Նոյեմբերի 3-ին և 4-ին Երևանի տարբեր հարթակներում կկայանա «Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագրով ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկումը, որն այս տարի նվիրվում է ժամանակակից հանրահայտ դրամատուրգ Մատեի Վիշնիեկին։ Վերջինս կհյուրընկալվի Երևանում։ Մատեի Վիշնիեկի դրամատուրգիան մեծ ուշադրության է արժանացել թատերարվեստի ոլորտում իր յուրահատուկ ոճի, կառուցվածքի, ամենատարբեր թեմաների արտացոլման շնորհիվ։ Նա համարվում է ժամանակակից ֆրանկոֆոն թատրոնի նշանավոր հեղինակներից մեկը, որի պիեսները բեմադրվել են աշխարհի բազմաթիվ թատերաբեմերում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով թե՛ մասնագետների, թե՛ հանդիսատեսի շրջանում։
Նախագծի շրջանակում Ռումինիայի Բրաշով քաղաքից Երևան կժամանի Antiteatru թատրոնը, որը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կներկայացնի Վիշնիեկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Կինը՝ մարտադաշտ» ներկայացումը։ Այս ներկայացումը նոր խոսք է ժամանակակից թատերական լեզվով՝ արտահայտչամիջոցների համարձակությամբ և դրամատուրգիական մտածողության թարմությամբ։
Ծրագրում ներառված են նաև գրական հանդիպումներ, թատերական ընթերցումներ և ներկայացումներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, ինչպես նաև Մատեի Վիշնիեկի պիեսների հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Նախագծի նպատակն է հայ հանրությանը ծանոթացնել ֆրանկոֆոն ժամանակակից դրամատուրգիային՝ իր բազմազան ու յուրահատուկ ստեղծագործական աշխարհով։ Վերջին յոթ տարիների ընթացքում այս նախագծի շնորհիվ Հայաստան են ժամանել բազմաթիվ դրամատուրգներ տարբեր երկրներից՝ ներկայացնելով թատերական մտքի լավագույն նմուշները։ Նախագծի կարևոր ուղղություններից է նաև դրամատուրգիական գործերի թարգմանությունը, հրատարակությունը և տարածումը հայ ընթերցողների և թատերասերների շրջանում։
Նախագիծն իրականացնում է «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ։

