Հունահայ մամուլի կենտրոններն են եղել Աթենքը և Սալոնիկը։
Աթենք

Սալոնիկ

Տարբեր հաճախականությամբ լույս տեսնող պարբերականները հիմնականում եղել են տեղի կուսակցությունների գաղափարակիր օրգանները, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո դրանք նաև արտահայտել են խորհրդային գաղափարախոսության ուղղվածությունն ու դավանած արժեքները։ Սակայն եղել են պարբերականներ, որոնք, այս կամ այն գաղափարական ուղղվածությանը տուրք տալով հանդերձ, իրենց վրա են վերցրել հայկական, հունական, եվրոպական, ամերիկյան մշակութային իրողությունները ներկայացնելու և արժևորելու երախտաշատ առաքելությունը, մի բան, որ այսօր չափազանց կարևոր ժառանգություն է մեզ նման ուսումնասիրողների համար։ Մեր անդրադարձը հունահայ մամուլին կառուցել ենք հենց այս ելակետով՝ ուշադրության դաշտում պահելով 1930-40-ականների հայկական պարբերականների մշակութային դիմագիծը։ Մենք առաջնորդվել ենք այն մտայնությամբ, թե քաղաքականությունն անցողիկ երևույթ է, մշակույթը՝ մնայուն, և մեր հայացքը սևեռել ենք մի քանի անուն պարբերականների վրա, որոնք հետևողականորեն անդրադարձել են մշակութային կյանքի իրադարձություններին։ Ներկայացնենք դրանք՝ ըստ տարեգրության։
Սեւան
Քաղաքական, հասարակական և գրական թերթ (1933-1936 թթ․, Աթենք, խմբագիր՝ Մ․ Դարբինեան):
«Սեւան» պարբերական

«Սեւանը» ստեղծվել է իբրև եռօրյա թերթ, բայց լույս է տեսել անկանոն պարբերականությամբ։ Հոդվածագիրները հանդես են եկել սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդումը և Խորհրդային Հայաստան ներգաղթը խրախուսող հրապարակումներով։ Տպագրվել են Խորհրդային Միության, առավելապես Խորհրդային Հայաստանի տնտեսության ու մշակույթի վերելքն արտացոլող հոդվածներ, հանրապետության կուսակցական և պետական ղեկավար գործիչների ճառեր, զեկուցումներ, լուսաբանվել են հունահայ գաղութի կյանքը, ՀՕԿ և ՀԲԸՄ կառույցների գործունեությունը։ Թերթն անհաշտ դիրքորոշում է ունեցել դաշնակցության նկատմամբ։ Բավական մեծ տեղ է հատկացրել գրական-հրապարակախոսական նյութերին, թերթում հանդես են եկել Վահան Դաքէսեանը[1], Վահան Թէքէեանը[2], Արշակ Չոպանեանը[3], Կարապետ Սիտալը[4], Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։
«Սեւանն» ունեցել է Թերթօն հավելվածը, որում հաջորդաբար հրապարակվել են մեծածավալ գեղարվեստական և փաստագրական երկեր կամ դրանց հատվածներ: Օրինակ՝ Լեոյի «Անցյալից» պատմագիտական երկից տպագրվել է մեկ հատված՝ հետևյալ ծանուցումով. «Հրատարակելով Լէօի «Անցեալից» անուն գրքի մեկ մասը միայն, որ նուիրված է հայ վերջին քաղաքական անցքերուն, կը հաւատանք որ մեր ընթերցողները կը ծանօթացնենք իրենց մոտիկ անցեալի ճշմարիտ պատմութեանը: Լէօի այս գործը իր մասնաւոր կարևորութիւնն ու արժեքն ունի, հեղինակը զերծ եղած է կուսակցական նախապաշարումներէ, եւ դեպքերուն ու անցքերուն մոտեցած է իբրեւ պարզ քաղաքացի եւ մտաւորական»: Թերթօնում տպագրվել է փաստագրական երկ՝ «Հիթլերէն յետոյ ո՛վ պիտի գայ» (հեղինակ՝ Վիլլի Միւնցենպէրկ[5]): Անգամ տպագրվել է ադրբեջանցի հեղինակի երկ, որը վկայում է, թե խորհրդային համայնասիրության շոշափուկները հասել են մինչև հունահայ մամուլ:
Թերթօնից դուրս տպագրվել են նաև բանաստեղծություններ, մշակութային կյանքին վերաբերող նյութեր, տեսական հոդվածներ, կինոյի և թատրոնի ազդագրեր:
1935-ի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համարներում Կոմիտասի մահվան առիթով գրված հոդվածներ կան: «Մի էջ հայ երաժշտության պատմությունից (Փաստեր և փաստաթղթեր Կոմիտասի կյանքից)» վերնագիրը կրող հրապարակումով հանդես է եկել Ռուբեն Թերլեմեզեանը[6]: Թերթի խմբագրակազմի անունից եղել է հրապարակում՝ «Երգիչ Վարդապետը» վերնագրով, որում ասվում է. «Հայ ժողովրդական երաժշտական և արվեստի եզական վարպետը՝ Կոմիտաս Վարդապետ, Հոկտեմբեր 21-ին մեռած է Բարիզի Վիլ-Ժուիֆ յիմարանոցին մէջ: Կոմիտաս Վարդապետ հայ ժողովրդական զանգվածներուն այն սիրելի և տաղանդավոր երգիչ-երգահանը հանդիսացավ, որուն ստեղծագործած բոլոր երգերը պիտի մնան դարէ դար և երգվին ու անմահանան ․… Քաղաքական, զինվորական դեպքերուն հետևանքով, Կոմիտասը, սարսափի օր մը, աքսորի ճանապարհին կորսնցուց իր մտավորական և հոգեկան հավասարակշռութիւնը, զոհ երթալով համաշխարհային պատերազմի»: Ինչպես նկատում ենք, չի գործածվում «եղեռն» եզրույթը, որովհետև թերթը ակնհայտորեն հարում էր խորհրդային գաղափարաբանությանը, որը լռության պատ էր կառուցել մեր անցյալի ողբերգության և 1930-ականների իրականության միջև:
Թերթում հրապարակված բանաստեղծությունները ևս հիմնականում փառաբանում էին խորհրդային իրականությունը:
Նման բանաստեղծություններով հանդես են եկել Կարապետ Սիտալը, Սարմենը[7], Յակոբ Յակոբյանը[8], Ազատ Վշտունին[9], Գուրգեն Մահարին: Ահա Մահարու գրած չափածոն՝ նվիրված Լենինին.
Ահա՛ մարդը, ընկեր: -Հպարտ լինենք հիմայ,
Ծովը ահեղ է դեռ ու հողմը սաստիկ.
Հպարտ լինինք, որ կանք նրայ նաւի վրայ.
Նա նաւապետ արթուն իսկ մենք – նավաստի՛…
1930-ականները Խորհրդային Միությունում այնպիսի ժամանակներ էին, որ անգամ Գուրգեն Մահարին, որ մորմոքում էր իր կորսված եզերքի՝ Վանի ցավով, և որին վիճակված էր մի կարճ ժամանակ հետո անցնել ստալինյան դժոխքով, տուրք է տվել խորհրդային գաղափարախոսության պարտադրանքներին: Իսկ Բակունցի, Չարենցի գործերը մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող համարներում: Չի բացառվում, որ խորհրդային գրաքննությունն է հոգացել այդ համարները ոչնչացնելու մասին:
Վերածնունդ
«Վերածնունդ» պարբերական

