Թատրոն Վովա Արզումանյան

Նարինե Սարգսյան․ Չպատմված պատմություններ (3)

14.05.2023

Սկիզբը՝ այստեղ

Թատերագիտությունը մոդայիկ մասնագիտությու՞ն, թե՞ նվիրում թատրոնին

Իհարկե՝ երկրորդը, ինձ համար նախևառաջ կարևոր է Մեծն թատրոնը, հետո իմ մասնագիտությունը։ Ռեժիսորական կրթություն ստանալուց հետո դեպի թատերագիտություն ճանապարհը ռացիոնալ որոշում է եղել։ Ընտրել եմ ոչ այնքան բարեհաճ մասնագիտություն, որի բաղկացուցիչը նաև թատերական քննադատությունն է։ Քո քննադատական դիտարկումներին կարող են, մեղմ ասած, համամիտ չլինել ստեղծագործողները, քանի որ հիմնականում դրվատանքի խոսքերն են, որ աչք ու ականջ են շոյում։ Բայց կարծես  ինձ հաջողվում է քննադատել՝ չվիրավորելով անձը, հիմնավորելով մտահղացման և արդյունքի անհամապատասխանության պատճառները։ Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ վերլուծել ներկայացումը՝ ըստ ռեժիսորի մտահղացման, ոչ թե ըստ իրենց պատկերացումների, դիտարկելով, թե գեղարվեստականությունն ու վարպետությունը ինչքան են համահունչ և ինչպես են համադրվում մտահղացման շրջանակներում։ Ես նրանց բացատրում եմ, որ մենք նույն շղթայի մեկ այլ օղակ ենք, պետք է հարգել ստեղծագործողին, օգնել, աջակցել, ոչ թե սկանդալային շարադրանքով դիվիդենդներ շահել։ Ստեղծագործողներն էլ պետք է մեր ասելիքը հարգեն, առանց մեր դիտարկումների թատրոնը չի կարող հայելու մեջ նայել ու իր ճշմարիտ պատկերը տեսնել, չի կարող խթան հանդիսանալ ժամանակի հետ համաքայլելու։ Տեսնու՞մ եք, թե ինչ պատասխանատվություն է ընկած թատերագետների ուսերին։ Սակայն ափսոս, որ այսօրվա աշխատաշուկան թատերագետի պահանջարկ չունի։ Այդ պատճառով էլ, թերևս, արդեն քանի տարի է՝ թատերագիտական կուրսեր չեն բացվում։ Ես այսօր թատերախոսական գրում եմ առիթից առիթ, երբ գրելու ցանկությունս հետ մղել չի հաջողվում։ Քննադատությունը՝ որպես պրոֆեսիոնալ գործունեություն, ինձ համար ասես հոբբի է դարձել, ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ թատերական կրթությանը, կրթության կազմակերպմանն ու թատերարվեստում մասնագիտական իմ գիտելիքներն ու փորձը մեր ուսանողներին փոխանցելուն։

Թատրոնը՝ կենսակերպ

Ցուրտ ու մութ 90-ականներին, երբ ամեն ինչ միանգամից փոխվեց ու ապրելու գոյակռիվ էր, մտածում էի, որ սխալ եմ ընտրել մասնագիտությունս, որ ինքնաբավ ապրելու համար օտար լեզուների ճանապարհը պետք էր ընտրեի, ոչ թե ուսումնական ձմեռային անգործության ամիսներին ընկերուհուս՝ Ծովինարի օգնությամբ, Միացյալ Նահանգներ մեկնեի՝ «բեյբի սիթ» աշխատելու։ Ինքս ինձ հարց էի տալիս ու պատասխանում, որ երևի էլ չեմ սիրում թատրոնը։ Բայց երբ տեսնում էի երիտասարդների հոսքը մեր բուհ, նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին, կամ առիթ էր լինում որևէ դիտարժան ներկայացում նայելու ու արվեստի մոգական լիցքերին հաղորդակից լինելու, մտածում էի՝ չէ, ես սիրու՜մ եմ թատրոնը։ Այդ սառը տարիներին Վահե Շահվերդյանի «Բեռնարդայի աղջիկները» ներկայացումը դիտելուց հետո այնպես էի ոգևորվել Գրետա Մեջլումյանի Պոնսիայի խաղով, որ լիքն էի մտորումներս թղթին հանձնելու համար։ Սակայն երբ նստեցի գրասեղանի առաջ, չկարողացա ցուրտ բնակարանում սառած ձեռքով գրիչ բռնել։ Սա միակ անգամ էր, երբ գրելու ցանկությունս անհույս առկախվեց օդում։

