«Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սեեեր ֆրանսիական ձևով»․․․ Նորաստեղծ «Թատրոն Կայարանը» իր դեռևս փոքր խաղացանկով հասցրել է գրավել հանդիսատեսին, հանդես գալ հյուրախաղով։ «Կայարանի» առաջին կանգառը Արարատի մարզն էր։ Արձագանքը՝ ոգևորիչ։ «Թատրոնի էջում արարատցիները հիացական մեկնաբանություններ են թողել, խնդրել՝ կրկնել ներկայացումը։ «Չարաճճի խոզուկների նոր արկածները» ժպիտ և ուրախություն էր պարգևել փոքրիկ հանդիսատեսին։ «Սա մեր առաջին հյուրախաղն էր Արարատում։ Արձագանքից դատելով՝ ներկայացումը կարող ենք համարել ստացված»,- ardi.am-ին պատմում է «Թատրոն Կայարանի» կազմակերպչական գծով փոխտնօրեն Անդի Սողոմոնյանը, շնորհակալություն հայտնում Արարատի մշակույթի կենտրոնի տնօրեն Աննա Մխիթարյանին, կազմակերպչական գծով կառավարիչ Հուրի Դավթյանին, համայնքապետ Ասլան Ավետիսյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են՝ Արարատում հանդես գալու։
«Թատրոն Կայարանը» գործունեությունն սկսել է անցյալ տարվա դեկտեմբերից։ Տնօրենը և պրոդյուսերը Արթուր Պետրոսյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Կարո Քարաջյանը։
Նորաստեղծ թատրոնը գործում է Տիգրան Մեծի 80/1 հասցեում՝ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ։ Դահլիճը նախատեսված է 280 հանդիսատեսի համար, հնարավորություն կա ընդյալնելու և ընդունելու 400 հանդիսատեսի։ Հարց է առաջանում՝ գտնվելու վայրո՞վ է պայմանավորված թատրոնի անունը, թե՞ անունն է հարմարեցված գտնվելու վայրին։ Անդի Սողոմոնյանն ասում է, որ թատրոնի անունն ու հասցեն զուգադիպել են, «Կայարանը» ավելի շուտ թատրոնի «կանգառներն» է խորհրդանշում․ երբ մեկնում են հյուրախաղերի, ասում են՝ «Կայարանը» կանգ առավ, ենթադրենք, Արարատում։
Իսկ փոխտնօրենը վստահեցնում է՝ կենտրոնից հեռու լինելը բացարձակ խնդիր չէ, տեղի բնակիչները շատ ակտիվ են, կենտրոնից և այլ թաղամասերից նույնպես գալիս են, ավելին՝ մարզերից են գալիս, հաճախ խմբերով ՝ դասարանով, մանկապարտեզի կազմով և այլն։ Միևնույն հանդիսատեսը գալիս է երրորդ- չորրորդ անգամ։
Բազմաժանր այս թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը։ Կարևորում են ազգային արժեքների պահպանումը։ Ներկայացումները գունեղ են ու հետաքրքիր։ Դերասանները՝ փորձառու։
Հուլիսի 2-ին հանդես են գալու Հրազդանի դրամատիկական թատրոնում, հուլիսի 7-ին՝ Վայքի մշակույթի տանը, հուլիսի 9-ին՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։ Այնուհետև սպասվում է ևս երկու ներկայացում Երևանում։
«Երկրորդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին․ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ կազդարարվի նաև թատրոնի պաշտոնական բացումը»,- ընդգծում է Անդի Սողոմոնյանը։ Հավելում՝ աշնանը Արցախ են մեկնելու, փառատոն է լինելու․․․
Ardi.am
No Comments