Թատրոն Վովա Արզումանյան

Նարինե Սարգսյան․ Չպատմված պատմություններ

02.05.2023

Թատերագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը ժամանակակից թատերարվեստի նվիրյալներից է։ Զրուցել ենք մանկության, ինքնաբացահայտման, ընկերության, թատրոնի, տուն-արվեստանոցի, անցյալի և նոր բացվող օրվա մասին։  Այս հուշապատում զրույցի մեջ նաև չպատված պատմություններ կան հայ անվանիների մասին՝ Սիլվա Կապուտիկյան, Հրաչյա Ներսիսյան, Հրաչյա Ղափլանյան, Վարդան Աճեմյան, Ռուբեն Զարյան, Գրիգոր Մկրտչյան, Երվանդ Ղազանչյան..․

Մանկության գույնը

Գույնզգույն մանկություն եմ ունեցել, որտեղ չեն եղել սև ու մութ, սպիտակ ու դատարկ օրեր։ Ասում են՝ սովորաբար մարդիկ իրենց հիշում են երեք տարեկանից, իսկ ես ինձ հիշում եմ դեռևս մեկ տարեկանից, երբ նոր-նոր սկսել էի քայլել, երբ չընկնելու համար ձեռքս տաք վառարանին եմ պարզել ու ափս այրել։ Հիշում եմ իմ աղիողորմ լացը՝ «տատա մատա վառա»․․․  Հիշում եմ ինձ երկու տարեկանում, երբ տատիկս բարձրացրեց խոհանոցի պատից կախված ռադիոյի ձայնն ու հրճվագին բացականչեց, որ մարդ է թռել տիեզերք, հետո հիշում եմ, որ տատիկիս հետ գնում էինք Լենինի պողոտա, որ մեր քաղաք այցելած տիեզերագնացին ձեռքով ողջունենք։ Երեք տարեկանից արդեն Երևանի հ․140 մանկապարտեզի սան էի։ Ստեղծագործ դաստիարակչուհի ունեինք՝ Սոնյա Տիգրանովնան, որ տեղը տեղին ցերեկույթներ էր կազմակերպում, որոնք ցուցադրվում էին նաև հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով, տիկնիկային թատրոն ունեինք ու մեծ խաղացանկ՝ «Երեք խոզուկներ», «Ճստիկ ճուտիկը», «Կարմիր գլխարկը», «Գնդիկ-բոքոնիկը» և այլն։ Տիկնիկների մի մասը ինքներս էինք պատրաստում՝ պլաստիլին, թղթեր, սոսինձ։ Թվարկածս ներկայացումների գլխավոր դերակատարը Նանար Աբաջյանն էր (դերասան Վ․ Աբաջյանի աղջիկը), որը հետագայում, եղբորս հետ ինձնից մի կուրս ցածր դերասանական կուրսում  էր սովորում։ Նա մի քանի տարի անընդմեջ մեր ամանորյա հանդեսի Ձյունանուշն էր։ Երբ Նանարն ինձնից շուտ ավարտեց մանկապարտեզը, ես  ուրախացա՝ մտածելով, որ հաջորդ տարի Ձյունանուշի դերն ինձ կվստահեն։ Ախր, մինչև տնից մանկապարտեզ գնալը՝ Մոսկովյան փողոցից Կասկադ, մարդիկ իմ կողքով անտարբեր չէին անցնում ու ասում էին, թե ինչ սիրուն երեխա է։ Եվ ինչքան մեծ եղավ իմ հիասթափությունը, երբ Ձյունանուշի դերը ինձնից ցածրահասակ ու բարալիկ, սիրունատես Գոհարիկին տվեցին։ Սպասումներս չարդարացան նաև Պիոներ պալատում։ Մանկապարտեզին զուգահեռ պարի էի գնում, ու երբ հեքիաթին նվիրված մեծ հանդես էին պատրաստում Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում, իմ երազած «Կարմիր գլխարկ»-ի փոխարեն «Նաֆ-նաֆ»-ի դերը ինձ բաժին հասավ։ Մխիթարվեցի նրանով, որ «Պիոներ կանչ» թերթի համար  մեզնից ընդամենը մի քանիսի լուսանկարը ընտրեցին, այդ թվում՝  իմ։

Յոթ տարեկան էի, մայրս հարցրեց՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական դպրոց եմ ուզում գնալ։ Ես միանգամից ասացի՝ ռուսական, քանի որ իմ հայերեն Այբբենարանը սև ու սպիտակ էր, գունատ թղթից, իսկ ռուսերեն Азбука-ն գույնզգույն էր ու աչք շոյող, հայերեն տառերը մի տեսակ խուճուճ էին, իսկ ռուսերենը՝ ուղիղ փայտիկներ։ Մայրիկիս ձեռքը բռնած գնում էինք գրանցվելու Պուշկինի անվան դպրոցում, երբ հանդիպեցինք Սիլվա Կապուտիկյանին։ Բանաստեղծուհին ճանաչում էր մայրիկիս դեռևս դպրոցական տարիներից որպես լավ ասմունքողի։ Երբ լսեց մեր մտադրության մասին, Կապուտիկյանը նայեց ինձ՝ իմ սև խոշոր աչքերին ու սև հյուսքերին ու ասաց՝ իսկական հայուհի է, հայկական դպրոց պետք է գնա։ Ու այդպես ես հայտնվեցի Կրուպսկայայի անվան դպրոցում, որտեղ ժամանակին մայրս էր սովորել, իմ սիրելի առաջին «գ» դասարանում՝ հանրապետության վաստակավոր մանկավարժ ընկեր Նոյեմի դասղեկությամբ։