Ամեն անգամ ինձ թվում է, որ կյանքիս ընթացքում այնքան եմ ներկայացումներ նայել, որ այլևս ոչ մի ներկայացում ինձ չի զարմացնի։ Չէ՛, պատկերացրեք, դեռ զարմացնում է։ Զարմացնում են լավ խաղը, հույզը, ապրումը, ասելիքը, երբ հանկարծ ներսդ քեզ չենթարկվելով տակնուվրա է լինում։

Կյանքի լավագույն դասը

Իմ կյանքի լավագույն դասը Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպից եմ առել։ Մոսկվայի համառուսական թատերական ընկերության գրադարանում (ВТО) ասպիրանտական քննություններին նախապատրաստվելիս նաև «Վարպետն ու Մարգարիտան» վեպն էի հափշտակությամբ կարդում, քանի որ երկար տարիներ արգելված հեղինակի այդ  գործը Երևանում չէի կարողացել ձեռք բերել։ Երբ կարդացի Վոլանդի խոսքերը՝ ուղղված Մարգարիտային․ «Ոչինչ ու երբեք մի խնդրեք։ Ոչինչ ու երբեք, հատկապես նրանցից, ով ուժեղ է ձեզնից։ Իրենք կառաջարկեն ու իրենք ամեն ինչ կտան», հասկացա, որ ես իմ 21 տարիների ընթացքում այդպես էլ ապրել եմ, ու դա ինձ դուր է գալիս։ Այսօր արդեն 64 տարեկան եմ և էլի նույնը կարող եմ ասել։ 

Մեկ էլ մորս խոսքերն եմ ինձ հետ տանում՝ «ավելի լավ է ես հոգնեմ, քան լեզուս»։ Իհարկե, աշխատանքային հարաբերություններում պետք է լեզուն այնպես բանեցնել, որ չհոգնես։ Բայց դե, ցավոք․․․ եթե այսօր որևէ մեկն ասում է, թե այդպես հաջողվում է, ուրեմն այլմոլորակային է։

Ընկերությունը՝ անքննելի արժեք

Իմ ընկերները հիմնականում իմ դասընկերներն են, որոնց հետ մտերմություն ենք անում առայսօր։ Ընկեր Նոյեմի դասարանցիներն էինք ու մեր մասին ուսմասվարն ասում էր՝ պրոֆեսորների դասարան է, իսկ ծնողներն էլ ակադեմիկոսներ են։ Զարմանահրաշ դասարան ունեինք, ես կազեի՝ եզակի։ Նույնիսկ մեր ծնողներն էին իրար հետ մտերմացել, «շայկա» ստեղծել ու Փարվանայից մինչև Ղարաբաղ ուղևորություններ էին կազմակերպում։ Հիշում եմ՝ դասարանի ծնողներով ու երեխաներով, «Ինտուրիստի» ավտոբուսով մեկնել էինք երկու օրով Թբիլիսի։ Մեր դասարանի Կարենի հայրը «Ինտուրիստի» վարչության պետի տեղակալն էր, սակայն նախօրոք հյուրանոց չէր պատվիրել, քանի որ համոզված էր, որ իր այցեքարտի դեպքում ցանկացած հյուրանոցի դռներ Թբիլիսիում կբացվեն։ Մի քանի հյուրանոց ներսուդուրս անելուց հետո Արարատ Սերգեևիչը ձեռնունայն վերադարձավ։ Օգնության հասավ հայրս, որը որոշեց գնալ հերթական անգամ «տեղ չկա»-ով մեզ դիմավորած Ռուսթավելի փողոցի վրա տեղակայված հյուրանոց։ Որոշ ժամանակ անց հայրս վերադարձավ՝ ձեռքին մեր ընտանիքին հատկացված լյուքս համարի բանալիները, և ասաց, որ բոլորն իջնեն ավտոբուսից և գնան իրենց համարների ձևաթերթերը լրացնելու։ Ապշել էինք՝ ինչպե՞ս։ Հայրս պատմեց, որ ասել է, թե եկել է իր պապի՝ Արամյանցի հյուրանոց, և իր հետ ընտանիքն է ու ևս մի քսան ընկեր։ Անմիջապես բոլորն իրար են անցել, էլ հյուրասիրություն են կազմակերպել, էլ հարց ու փորձ ու բոլոր համարների դռները բացվել են հորս առաջ։ Հիշում եմ՝ առավոտյան նախաճաշից հետո, երբ հյուրանոցից դուրս էինք գալիս, բոլոր մաքրուհիները հավաքվել ու մեզ էին նայում, հայերեն ասում էին՝ «խազեինի թոռն ա եկել»։

