հետո Հրայրը գլխովին խրվել էր Հայաստան գաղթած ընտանիքների հոգսերի մեջ։ Փորձում էր ինչ-որ կերպ օգտակար լինել ծանոթ ու անծանոթ արցախցիներին։ Մարոն առաջարկել էր մի ընտանիքի բերել իրենց տուն․ ինքը մենակ է երեքսենյականոց բնակարանում, տեղը կբավարարի։ Բայց հետո Սաթենի հետ խորհրդակցել ու որոշել էին, որ ավելի լավ է իրենք երեքով ապրեն Մարոյի մոտ, իսկ արցախցիներին տրամադրեն Սաթենի սենյակը։ Հրայրին նույնպես այս որոշումը դուր էր եկել, ու մի քանի օր անց նա հանրակացարան էր բերել Արկադիին՝ կնոջ և նորածին երեխայի հետ։ Իհարկե, որոշումը կայացվել էր առանց Գարոյի, իսկ դա ճիշտ չէր։ Ի վերջո, տունը ոչ միայն Մարոյինն էր, այլև Գարոյինը, իսկ եթե վերջինիս հարցնեիր՝ նախևառա՛ջ իրենը։

Արկադիենց Սաթենի սենյակում տեղավորելուց և Մարոյի, ասել է թե՝ հարազատ հոր տուն տեղափոխվելուց հետո Հրայրը վճռեց իր վրա վերցնել Գարոյի հետ դժվար խոսակցության բեռը։ Ինքն ու Գարոն առանց տարաձայնությունների էլ միշտ տարաձայնությունների մեջ էին, իսկ հիմա՞, երբ փաստացի իրենք երեքով ոտնձգություն են արել նրա սեփականության նկատմամբ, ի՞նչ պիտի խոսի հետը, ինչպե՞ս պիտի ներկայացնի իրավիճակը, որ Գարոն սեփականատիրոջ իր դիրքերից չսկսի հոխորտալ և պահանջել, որ Սաթենն ու Հրայրն անհապաղ ազատեն իր տունն ու վերադառնան հանրակացարան։

Հրայրը հավաքեց կամքն ու զանգեց Գարոյին: Հերթապահ բառերից հետո մի կարճ դադար պահեց և առանց դեսուդեն ընկնելու՝ ներկայացրեց իրավիճակը:

-Շատ ճիշտ բան եք որոշել,- միանգամից ասաց Գարոն,- հո էդ մարդկանց դուրսը չէի՞ք թողնելու: Թող ապրեն էնքան, ինչքան պետք ա: Եթե քեզ ու Սաթենին հարմար ա մեր տանն ապրելը, ոչ մի խնդիր էլ չկա: Մանավանդ որ ես մոտ ժամանակներս Երևան գալու ծրագիր չունեմ, գոնե դուք մամայի կողքին կլինեք: Գամ էլ՝ մի քնելու տեղ կգտնվի ինձ համար մեր հոր տանը, ու հաստատ ոչ ավելի անհարմար տեղ, քան Սոչիի իմ պադվալն ա:

Հրայրի սրտից ասես մի ծանր քար ընկավ: Երկու օր անց գնաց Արկադիենց տեսնելու: Դեռ ներս չմտած՝ Արակդին ասաց, որ իրենց Գարոն է զագել:

Հրայրն անհանգստացավ. չլինի՞ թե իր հետ խոսելուց հետո փոշմանել է ու Արկադիից պահանջել դուրս գալ Սաթենի սենյակից:

Բայց Արկադին Գարոյի մասին ունեցած իր պատկերացումների վերանայմանը մի նոր հիմնաքար ավելացրեց:

-Բարը ծառան հէռէ չի վէր ընգէլ,- ասաց:- Հունցու Գևորգ ամին, ինդի էլ տուք՝ ընդրա տղէքը, մեծատառավ մարթիք ըք, իսկական հայ: Գարովէն նհետ ծանոթ չում իլյալ, գիդյալիս չում իլյալ հինչ մարթ ա, բայց էրկու բառան կլօխ ընգեցէ, վէր կարգէն տղա յա:

Գարոն նրանց ևս ասել էր այն, ինչ Հրայրին։ Հրայրի միջով երանության դող անցավ. նա կրկին համոզվեց, որ ազնիվ, մեծահոգի մարդ է թաքնված իր եղբոր մեջ, գուցեև շատ խորքում: Հասկացավ, որ Գարոյի ներսում մեկը մյուսի հետևից պատնեշներ են փլուզվում, և նա քիչ-քիչ վերագտնում է իր նախասկզբնական մարդկային կերպարը, այն կերպարը, որ դաստիարակել էր իր գիր ու գրականության սիրահար մայր Մարոն: Եվ մի՞թե Հրայրին կարող էր զարմացնել մարդու փոխակերպման այս օրինակը, երբ ինքն ու Գևորգն էլ այդ ճանապարհին շատ ու շատ կեռմաններ էին հաղթահարել. ուրեմն, սա ցեղական ճակատագիր է, ուրեմն, հիմա էլ Գարոյի հերթն է դուրս ցատկելու կարճմիացումային ճայթյունների գոտուց և ոտք դնելու վտանգավոր լիցքերը հողանցումով պարպած տարածություն։

Կարինե Ռաֆայելյան