Ամենակարևոր «հեքիաթը»

Իմ և եղբորս ամենասիրելի հեքիաթը իրականում ոչ թե հեքիաթ էր, այլ «Սասունցի Դավիթ» էպոսի Ն․ Զարյանի մշակած տարբերակը, որ ամեն երեկո, և այն էլ մի քանի անգամ, կարդալ էինք տալիս տատիկիս, ու ամեն անգամ սկզբից, քանի որ չէինք ուզում վերջին հասնել ու փոքր Մհերին քարանձավում փակված թողնել։ Իրար հետևից տատիկին կարդալ էինք տալիս «դառնամ ու ասեմ օղորմիները» ու մենք էլ կրկնում էինք բառերը, հավատալով, որ մեր կրքոտ արտասանությամբ ոգեկոչում ենք մեր ամենակարևոր հեքիաթի սիրելի հերոսներին։

Մինչև ծնվելը «թատրոնով զբաղվելը»

Կա այդպիսի բան։ Ծնողներս անչափ սիրել են թատրոնը։ Հայրս Բաքվից իր դասընկերոջ՝ Լորենց Առուշանյանի հետ գալիս Է Երևան և ընդունվում գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական կուրս՝ Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Մեկ տարի հետո, երբ հայրս իր հայրենի Ճարտար գյուղն է մեկնում, կոլխոզի նախագահ պապիկս զայրանում է՝ իմանալով, որ իր որդին «մեյմուն» է դառնալու։ Հայրս ստիպված վերադառնում և այս անգամ ընդունվում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Համալսարանի թատերական խմբակում էլ հայրս ծանոթանում է մորս հետ։ Թե հայրս, թե մայրս հրաշալի ասմունքում էին։ Մայրիկիս դեռևս դպրոցական տարիներից Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Շիրազը իրենց հանդիպումներին էին հրավիրում որպես ասմունքողի։

Համալսարանի թատերական խմբակում ծնողներս հանդես էին գալիս գլխավոր դերերում, նրանց ղեկավարը Ալբերտ Մկրտչյանն էր, որը հետագայում բնակություն հաստատեց Մոսկվայում և դարձավ հայտնի կինոռեժիսոր, նկարահանեց «Սաննիկովի երկիրը» ֆիլմը։ 1958 թվականի դեկտեմբերին Երևանում տեղի էր ունենալու հանրապետության ինքնագործ թատերական խմբերի փառատոն, և Մկրտչյանն ընտրել էր իսլանդացի դրամատուրգ Հ․Լաքնեսի «Վաճառված օրորոցայինը», որտեղ խաղում էր նաև մայրիկս, որը հղի էր ինձնով։ Ռեժիսորը մորս համոզում է բեմ դուրս գալ, Ռուսական թատրոնի հանդերձարանից համապատասխան զգեստ են ընտրում՝ հղիությունը քողարկող։ Ներկայացումը մրցանակի և դրամական պարգևի է արժանանում, իսկ տասն օր հետո լույս աշխարհ եմ գալիս ես՝  ոտքերով ու ստորին ծնոտի կենտրոնում ատամով։

Սիրելի փողոցը Երևանում

Իմ սիրելի փողոցը մանկությանս փողոցն է՝ Մոսկովյանը։ Այդ փողոցից էր սկսվում իմ դպրոցի և դեպի Պիոներների պալատ տանող ճանապարհը։ Երբ շատ փոքր էի, մեր փողոցի հանդիպակաց կողմում հողաշեն տներ էին։ Հետո քանդեցին այդ տները ու շատ գեղեցիկ այգի կառուցեցին՝ հետաքրքիր օվալաձև լճով ու առագաստանավ հիշեցնող սրճարանով։ Ամռանը, երբ մեր բակի երկու լողավազաններում ջուր չէր լինում, վազում էինք Մոսկովյանի լճում լողանալու։ Աշնանը և գարնանը լճի կղզյակի վրա կազմակերպվող համերգներ էինք լսում, ձմռանն արդեն ոչ միայն Օպերայի բակում, այլև մեր լճի տարածքում էինք սահնակներով սահում։

Այբբենարանը վերջացնելուց հետո մեր ընկեր Նոյեմը մեզ առաջին անգամ շարադրություն հանձնարարեց գրել՝ «Իմ սիրելի փողոցը» թեմայով։ Ոնց էի խառնվել, չէի հասկանում՝ ի՞նչ  է շարադրությունը, ի՞նչ պետք է գրեմ, ինչպե՞ս։ Օգնության հասավ հայրիկս․ նա ջենթլմենավարի իր ձեռքն առավ գրիչն ու այնպիսի մի հիանալի շարադրություն գրեց իմ փոխարեն, որ ես է՛լ ավելի սիրեցի իմ փողոցը, իմացա, որ Մոսկովյան մեր այգին Ա․Թամանյանի նախագծած Օղակաձև պուրակի մաս է և այլն։ Իհարկե, հայրիկս գերազանց ստացավ, իսկ հետագայում արդեն իմ բոլոր շարադրությունների գերազանց թվանշանները ինքս վաստակեցի։ 

Առանձնակի իմաստ ստացավ իմ փողոցը, երբ արդեն բարձր դասարաններում մեր մուտքից դուրս էի գալիս ու Դրամատիկական թատրոնի շենքն էի տեսնում, թատրոն, որը ճակատագրական նշանակություն ունեցավ մասնագիտություն ընտրելու հարցում։

Շարունակելի

Վովա Արզումանյան

No Comments

Leave a Reply