 Շատ եմ սիրում իմ կուրսընկերներին, որոնց հետ թեև քիչ ենք հանդիպում, բայց յուրաքանչյուրի մասին ջերմ հիշողություններ ունեմ։ Անչափ սիրում եմ իմ մոսկովյան հանրակացարանային բազմազգ ընկերներին, որոնցից մի քանիսի հետ ՖԲ-ով կապ ենք պահպանում, իմ շատ սիրելի արվեստի ամբիոնի դասախոսներին, որոնց թվում նաև իմ նախկին ուսանողներն են։ Ընկերներ ունեմ նաև իմ գործընկերների շրջանում։ Ու յուրաքանչյուրի հետ կապված՝ անմոռանալի հիշողություններ։

Ընկերությունն ընդունել որպես անքննելի արժեք ծնողներիցս եմ ժառանգել։ Իմ ընտանիքը շատ գրկաբաց է եղել նաև իմ ընկերների հանդեպ, հայրս, երբ Մոսկվա գործուղման էր մեկնում, պատահում էր, որ ոչ միայն ինձ էր իր հետ տանում, այլև ընկերուհիներիցս որևէ մեկին։ Իմ ընկերները իմ հենարանն են և, նրանց ունենալով՝ ես ինձ ամուր ու հպարտ եմ զգում։

Ներքին մենախոսություն՝ լռությունը չհաշված

Շատ անձնական է, թղթին չտրվող։ Կյանքը իր զիգզագներով առաջ է գնացել, իսկ ես, ինչպես երեխա ժամանակ էի անցանկալի իրավիճակի հանդիպելիս ինքս ինձ հետ խոսում, ուժ տալիս ու ելք փնտրում, այնպես էլ՝ հիմա։ Կարևորը ինքդ քեզ հետ հաշտ ու անխռով ապրելն է՝ ինտրիգներից ու ինտրիգաններից հեռու մնալով։

Մարդու հոգևոր բնավորությունը

Դու ծնվում ես արդեն կոդավորված, մի քիչ էլ շրջապատող միջավայրից ազդված։ Կարևոր են ընտանիքը, դպրոցը, միջավայրը, որոնք էլ քո հոգեկերտվածքի պատասխանատուներն ու ձևավորողներն են։ Ամեն ինչի հիմքում հավատն է, առանց հավատի չի ձևավորվում հոգևոր բնավորություն։ Իսկ հոգևոր լույսի դեպքում հավատում ես միայն բարուն, վսեմին, ազնիվ մղումներին։

Իրականությունը փոխելու մասին

Ցավոք, կախարդական փայտիկն աշխատում է միայն իրականությունից դուրս։ Ինչե՞ր կարելի էր անել այդ դեպքում։ Առաջին հերթին Արցախը ճանաչել կտայի աշխարհի երկրների կողմից, հետո էլ Արևմտյան Հայաստանի հողերը հետ կբերեի։ Հիշում եմ՝ 1965 թվականի ապրիլի 24-ին Օպերայի բակում հավաքված հոծ բազմությունը, որ հողեր-հողեր էր վանկարկում, շենքի վերևից խողովակներով ջուր էին  շաղ տալիս, որ մարդիկ ցրվեն, իսկ ժողովուրդն էլ, չգիտես ինչու, ուզում էր ներս խուժել, որտեղ այդ պահին եղեռնի 50-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր նիստ էր ընթանում։ Այդ քաշքշոցի հետևանքով Օպերայի շենքի ապակիները փշրվեցին, ինչը շատ էր ազդել ինձնից մի տարի փոքր հնգամյա եղբորս վրա։ Տատիկիս ասել էր, որ իր դրամարկղում  հավաքած կոպեկներով գնան ու օպերայի ապակիները գցել տան։

