ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Գրեթե օրագրային հիշողություններ անցյալ դարի 90-ականների սկզբից

Գրեթե օրագրային հիշողություններ անցյալ դարի 90-ականների սկզբից

 (գրեցի այս պահին ԲՈՒՆ TV-ով ցուցադրվող այդ մութ ու ցուրտ տարիների մասին մի ֆիլմի ազդեցության տակ)

Առավոտյան արթնանում եմ, ինչ-որ սառը պահածոյով նախաճաշ, որից սիրտս խառնում է։ Ավանից հասնում եմ ոտքով «մասիվ», գնում եմ աշխատանքի, հաջողվում է մի ոտքս դնել տրոլեյբուսի ոտնակին, բայց սայթաքում եմ, ոտքիս թաթը հայտնվում է տրոլեյբուսի անվի դիմաց, հասցնում եմ հետ քաշել տասնյակ տոննանոց մեքենայի տակից։ Աշխատանքից վերադառնում եմ ոտքով, մայթերը անանցանելի են կուտակված ձյունից, փողոցային լուսավորություն չկա, քայլում եմ փողոցի եզրով՝ հատուկենտ ավտոմեքենաների լույսից օգտվելով։

Հացը՝ 200 գրամ, չի հերիքում, թեև հարևանների կտրոններն էլ են մերը (իրենք գյուղ են տեղափոխվել )։ Գյուղից հարազատներիս ուղարկած ալյուրի պարկը դատարկվում է։ Խմոր ենք անում և թխում փոքրիկ հացեր էլեկտրաջեռոցի մեջ։ Բայց խմորը ցուրտ սենյակում չի հասունանում, դնում ենք անկողնու մեջ։ Տղաս մտնում է խոհանոց, քաղցած է, չգիտես ինչու՝ մտնում եմ հետևից, շրջվում է և ինձ նայում — այդ հայացքը կտրում է սիրտս , մինչև հիմա զգում եմ ցավը․․․

Ցուրտ է տունը, սովետական մի կերոգազ ունենք ( ֆուջիկաների մասին գեղեցիկ բաներ են պատմում․․․ ), ահավոր մուր է անում, շնչել չի լինում, չի էլ տաքացնում տունը։ Նոր դրամով աշխատավարձ եմ ստանում, տղայիս հետ գնում եմ կերոսին առնելու՝ մի «կանեստրը» ամբողջ աշխատավարձս է անում, փոշմանած հետ ենք գալիս տուն։ Քնում ենք հագուստով, երկուական վերմակների տակ։ Տանն ավելի ցուրտ է, քան պատշգամբում- աշխատանքից գալիս տեսնում եմ տղայիս՝ պատշգամբում կանգնած․․․

Երեկոյան նավթալամպի լույսի տակ գիրք եմ կարդում, մի քիչ փրկում է սրտի կանգի վտանգից․․․

Գնացել եմ հաց առնելու, փորձ չունեմ ՝ արմունկներով չեմ աշխատում, իսկ ինչ-որ մեկի արմունկը խրվում է կողոսկրիս տակ։ Հացն առնում ենք Ամիրյան փողոցից (դեռ կտրոնները չկան ), մի քանի ժամից առնելուց հետո, մթնով, ընկերոջս հետ վերադառնում ենք Ավան, կենդանաբանական այգուց վերև շների ոհմակն ընդառաջ է գալիս մեզ։ Շներն իրենք էլ են քաղցած․․․ Չեմ հիշում՝ ինչպես ազատվեցինք նրանցից․․․

 Գնացել եմ ընկերոջս՝ Բորիս Միքայելյանի մոտ։ Կաթսայատների ձեռնարկության տնօրենն է։ Գլուխը բռնած նստած է։ Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել։ Ասում է՝ օրական 40 երթ մազութի տեղափոխման կեղծ ուղեգիր եմ ստորագրում։ Ասում եմ՝ հա, ի՞նչ, ասել են՝ դու էլ ստորագրիր։ Ասում է՝ բա էդքան բենզինը (մազութը տեղափոխող տրանսպորտի բենզինի ծախսը) ո՞նց պարտակեմ․․․ Տարիներ հետո այդ ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է, թե մազութի հարցը սուտ պանիկա է, նման բան (մազութի վաճառք արտասահմանում ու կեղծ իրացում Հայաստանում),  չէ՜, չի եղել․․․ Էն խեղճ Ղանդիլյանին՝ երկաթուղու պետին, ինչո՞ւ սպանեցին․․․ Քենեդու բախտն ուներ, երևի․․․

Զավեն Բեկյան

Լուսանկարի աղբյուրը՝ wikimedia.org

                    

Նախորդ գրառումը