Ազգային, քաղաքական, գրական երկօրյա թերթ (1937-39 թթ., 1939-ի վերջից՝ օրաթերթ, Աթենք, խբագիրներ՝ Արամ Կեոքճեան, Մ. Դարբինեան):
Թերթում տպագվել են հայերեն և հունարեն նյութեր։
«Վերածնունդ» թերթի երկլեզու էջերից

Հունաստանի անկախության օրվա առթիվ թողարկված համարները եղել են գունավոր։
Թերթի հրապարակումների գերակշռող մասը վերաբերել է Հայաստանի, հունահայ գաղութի, Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքին: Սակայն բոլոր համարներում էլ որոշակի հատված վերապահվել է գրական, մշակութային նյութերին: Այս թերթը նույնպես ունեցել է Թերթօն հավելվածը, որը շարունակաբար տպագրել է գեղարվեստական մեծածավալ երկեր: Առաջին գեղարվեստական երկը, որ տպագրվել է Թերթօնում, եղել է ֆրանսիացի հեղինակ Պիեր Դը Գուրսելի «Նյու Յորքի գաղտնիքները» վեպը:
Տպագրվել են նաև նույն հեղինակի «Դժոխքի ճամփան» վեպը, Քսավիե դե Մոնթեպենի «Վայրագ կինը» վեպը[10], Քասիմի (Միսաք Գոչունեանի)[11], «Խորհրդավոր աղջիկը» վեպը:
Թերթօնը միակ հարթակը չէ, որ ներկայացում է գեղարվեստական երկեր:
Թերթօնի էջերից

