Թատրոն Վովա Արզումանյան

Նարինե Սարգսյան․ Չպատմված պատմություններ (2)

06.05.2023

Սկիզբը՝ այստեղ

Մասնագիտական ճանապարհի ընտրություն․ ինքնաբացահայտման ուղին

Առաջին դասարանում որոշել էի ուսուցչուհի դառնալ, երկրորդում՝ կինոռեժիսոր, որ մանկական ֆիլմեր նկարեմ։ Հայացքս շրջվեց դեպի թատրոնը, երբ հայտնաբերեցի Դրամատիկականը։ Իմ սերունդը թատրոն փոքր հասակից էր մուտք գործում՝ Տիկնիկային, հետո ՊՀԹ։ Ինձ մայրիկս նույնիսկ Սունդուկյանի անվան թատրոն էր տանում, խոշոր երեխա էի և 16 տարեկանի տեղ անցնում էի։ Հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերից էլ գիտեի մեր մեծ դերասաններին, որոնք արդեն մեզ հետ չէին։ Օրերից մի օր մայրիկիս հետ Մոսկովյան այգով անցնելիս տեսա Հրաչյա Ներսիսյանին ու զարմացած բացականչեցի․ «Չի մահացել»։ Մայրս ինձ ասաց, որ Հրաչյա Ներսիսյանի որդին է, որը շատ նման է իր հորը։ Այդպիսի մի շփոթմունք էլ մի քանի տարի հետո եղավ, երբ ռադիոյով լսում էի Շանթի «Հին աստվածները» ռադիոբեմադրությունը ու չէի հասկանում, թե Շաքե Թուխմանյանի հետ ինչպես կարող է Հրաչյա Ներսիսյանի ձայնը հնչել։ Միայն վերջում պարզվեց, երբ հայտարարեցին դերակատարներին և Վանահոր դերում հնչեցրին Լևոն Ներսիսյանի անունը։

Սիրում էի թե՛ ՊՀԹ հաճախել, թե՛ Գ․Սունդուկյանի անվան թատրոն։ Ու երբ թոշակի անցնելուց հետո պապիկս աշխատանքի անցավ Դրամատիկական թատրոնում որպես հրշեջ, ինձ, եղբորս ու մեր ընկերների համար հրաշալի շրջան սկսվեց անտոմս ներկայացումներ դիտելու։ Պրեմիերաներին մայրիկս միշտ տոմսեր էր գնում, որ մեր լավագույն տեղերն ունենայինք, իսկ հետո ներկայացումները մի քանի անգամ էինք նայում՝ սիրահարված թատրոնին, որտեղ դերասանները բեմից շատ մտերմիկ ու անկեղծ էին խոսում քեզ հետ։ Ինձ ու եղբորս հաջողվում էր նույնիսկ փորձեր դիտել։ Հ․Ղափլանյանը միշտ մոտենում էր մեզ ու ասում՝ էս ինչ լուրջ հանդիսատես եք։

Առաջին ներկայացումը, որ դիտեցի Դրամատիկականում, Ա․Մակայոնոկի «Հալածված առաքյալն» էր, որը տակնուվրա արեց դեռահասի իմ հոգին։ Ներկայացման նրբազգաց, շիտակ ու ազնիվ կենսակերպի համար մեծերի աշխարհում պայքարող հերոսը՝ Մանչուկը (Ա․Ութմազյան) իր համակրելի քրոջ (Տ․Ղափլանյան) հետ ինձ համար ապրելու ուղենիշ դարձան։ Ու ես որոշեցի, որ ռեժիսոր եմ դառնալու, որ ըմբոստ հերոսների մասին ներկայացումներ եմ բեմադրելու։ Սկսեցի հաճախել նաև գեղարվեստաթատերական ինստիտուտի դիպլոմային ներկայացումներին։ Նստում էի ուսանողական թատրոնի փոքրիկ ու գողտրիկ դահլիճում, հենվում պատին ու երազում այդտեղ սովորելու մասին։ Ես սկսեցի իմ «ռեժիսորական» գործունեությունը դեռևս դպրոցում․ որոշեցի Դրամատիկական թատրոնի դերասանների հետ հանդիպում կազմակերպել։ Հանդիպեցինք Դրամատիկականի կոմերիտմիության քարտուղար Ժորա Աբազյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես և երբ կարելի է հանդիպում կազմակերպել, իսկ նա մեզ հիասթափեցրեց՝  ասելով, որ թատրոնը իր շեֆ դպրոցն ունի, և դերասանները հոգնում են դպրոցականների հետ հանդիպումներից։ Ես իմ մտահղացման մասին պատմեցի, որ դերասանները ոչինչ չեն անելու, ընդամենը ներկա են գտնվելու, իսկ ծրագիրը մեր ուժերով ենք ներկայացնելու։ Նրան շատ զարմացրեց, որ մենք ընդամենը իրենց խաղացանկի պիեսներն ենք ուզում վերցնել՝ առանձին մասեր արտագրելու համար և ուրիշ ոչինչ։ Եկավ հանդիպման օրը, և դերասանները մերթ լսում էին իմ թատերական օրագրից իրենց ներկայացման մասին տպավորություններ, մեկ ոտքերը գետնին դոփելով ծիծաղում էին եղբորս ներկայացրած պարոդիաներից։ Գ․Խազանովի «Խոհարարական տեխնիկում» հայտնի երգիծական մանրապատումը փոխել էինք ու դարձրել Դրամատիկական թատրոնի մասին զվարճալի պատմություն, իսկ հետո «Սատանայի ջրաղաց» հեռուստաներկայացումից հայտնի երգի պարոդիան նույնիսկ լրջախոհ Քոթանջյանին ստիպեց անզուսպ ծիծաղել։ Ավարտից հետո Ա․Ութմազյանը մոտեցավ ու ինձ նվիրեց իր ծաղիկները ու դահլիճի աղմկոտ ծափերի ներքո ականջիս ասաց․«Постараюсь сыграть Плужникова так, чтобы вам понравилась»․ Մինչ այդ ես իմ առաջին քննադատական հոդվածն էի կարդացել՝ Բ․Վասիլևի «Ցուցակներում անունը նշված չէ» ներկայացման մասին, և նկատել, որ Սուվորովի ուսումնարանն ավարտած պատանին՝ Պլուժնիկով-Ութմազյանը պատերազմի ժամանակ այդքան վախկոտ չէր կարող լինել։ Հանդիպումից հետո դերասաններն այնքան գոհ էին մեզնից, որ խոստացան նորից մեզ հետ հանդիպել։ Դե մենք էլ օգտվեցինք այդ առաջարկից, և հաջորդ տարի նորից հրավիրեցինք դերասաններին։ Նրանք մեզ իրենց ազդագիրն էին նվեր բերել՝ «Մեր ամենաիսկական հանդիսատեսին» մակագրությամբ և անհատական բարեմաղթանքներով։ Այս անգամ Դրամատիկական թատրոնի ներկայացումներից կոլաժ էինք ստեղծել՝ խառնաշփոթ իրավիճակներով՝ հերոսներին մի ներկայացումից մյուսը տեղափոխելով, նույն դերի տարբեր դերակատարներին միասին բեմ հանելով՝ իրենց բնորոշ խոսքով ու ժեստերով, սրամիտ տեքստեր ավելացնելով, ու այդ ամենն այնպես, որ դերասաններն իրենք իրենց ճանաչեն։ Իմ այս առաջին ռեժիսորական դեբյուտը դերասաններին շատ դուր էր եկել։ Երբ  նույն տարի ընդունվեցի Թատերական, առաջին իսկ օրը ինստիտուտում հանդիպեցի Տաթևիկ Ղափլանյանին, որն իմ ղեկավար Գրիգոր Մկրտչյանի մասին ասաց, որ շատ լավն է, հետո էլ հարցրեց, թե գեղցիներ շա՞տ կան կուրսում։ 8-հոգանոց մեր կուրսում «գեղցիներ» չէին կարող լինել, որովհետև 500 հոգուց ընդամենը 6 հոգու էին ընտրել։ Փաստորեն ես, Հակոբ Ղազանչյանը և Արա Արաքսման-Մանուկյանը դուրս էինք մնացել մրցույթից։ Եվ միայն օգոստոսի վերջին Կենտկոմը (որտեղ Արայի հայրն էր աշխատում) 3 լրացուցիչ տեղ էր ռեժիսորական բաժնին հատկացրել (սովորաբար հատկացվող 2 տեղի փոխարեն), քանի որ ամենաառաջինը, ըստ միավորների, ես էի ընդունվելու։ Հետաքրքիր էր, որ հիմնական տեղերը գենդերային սահմանափակմամբ էին տալիս՝ 4 տղայի և 2 աղջկա համար, ընդ որում՝ աղջիկների տեղերից մեկն էլ մրցույթից դուրս տրամադրվում էր 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցողին։ Հորս ընկերը, որ «Եթերում է Երևանը» թերթի խմբագիրն էր և դասընկերոջս հայրը, ասել էր․ «Եթե Նարինեն չընդունվի՝ կընդունենք աշխատանքի Ռադիոտան արվեստի խմբագրությունում»։

Ծնողներս, ավելի շուտ մայրս, ցանկանում էին, որ ես բանասիրական ընդունվեմ, ու միշտ իմ համառ դիմադրությանն էին հանդիպում։ Ես ու մեր դասարանի Անահիտը 2 տարի ժուռնալիստիկայի դպրոց էինք հաճախում՝ Ժուռնալիստների տանը, որը ղեկավարում էր համալսարանի դասախոս Արմեն Հակոբյանը, նույնիսկ համալսարանի ուսանողական գիտական ընկերության կոնֆերանսին էինք մասնակցել՝ «Յուլիոս Ֆուչիկը պատանի ժուռնալիստ» թեմայով զեկուցմամբ։ Արմենը մայրիկիս ասել էր, որ բանասիրական ընդունվելուց հետո նա ինձ և Անահիտին երկրորդ կուրսից Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան է տեղափոխելու։ Նույնիսկ այդ գայթակղիչ առաջարկն ինձ համար ոչինչ էր Մեծն թատրոնին նվիրվելու համեմատ։ Անահիտը երկրորդ կուրսից մեկնեց Մոսկվա, իսկ ես ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի՝ ԳԻՏԻՍ-ի ասպիրանտուրա և մենք մի ամբողջ տարի Մոսկվայում հրաշալի ժամանակ անցկացրինք իմ ու նրա՝ ժուռնալիստիկայի միջազգային բաժնի ընկերների՝ Սաշա Կավերզնևի, Վլադ Լիստևի և հետագայում այլ հայտնի տղաների հետ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ տուն-արվեստանոցը

Դպրոցն ավարտելիս իրար մասին կարծիքներ ու մաղթանքներ էինք գրում, և ինձ անչափ հուզեց իմ համադասարանցիների գրառումը․ «Եթե մենք չընդունվենք բուհ՝ ոչինչ, իսկ քեզ ցանկանում ենք, որ անպայման երազանքիդ հետևից գնաս ու ընդունվես»։ Բարեբախտաբար, գրեթե բոլորս էլ ընդունվեցինք նույն տարում։ «Բեմական խոսք» քննության հանձնաժողովի նախագահը Վարդան Աճեմյանն էր։ Երբ ավարտեցի ընթերցանությունը, նա ինձ հարցրեց, թե որ դպրոցից եմ, ասացի՝ Կրուպսկայայի, ասաց՝ երևում է։ Հետո, երբ արդեն ընդունվել էի, Լենինի պողոտայով դեպի Մատենադարան էի բարձրանում, իսկ ինքը՝ բանալիները պտտեցնելով և շվշվացնելով իջնում էր, մինչ ես երկար մտածում էի՝ բարևեմ, թե չբարևեմ, կնկատի, թե չի նկատի, Վարդան Նիկիտիչը ինձ հասավ, գլուխն արագ իմ կողմը դարձրեց ու առանց նայելու շուտասելուկի պես ասաց՝ բարև։ Փաստորեն, ես անհարմար վիճակում հայտնվեցի, ապշել էի Աճեմյանի «ցրված» սրատեսությունից։ Ընդունելության 5 քննություններից ուզում եմ անդրադառնալ նաև «Հայոց լեզվի շարադրություն» քննությանը։ Երկար մտորումներից հետո որոշեցի ազատ թեման գրել՝ «Հայ անվանի գիտնականները», թատերագետ Ռուբեն Զարյանի մասին։ Նրա հանդեպ իմ համակրանքը ձևավորվել էր, երբ իրար հետևից հափշտակությամբ կարդում էի «Հուշապատումի» հատորները մեր մեծ դերասանների, ռեժիսորների և գրողների մասին։ Թեև նրան հաճախ էի հանդիպում մեր բակում (հարևան շենքում էր ապրում), սակայն մոտենալ չէի համարձակվում։ Ազատ թեմայից ոչ ոք այն ժամանակ գերազանց՝ 5 գնահատական չէր ստանում։ Առանց որևէ ակնկալիքի հայրիկիս հետ մոտեցանք ինստիտուտի շքամուտքին կից պատուհանին, որտեղից դիմորդները քննաթերթիկներն էին ստանում, ու գրեթե բոլորը ուրախանում էին երեք գնահատականից, ես մտածում էի 4-ի մասին, ու հանկարծ քննաթերթիկս բացում ու հորս գիրկն եմ ընկնում, անհավատալի էր, բայց ես գերազանց էի ստացել։ 

Ընդունվեցի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Մեր կուրսի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը լուռումունջ, մի տեսակ խռոված էր մեզնից դասերն անցկացնում։ Հետո իմացանք պատճառը․ նրան չէին ընդգրկել այդ տարվա ընդունելության հանձնախմբում։ Բնավորությամբ խռովկան էր, բոլորն էին այդպես ասում․ նա ընդամենը մեկ կիսամյակ մեզ դասավանդեց, բայց մեր մասնագիտության տեսական հատվածին լիարժեք տիրապետեցինք նրա դասերի ու մեկ էլ մեր երիտասարդ, «թիթիզ» ասիստենտ, հետագայում հայտնի կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի շնորհիվ։ Երկրորդ կիսամյակից մեր կուրսի ղեկավարը դարձավ Երվանդ Ղազանչյանը, որ Լենինականի թատրոնից եկել էր Դրամատիկական՝ որպես գլխավոր ռեժիսոր, իսկ Մկրտչյանին տարել էին Լենինականի թատրոն՝ Ղազանչյանի փոխարեն։ Ու այդպես Երվանդ ձյաձյան դարձավ ընկեր Ղազանչյան։ 

Առաջին կուրս ընդունվելուց մեկ ամիս անց, Երվանդ ձյաձյան մեր ամբողջ կուրսին երկու օրով հրավիրեց Լենինական՝ Հ․Պարոնյանի «Շողոքորթը» ներկայացումը դիտելու։ Երկու օր շարունակ տեսարժան վայրեր էր նա մեզ տանում,  ճոխ-ճոխ կերցնում ու խմեցնում էր։ Քանի որ Լենինականում բարեկամ չունեի, գիշերեցի Ղազանչյանների տանը ու ծանոթացա Գալյա տյոտյայի հետ։ Ու այդպիսի ջերմ, մտերմիկ հարաբերություններից հետո հանկարծ Ղազանչյանին մեզ ղեկավար են կարգում։