Կարծում եմ, որ քո պատկերացրած իրականությունը դու կարող ես ստեղծել նախևառաջ քո շուրջը, քեզ պատկանող միկրոաշխարհում՝ աշխատանք, ընտանիք և այլն․․․ ու ոչ միշտ կարող ես հաջողել։ Կյանքն անվերջ պայքար է։ Մակրոաշխարհի մասշտաբով՝ կարևորը հավատաս, որ դու քո չափով ես երկինքը պահում, որ աշխարհը փուլ չգա։

Ինչ եք թողել անցյալում

Անցյալում թողել եմ իմ ապրած տարիները, որոնց արդյունքում էլ շարունակվում է իմ այսօրը։ Գնալով այդ անցյալը երկարում է, իսկ այսօրը՝ մղվում դեպի կարճընթաց ապագա։ Անցյալում ինչ թողել եմ, ես այսօր այդ պտուղներն եմ վայելում, թե քաղցր, թե դառը՝ միգուցե ավելի, միգուցե պակաս։ Երկար տարիների դասախոսական աշխատանքի ընթացքում երկու դասագիրք եմ հրատարակել և ինձ լավ եմ զգում, որ դեռ երկար տարիներ մեր ուսանողները շնորհակալ կլինեն «Ռուս թատրոնի պատմություն»  դասագրքերի հեղինակ Ն․Սարգսյանին։ Հոդվածների ժողովածու հրատարակելու փոխարեն ես նախընտրեցի օգտակար լինել ուսանողներին, քանի որ ժողովածուն մեկ-երկու մարդ էր կարդալու, իսկ դասագրքերը՝ հարյուրավոր ուսանողներ։ Գրքերից մեկը նույնիսկ վերահրատարակել ենք՝ պահանջարկը հաշվի առնելով։

Նոր բացվող օրը

Նոր բացվող օրն արդեն իսկ Աստծո պարգև է։ Նոր բացվող օրն ուզում ես վայելել ծրագրերդ իրականացնելու, ծագող խնդիրները լուծելու, քո գործունեությամբ օգտակար լինելու, թոռնիկներիդ զարմանահրաշ աշխարհն ու ընկերակցությունը ըմբոշխնելու ցանկությամբ։ Ու թող միշտ նոր օրը բացվի ու թող խավարին միշտ լույսը հաջորդի։

***

Նարինե Սարգսյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 16-ին, Երևանում: 

Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (1976-1981 թթ.): 

1981-1984 թթ. սովորել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում: 

1986թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժամանակակից հայ ռեժիսուրայի զարգացման հիմնական միտումները (1950-70-ական թթ․» թեմայով և ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1985 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդել է «Ռուս թատրոնի պատմություն» և «ԽՍՀՄ ժողովուրդների թատրոնի պատմություն» առարկաները: 1993 թվականից մինչև 2004 թվականը համատեղությամբ դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 1993 թվականից ԵԹԿՊԻ-ում ղեկավարել է թատերագիտական կուրսեր՝ դասավանդելով «Թատերական քննադատության սեմինար» առարկան։ 2007 թվականից մագիստրոսական թեզերի ղեկավար է։

1992 թ. ստացել է դոցենտի, 2005թ.` պրոֆեսորի գիտական կոչում:

1993 թվականից եղել է արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչի տեղակալը։ 2004 թ. ընտրվել է թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան, 2012-2014 թթ.-ին՝ արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան: 

2014 թվականից առայսօր ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորն է: 

80-ից ավելի թատերագիտական, ուսումնամեթոդական հոդվածների և երկու դասագրքի հեղինակ է` «Ռուս թատրոնի պատմություն. ակունքներից մինչև 18-րդ դարավերջ» (2003), «Ռուս թատրոնի պատմություն. 19-րդ դարավերջ և 20-րդ դարասկիզբ» (2010) և «Հրաչյա Գասպարյան․ թատերական կոլաժ» (2007) ժողովածուի կազմող-խմբագիրն է:

Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, միջազգային գիտաժողովներում, սեմինարներում, համաժողովներում՝ ՀՀ-ում և արտերկրում։ 

1985-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:  2017 թ. ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի ավանդական խաղարկային արվեստների ֆորումի վարչության անդամ (մինչև 2020 թ.): 

2022 թվականին ընտրվել է Թատրոնի լիդերների միջազգային կազմակերպության վարչության անդամ (Ռումինիա)։ 

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2003 թ․)  և Մովսես Խորենացի մեդալով (2014 թ․):

Վովա Արզումանյան

No Comments

Leave a Reply