«Վերածնունդի» այլ սյունակներում ևս հանդիպում ենք հայ և օտարազգի հեղինակների՝ Հովհ. Թումանյանի, Հովհ. Շիրազի, Էդգար Ալան Պոյի, Պավլոս Նիրվանասի,[12] այլոց գեղարվեստական ստեղծագործություններին:
Քիչ չեն նաև տեսական հոդվածները՝ նվիրված արվեստի տարբեր ճյուղերին:
«Վերածնունդը» նաև հրապարակախոսական, քննադատական հոդվածներով է անդրադարձել մշակութային կյանքի այս կամ այն դրսևորմանը: Օրինակ՝ 1939-ի փետրվարի 24-ի համարում «Հայ ազգային քայլերգը» վերնագրով հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներկայիս օրհներգին և արծարծում հենց այսօր չափազանց արդիական խնդիր. այն է՝ «Մեր հայրենիք» երգը բնավ համապատասխան չէ օրհներգ, ազգային քայերգ լինելու, որովհետև այն օտար երաժշտության վրա իտալերենից Մ. Նալբանդյանի կատարած թարգմանության հենքով է ստեղծվել:
«Սինեմայի աստղերուն չարչարանքը» վերնագրով հոդվածն անդրադառնում է հուլիվուդյան աստղերի կյանքի «պերճանքին ու թշվառությանը»՝ բալզակյան խոսքով: Այստեղ բավական համոզիչ ու երգիծանքի շեշտադրումներով ներկայացվում է, թե ինչպիսի զրկանքների են ստիպված ենթարկվել կինոէկրանին փայլող հոլիվուդյան աստղերը, թե որքան պայմանական է նրանց այդ փայլն ու բարեկեցությունը: Իհարկե, հոդվածի մեջ կա ճշմարտության հատիկ, սակայն ակնհայտ է, որ այն իր մեջ կրում է հակաամերիկյան քարոզչություն: Ավելին, հունահայ մամուլի էջերում մեզ հանդիպել են բազմաթիվ հրապարակումներ, որոնցում աներկբա վստահությամբ հայտարարվում է, թե կարմիր հեղեղը աշխարհի քարտեզից կսրբի կանաչ դոլարի երկիրը: Իհարկե, նման մտածումներն այսօր միայն տխուր ժպիտ կարող են առաջ բերել:
Թերթը պարբերաբար հրապարակել է ազդագրեր, տեղեկատվական հայտարարություններ այս կամ այն մշակութային իրադարձության առթիվ:
«Վերածնունդը» զբաղվել է նաև բառարանի, պատկերազարդ օրացույցերի տպագրությամբ և վաճառքով՝ թերթի առջև ծառացած նյութական դժվարությունները հոգալու նպատակով: 1940 թվականին «Վերածնունդը» ավարտում է իր կենսագրությունը:
Կարինե Ռաֆայելյան
[1] Վահան Տիգրանի Դաքէսեան (1905, մայիսի 7 — 1982, դեկտեմբերի 10), հայ բանաստեղծ, արձակագիր, ՊՍՀՄ գրողների միության անդամ և ԽՄԿԿ անդամ 1957 թվականից: Կրել է Մրջյուն, Վ. Սիհուն, Ս. Հրայր կեղծանունները։
[2] Վահան Միհրանի Թէքէեան (1878, հունվարի 21, Կ․ Պոլիս — 1945, ապրիլի 4, Կահիրե), հայ բանաստեղծ: Նա եղեռնից փրկված հայ լավագույն ստեղծագործողներից է, իր ստեղծագործություններում արծարծել է կենսուրախության ու հերոսության գաղափարները։
[3] Արշակ Հովհաննեսի Չոպանեան (հուլիսի 15, 1872, Բեշիքթաշ – հունիսի 8, 1954, Փարիզ), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ:
[4] Կարապետ Շահենի Սիտալ (Շահինյան, 1891, Կաճետ կամ Կաշտ, Արևմտյան Հայաստանի Շատախի գավառ — 1972, մայիսի 26, Ֆիլադելֆիա), հայ բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ։
[5] Գերմանացի հասարակական-քաղաքական գործիչ, որ համարվում է ստալինյան քաղաքականության ջատագով, գործել է 20-րդ դարի առաջին կեսին:
[6] Ռուբեն Թերլեմեզեան (1898, Վան — 1942, Երևան), հայ երաժշտագետ:
[7] Սարմեն (Արմենակ Սարգսի Սարգսյան), (1901, մարտի 1, Վանի նահանգ — 1984, փետրվարի 18, Երևան), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
[8] Հակոբ Հակոբյան Մնացականի (1866, մայիսի 29, Գանձակ, Թիֆլիսի նահանգ — 1937, նոյեմբերի 13, Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: Ծածկանունը՝ Պրոլետար:
[9] Ազատ Վշտունի (Կարապետ Սեթի Մամիկոնյան), (1894, հուլիսի 17 — 1958, մարտի 26), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
[10] Քսավիե դը Մոնթեպեն (1823 թ. մարտի 18, Ապերմոն – 1902 թ. ապրիլի 30, Փարիզ), ֆրանսիացի արձակագիր: Թերթը այս երկի թարգմանչի մասին նույնպես չի տալիս որևէ տեղեկություն:
[11] Միսաք Գոչունեան (1863, սեպտեմբերի 16, Հալեպ — 1913 մայիսի 15, Կոստանդնուպոլիս), հայ գրող, հրապարակախոս, խմբագիր։
[12] Պավլոս Նիրվանաս (1866, Մարիուպոլ, Ռուսական կայսրություն — 1937, նոյեմբերի 28, Աթենք, Հունաստան), հույն գրող, որի իսկական անունը Փետրոս Կ. Ապոստոլլիս էր: