Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Կարլ Մարքի արտասովորությունները

12.05.2025

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Կարլ Մարք խոստովանություններ» կենսագրական տրագիկոմեդիայի առաջնախաղը։ Այն բեմադրվել է Այնարս Կամոլինշի «Բողոքներ» ռոդիոներկայացման հիմքով:

Պիեսի և բեմադրության հեղինակն է Հայկ Կարապետյանը (Լատվիա) բեմանկարչության և լուսային ձևավորման հեղինակը՝ Էյ Ջեյ Ուայսբարդը (ԱՄՆ), զգեստների հեղինակը՝ Մերի Սարգսյանը։ Ներկայացման ընթացքում հնչում են Բախի «Գոլդբերգ վարիացիաները»՝ տաղանդավոր դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Դերերում հանդես են գալիս Արմեն Քուշկյանը, Արաքսյա Մելիքյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Հայկ Իսրայելյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը։

Ներկայացումը հիմնված է Կարլ Մարքսի, նրա ընտանիքի անդամների, Ֆրիդրիխ Էնգելսի նամակների վրա, ընտրված են այն նամակները, որոնք բացահայտում են հերոսների առօրյա դժվարությունները, դժգոհություններն ու ներքին ապրումները։ Մարքսը ներկայացված է իբրև սովորական մահկանացու, որին վիճակված է բախվելու կյանքի դաժան պայմաններին, աղքատությանը, մարմնական տկարություններին։ Այս դժվարին կյանքի ընթացքը ուղեկցվում է Մարքսի ընտանիքի անդամների հոգատարության, նվիրվածության դրսևորումների համապատկերին․ ընտանիք, որը բոլոր իրավիճակներում պահպանում է հավատը Մարքսի հանդեպ և կիսում նրա ծանր ճակատագիրը։

Տեսարան ներկայացումից

Ներկայացումը հանդիսատեսին անակնկալի բերելու անխուսափելիությունն ունի։ Գոնե ինձ՝ Մարքսի կյանքի ոչ հասարակական-քաղաքական կողմին քիչ թե շատ ծանոթ մեկիս համար անսպասելի էր տեսնել այսպիսի կերպար, այսպիսի պատմություն բեմում։ Գուցե դա պայմանավորված էր նրանով, որ ես շատ տարիներ առաջ առիթ էի ունեցել բացահայտելու-ճանաչելու բանաստեղծ, այլ ոչ թե «Կապիտալի» հեղինակ Մարքսին։ Ես ենթադրում էի, որ նրան պիտի տեսնեմ այդպիսին «Խոստովանություններում»։ Սակայն բեմում այլ Մարքս էր, այլ պատմությամբ:

Հայկ Կարապետյանի փոխանցմամբ Ռիգայում շատերը խուսափել են այս գործը  բեմադրելուց, քանի որ Մարքսի կերպարը Լատվիայում միանշանակ չի ընկալվում, նրա հանդեպ բացասական վերաբերմունք կա։ 

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ ճեպազրույցի ընթացքում հարցրի, թե որքանո՞վ է Հայկ Կարապետյանն ազատ եղել իր բեմադրական մտահղացումներում և որքանո՞վ է Սունդուկյան թատրոնը՝ որպես ակադեմիական մայր թատրոն առաջադրել իր կոնցեպցիան մատուցվող նյութի առնչությամբ։

Նա պատասխանեց.