Երբ Ղազանչյանն առաջին անգամ մեր լսարան մտավ, երկար ժամանակ լուռ էր, քայլում էր աջ ու ձախ, հետո հայացքը գցեց պատին ու ասաց՝  էս ինչքան անցքեր կան պատին (արձակուրդներին նկարիչները իրենց աշխատանքները մեր պատերից էին կախում)։ Այդպիսով 5 տարի շարունակ ու դրանից հետո էլ դարձանք իրար հարազատ ու անբաժանելի։ Հետաքրքրվում էր մեր կյանքով, շատ խիստ էր Հակոբի հանդեպ, ինչու՞ միայն Հակոբի։ Դասերից հետո մեր կազմած գրաֆիկի համաձայն գիշեր-ցերեկ փորձեր էինք անում, միշտ միասին էինք, որովհետև բոլորս էլ միմյանց հատվածներում զբաղված էինք։ Մեր ռեժիսորական հատվածներն ընտրել էին, որ Թբիլիսի տանեինք, ու նախօրեին մեր կուրսի տղաները Լենինի պողոտայում սովետական պաշտոնյա Ուստինովին ողջունելու համար խմիչքի խանութի մոտ սպասելիս անհաշիվ գարեջուր, թե պորտվեյն էին խմել։ Հետո պահակների հետ կռվելով՝ մտել էին ինստիտուտ՝ երեկոյան փորձի։ Հաջորդ օրը «ահեղ դատաստան» էր մեզ սպասում։ Ղազանչյանը ներս մտավ ու մենք՝ միամիտներս, առաջին բանը, որ հարցրինք՝ Թիֆլիս գնալն էր։ Նա երևի այդ հարցին էր սպասում ու միանգամից պոռթկաց․ «Մոռացե՛ք, ի՞նչ Թիֆլիս, ի՞նչ բան, ես ձեզ հետ իսկի 3-րդ համարի տրամվայով Քանաքեռ չեմ գնա»։ Ճիշտ է, Թիֆլիս չգնացինք, սակայն Մոսկվա պրակտիկայի գնացինք, որտեղ իր պրոֆեսիոնալ ծանոթությունների (հատկապես Արմեն Ջիգարխանյանի), Հակոբի ընկերների շնորհիվ (այդ ժամանակ Հակոբը ԳԻՏԻՍ-ում էր սովորում) տարբեր թատրոններ էինք գնում, փորձեր ու ներկայացումներ դիտում։ Անատոլի Էֆրոսի փորձերը Մալայա Բրոննայա թատրոնում մեզ համար անգնահատելի մասնագիտական «համալսարաններ» դարձան։ 

Ղազանչյանը բոլոր հարցերում հայրաբար էր մեզ մոտենում․ և՛ խիստ էր, և՛ ուշադիր ու մեծահոգի։ Դասերից հետո մինչև երեկոյան փորձերն ընկած ժամանակահատվածը անցկացնում էինք որևէ կուրսեցու տանը։ Հաճախ Ղազանչյանը մեզ էր միանում, ձուկ էր գնում ու իր ձեռքերով էլ մաքրում ու եփում։ Մեր կուրսի համերաշխ կենսակերպը մեր հարևան կուրսերի նախանձն էր շարժում, նրանք գանգատվում էին, որ իրենց կուրսի ղեկավարները նույնիսկ փորձերի էին հազվադեպ գալիս։ Մեր երիտասարդ, հմայիչ կուրսի ղեկավարը մեր հպարտությունն էր։

 Երբ «Հայ թատրոնի պատմություն» պետք է անցնեինք, ես տխրել էի, քանի որ իմ սիրելի թատերագետ Ռուբեն Վարոսիչը ռեժիսորներին չէր դասավանդում։ Եվ, ով հրա՜շք, մեր կուրսի դասացուցակում կարդացի նրա անունը։ Ես պարտաճանաչ բոլոր դասերին հաճախում էի և ուշի ուշով լսում հայ մեծերի մասին այն պատմությունները, որ արդեն կարդացել էի նրա գրքերում։ Ստուգարքին Վարոսիչը հանձնարարել էր ռեֆերատներ ներկայացնել, դե բոլորս էլ պատրաստվել էինք։ Այդ օրը մեր վերջին հանդիպումն էր իմ սիրելի դասախոսի հետ, ու ես որոշեցի առավոտյան վաղ, Սայաթ-Նովայի արձանի դիմացի այգուց ծաղիկներ գնել ու գաղտագողի, որ ոչ ոք չնկատի, դասախոսական սեղանին դնել։ Նա ներս մտավ լսարան, տեսավ սեղանի վառվռուն, կրակե գույնի ծաղիկները և մի տեսակ նեղվելով՝ ասաց, որ իզուր եք բերել։ Այդ պահին ասես սառը ջուր վրաս լցնեին, ես սփրթնել էի, ախր ստուգարք ստանալու-չստանալու հարց չկար, բոլորս էլ ռեֆերատներ ունեինք։ Երևի իմ գունատ հայացքը նկատելով՝ Վարոսիչը ծաղիկների գլուխները շրջեց մեզ ու ասաց՝ թող ձեզ ժպտան։ Հետո էլ պատմեց ֆրանսիացի մի նշանավոր արտիստի մասին, երբ հոբելյանին բոլորը թանկարժեք նվերներ են նվիրում, իսկ մի կին ընդամենը ծաղիկներ, և այդ արտիստը ասում է տիկնոջը՝ ի՜նչ ճաշակով եք, տիկին։ Վարոսիչը վերցրեց մեր ռեֆերատները, ստուգարքային գրքույկները բաժանեց, հերթով մոտեցավ ու բոլորիս ձեռքը սեղմեց, իսկ ինձ նաև իր գրիչը նվիրեց։ Գրչի վրա գրված էր Souvenir from Alisia Ghiragossian: Երկու վարկած ունեմ, թե ինչու Վարոսիչը գրիչը հատկապես ինձ նվիրեց։ Ստուգարքից մի քանի օր առաջ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հանդիպում էր արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի հետ, որը վարում էր Ռուբեն Զարյանը, ես նստել էի առաջին շարքում, ու հնարավոր է, որ նկատել էր ինձ։ Երկրորդ վարկածն այն էր, որ պարտաճանաչ ուսանողուհի էի և ներկա էի բոլոր դասերին։ 

Հաջորդ տարի ինստիտուտում նշելու էին Վարոսիչի 70-ամյակը։ Որոշեցի ընդունելության շարադրությունս գործերիցս վերցնել, արտագրել՝ Ռուբեն Զարյանին  նվիրելու։ Ես մոտեցա մեր դեկանին՝ Ալեքսանդր Քոչարյանին, ու ցանկություն հայտնեցի հոբելյանական օրը ելույթ ունենալու, մեր դեկանն ինձ մերժեց՝ ասելով, որ ուսանողի կողմից արդեն ելույթ նախատեսված է։ Ես որոշեցի ամեն գնով գրոհել այդ ցերեկույթը ու իմ երախտիքի խոսքն ասել։ Ցերեկույթին ներկա էի իմ դասընկերուհու՝ Ծովինարի հետ, որ կոնսերվատորիայում էր սովորում և իմ մտերիմ ընկերուհին էր։ Խնդրել էի, որ հարմար պահի, եթե նույնիսկ ես հրաժարվեմ, ինձ բեմ ուղարկի։ Եկավ պահը ու ես տեղիցս ձեռք բարձրացրի, շարժվեցի դեպի բեմ՝ ասելով, որ ծրագրում չկամ։ Չեմ հիշում արդեն, թե ինչ էի պատմում, բայց հիշում եմ դահլիճի բուռն ռեակցիան՝ մերթ քար լռությունը, մերթ պոռթկուն ծիծաղը։ Ես իմն ասացի ու նստեցի։ Ավարտին, երբ Վարոսիչը դահլիճից դուրս էր գնում, շարքերի միջով ինձ մոտեցավ ու համբուրեց։ 

5-րդ կուրսում էի, երբ Ռուբեն Զարյանն ինձ հրավիրեց իր մոտ՝ արվեստի ինստիտուտ։ Նա առաջարկեց ինձ զբաղվել հայ թատրոնի պատմությամբ և ասաց, որ աշխատանքի հարցերն էլ կփորձի լուծել։ «Ես կգնամ նախարարից լաբորանտի լրացուցիչ հաստիք կխնդրեմ, բայց, Նարինե, հասկանու՞մ ես, հնարավոր է նախարարից 10 ռուբլի ուզեմ, իսկ նա այդ փողն իր գրպանում չունենա»,- մտորեց նա։ «Հուշապատում» գրքի երկրորդ հատորը հետս էի վերցրել, որ մակագրի․ «Սիրելի Նարինեին, ուսանողուհուս, ում անկեղծ բռնկումը հոբելյանիս օրերին հիշելու եմ միշտ։ Անկեղծ բարեկամությամբ և պարտքս մարելու հուսով՝ ստորագրություն, 25 հունիսի, 1981 թ․»։ Զարյանի մոտից խանդավառ դուրս եկա ու ասես աշխարհն իմը լիներ․ Բարեկամության փողոցով ոչ թե պարզապես իջնում էի, այլ ասես թևեր առած ճախրում էի, քանի որ իմ սիրելի թատերագետի ուշադրությանն էի արժանացել։ 