-Նախ պատմության մեջ ինձ հայտնի չէ, թե գոյություն ունի որևէ ֆորմուլա, որևէ ձևաչափ, որ հուշի, թե մայր թատրոնի բեմում ինչ պետք է ներկայացվի։ Մենք ունենք ստեղծագործական ազատություն։ Բացի այդ՝ ճանաչելով Հայկ Կարապետյանին, իմ աչքով տեսնելով և համոզվելով, որ նա այսօր եվրոպական առաջատար թատրոններում և օպերաներում պահանջված բեմադրիչ է, մտածեցի՝ ինչո՞ւ չհրավիրել նրան Հայաստանում բեմադրություն անելու։ Նա Հերմանիսի մոտ է բեմադրություններ անում, իսկ Հերմանիսի թատրոնը Եվրոպայի ամենահայտնի թատրոններից է։ Հայկն այնտեղ արել է արդեն երկու բեմադրություն և ունի երրորդ հրավերը։ Այսինքն՝ Հայկ Կարապետյանը շատ տաղանդավոր, երիտասարդ ուժ է թատրոնում։ Երբ մենք խոսում ենք այն մասին, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան բեմադրություն անելու, ի՞նչ ենք պատկերացնում դրա տակ, եթե ոչ՝ լավագույն ուժերին հրավիրել այստեղ և պայմաններ ստեղծել բեմադրություն անելու համար։ Հրավերը եղել է Սունդուկյան թատրոնի և մասնավորապես իմ կողմից։ Հայկն ասաց, որ տարիներ շարունակ իր մեջ եփվում է Մարքսի նամակներին անդրադառնալու գաղափարը։ Ճիշտն ասած՝ ես սկզբում տատանվեցի, որովհետև չէի պատկերացնում, թե ինչ կստացվի։ Բայց այդ տատանումը, այդ անսպասելիությունն սկսեցին ինձ դուր գալ։ Անսպասելիությունների մեջ է, որ ծնվում են նոր ճանապարհներ, նոր երևույթներ։ Այո՛, Հայկի առաջարկած նյութը շատ անսպասելի էր մեզ համար, որովհետև մենք Մարքսի հանդեպ ունենք մեր որոշակի վերաբերմունքը։ Մենք Մարքսին ընկալում են իբրև պատմական երևույթ՝ մեզ մատուցված, մեզ ներկայացված ձևի մեջ։ Բայց նա մեր իմացածից տարբեր է եղել իրական կյանքում, կենցաղում։ Ուզում եմ հստակեցնել մի պարզ բան, որ բեմում ոչինչ տեղի չի ունենում, բացի այն ամենից, ինչ առկա է Մարքսի գրառումներում: Ես՝ որպես թատրոնի տնօրեն, բեմադրող ռեժիսորին երբեք չեմ պարտադրում ինչ-որ բաներ։ Ո՛չ պարտադրում եմ ինչպես բեմադրել, ո՛չ պարտադրում եմ ինչ բեմադրել։ Կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել։ Բայց երբ համաձայնում եմ, լիակատար ազատություն եմ տալիս բոլորին։ Չկա մի ռեժիսոր, որ կարողանա ասել, թե թատրոնի տնօրենն իրեն ճնշել է ինչ-որ հարցում։ Մարքսի նամակները շատ են, Հայկն ընդամենը մի քանիսն է ընտրել։ Դրանք «բողոքների» նամակներն են, կենցաղի մեջ ճզմված, սոցիումի մեջ իրեն չգտնող մարդու «բողոքական» տրամադրություններն ու վիճակներն են։ Բայց այդ ամենի մեջ շատ ու շատ շերտեր կան․ և՛ հումոր կա, և՛ լուսավոր բաներ կան։ Երբ ընտանիքի անդամները փաստացի մտնում են Կարլ Մարքսի մաշկի մեջ, ապրում են Մարքսի կյանքով, Մարքսի հոգսերով, ինքնազոհաբերվում են հանուն Մարքսի և, ի վերջո, ողբերգական ճակատագրերի արժանանում, միևնույն է, այդ հավատը իրենց ընտանիքի առաջնորդի հանդեպ իրենց մահից հետո փոխում է աշխարհը։ Այդ սիմվոլիկան է ներկայացված բեմադրության մեջ։ Նրանց ունեցած պատկերացումները, երազանքները թեկուզ ոչ իրենց կյանքի ընթացքում, բայց իրենցից հետո իրականություն են դառնում: Չնայած որ նրանք իրենց կենցաղի մեջ շատ ծիծաղելի են, շատ տարօրինակ են, շատ հիվանդոտ են, բայց իրենք հավատում են Մարքսին և ամբողջ կյանքով են հավատում։ Եվ երբ որ Մարքսը բեմադրության մեջ ձուլվում է աստղերին, ձուլվում է անձրևին, ձուլվում է բնությանը, սիրո խոստովանություն անում իր կնոջը, սա ինձ համար ուղղակի հուզականության շատ բարձր դրսևորում է:

Տեսարան ներկայացումից

Ահա հորը գրած Մարքսի նամակի այն հատվածը, որում նրա սիրո խոստովանությունն է կնոջը. «Երբ հեռացա ձեզնից, մի նոր աշխարհ ծնվեց ինձ համար՝ սիրո աշխարհ, ընդ որում՝ իհարկե, սկզբնապես բաղձանքով ու հուսաթափությամբ թունավորված սիրո։ Ուղևորությունը Բեռլին, որ մի այլ դեպքում կհիացներ վերին աստիճանի, կմղեր ըստ արժանվույն գնահատելու բնությունը, կյանքի կրակը կվառեր իմ մեջ, սառն ու անտարբեր թողեց ինձ։ Իրոք, տրամադրությունս նկատելիորեն ընկավ, որովհետև տեսածս ապառաժները ոչ ավելի ամեհի էին, ոչ ավելի գոռ, քան հոգուս զգացմունքները, լայնարձակ քաղաքներն ավելի եռուն չէին, քան իմ արյունը, պանդոկների հյուրասեղաններն ավելի լիքը կամ դժվարամարս չէին, քան ցնորքների բույլը, որ ման էի տալիս ինձ հետ, և վերջապես, արվեստն այնքան հրաշագեղ չէր, ինչքան Ժենին»։