Բուհն ավարտելիս Ռուբեն Զարյանի առաջարկի հետ միաժամանակ մեր արվեստի ամբիոնի վարիչը, ՍՍՀՄ թատրոնի պատմության դասախոսս, թատերագետ Լևոն Խալաթյանն ինձ առաջարկեց մեկնել Մոսկվա՝ ԳԻՏԻՍ, ասպիրանտուրայում սովորելու։ Խալաթյանի հետ կապված մի դրվագ եմ ուզում պատմել։ Երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի ութերորդ քննությունը ԽՍՀՄ թատրոնի պատմությունն էր, Լ․ Խալաթյանը ինձ 4 նշանակեց տեղեկագրում, հետո բացեց ստուգարքային գրքույկս ու գերազանցները տեսնելով՝ գլուխը բռնեց, թե էս ինչ  արեցի։ Ես էի նրան հանգստացնում, որ դե 4-ն էլ լավ գնահատական է, պետք չէ ամբիոն գնալ ու տեղեկագիր փոխել։ Հաջորդ տարի նույն առարկայից քննություն էր հանձնում եղբայրս, երբ Խալաթյանը պատրաստվում է եղբորս 2 նշանակել, եղբայրս նրան ասում է, որ մեր ընտանիքին մի բալ պարտք եք։

Խալաթյան- Ո՞նց թե պարտք եմ։

Արթուր — Քրոջս անցյալ տարի 4 եք նշանակել։

Խալաթյան- Քույրդ ո՞վ է։

Արթուր -Սարգսյան Նարինեն։

Խալաթյան- (դադար) Չի կարող պատահել, նույն մորի՞ց, նույն հորի՞ց։

Խալաթյանը եղբորս 3 է նշանակում։

Ասպիրանտական տեղը նպատակային էր, և նախարարությունն այն բացել էր ինձնից մեկ տարի առաջ ռեժիսորականն ավարտած Չարենցի թոռնուհու՝ Հասմիկ Չարենցի համար։ Վերջինս հրաժարվել էր՝ ասելով, որ քննություններին պատրաստվելու ժամանակ չունի։ Ինձ համար, իհարկե, Մոսկվան գայթակղիչ առաջարկ էր, ու իմ աշխատասիրությամբ հնարավոր էի համարում կարճ ժամանակում նախապատրաստվել։ Բայց պետք էր ծանրութեթև անել՝ ռեժիսո՞ր եմ ուզում դառնալ, թե՞ թատերագետ։ Ու ես գիտակցված, թե որ բնագավառում ավելի օգտակար կլինեմ թատրոնին, որոշմանս նժարն ուղղեցի դեպի թատերագիտություն։

Պատասխանատվությունը՝ ընկեր

Պատասխանատվությունը շատ կարևոր հատկանիշ է, որի հետ, կարծում եմ՝ ինձ հեշտ ու հաշտ է ապրել։ Այդ առումով այն ինձ ընկեր է, նույնիսկ՝ բարեկամ։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, իր ինքնուրույն աշխարհընկալումը, ու միանգամայն բնական է, որ մեր տեսակետները կարող են բախվել իրար։ Ես պատասխանատու եմ իմ քայլերի համար, իմ խոսքերի, իմ գործի հանդեպ, ուսանողներիս մոտ, թող ամպագոռգոռ չհնչի՝ իմ հայրենիքի առաջ։ Ոչ թե պատասխանատու, այլ պարտավորված եմ զգացել իմ ծնողների հանդեպ, և  որդիական պարտականությունները կատարել եմ երախտագիտությամբ ու սիրով։ Այսօր իմ պատասխանատվության գոտում իմ աշխատանքային պարտականություններն են իմ սիրելի բուհում, նաև եղբորս թոռնիկներն են, և երկու դեպքում էլ փորձում եմ կարևոր դերակատարություն ունենալ։

Շարունակելի
Վովա Արզումանյան

No Comments

Leave a Reply