Տեսարան ներկայացումից

«Կարլ Մարքս. խոստովանություններ» բեմադրությունը պարզապես շլացնում է հանդիսատեսին բամանկարչական գյուտերով։ Ա․ Ջ․ Ուայսբարդը աչք շոյող տեսարաններով, լուսային, թեմատիկ լուծումներով մատուցում է իսկական հրավառություն, որը տեղ-տեղ գերակա, գուցե անգամ ճնշող է դառնում բեմում խաղարկվող տեսարանների, հերոսների դերակատարման համեմատությամբ։

Վարդան Մկրտչայնը պատմում է, որ Ուայսբարդը, լինելով ամերիկացի, ապրում և ստեղծագործում է Իտալիայում, աշխատում նաև եվրոպական այլ երկրներում։ Իր կարծիքով դերասանները որևէ կերպ ճնշված չեն եղել, և ինքը շատ գոհ է նրանց կատարած աշխատանքից։

Տեսարան ներկայացումից

-Նրանք կարողացան բոլորովին այլ ձևաչափով աշխատել,- գնահատում է թատրոնի տնօրենը։- Մենք տարբեր ենք նայում երևույթին։ Դուք դրսի հայացքով եք գնահատում, ես ներսից եմ տեսնում և ընկալում ամենը։ Էյ Ջեյի հետ աշխատելիս մայր թատրոնի ամբողջ տեխնիկական կազմը և ամբողջ թատրոնը մի քանի աստիճանով բարձրացան։ Այսօր Հայաստանում, բացի օպերային թատրոնից, ես չեմ տեսնում մեկ այլ թատրոն, որը կարող էր այդ տեխնիկական առաջադրանքը կատարել։ Շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք եվրոպական թատրոններում աշխատող մարդկանց պահանջներին համապատասխան նաև տեխնիկական սպասարկում իրականացնել։ Հավատացնում եմ, որ երեք-չորս տարի առաջ չէինք կարողանա։ Այն, ինչ տեսնում եք բեմում, գուցե այնքան էլ բարդ չի թվում, որովհետև հասցված է տեխնիական կատարման բարձր մակարդակի, բայց իրականում դա շատ բարդ աշխատանք է։ Նյութը կարող է մարդուն դուր չգալ, ինչ-ինչ բաներ կարող են մարդուն չբավարարել, բայց թատրոն ասվածը մեկ ճյուղ չէ, մեկ ուղղություն չէ։ Թատրոնի պարտիտուրը շատ ավելի մեծ է և շատ ավելի բարդ, քան կարող է թվալ մարդկանց։ 

Չգիտեմ, թե ինչպիսին կլինի հանդիսատեսի վերաբերմունքը «Կարլ Մարքս. խոստովանություններ» ներկայացման հանդեպ, բայց այն վստահաբար չի կարող լինել միագիծ ու միանշանակ: Այս դիտարկանն ի պատասխան՝ Վ. Մկրտչյանն ասում է.

-Էս ներկայացման հումորը, նրբությունները շատ խորն են։ Հեշտ չէ դա ընկալելը։ Ցավոք սրտի, (շա՜տ-շատ ցավով եմ դա ասում) վերջին շրջանում ձևավորվում են ինչ-որ ուղղություններ, մարդկանց հեշտ ծիծաղեցնելու, հեշտ տխրեցնելու, պրիմիտիվ, քառակուսի ձևաչափեր, և այդ նրբությունները մի տեսակ կորցնում են իրենց տեղը մեր հասարակության մեջ։ Բայց պետք է շարունակել աշխատել և փորձել նոր ճանապարհներ որոնել, նոր ուղիներով ընթանալ։

Էժանագին շոուների, ցածրորակ հանդիսանքների այս համատարածում իսկապես մեծ պատասխանատվություն է դրված մեր կարկառուն մշակութային օջախների ուսերին, ուրեմն հաջողություն մաղթենք մայր թատրոնին իր որոնումներում և սպասենք նոր բեմադրությունների: 

Կարինե Ռաֆայելյան