Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

Ռոսսինին՝ հայկական ձայնով

23.07.2022

Օրերս Երևանի պատեկան կոնսերվատորիայի օպերային ստուդիան հերթական մշակութային անակնկալը մատուցեց բարձր երաժշտության սիրահարներին: Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ այս անգամ բեմադրվել է Ռոսսինիի «Փոքրիկ հանդիսավոր պատարագ»-ը, որի առիթով հեղինակը փորձել է երկխոսել Բարձրյալի հետ՝ հղելով նրան հետևյալ խոսքը. «Պաշտելի՛ Տեր, ահա նա՝ փոքրիկ պատարագը: Իսկապե՞ս ես ստեղծել եմ սուրբ երաժշտություն .… մի քիչ հմտություն, մի քիչ սիրտ, և վերջ: Ուրեմն գովիր և ուղղորդիր ինձ դեպի դրախտ»: 

Երաժշտական այս ներկայացման հանդիսատեսն իսկապես դրախտային վայելք ապրեց: Սկսած բեմի զուսպ, նրբաճաշակ, տիգրանձիթողցյանական ձևավորումից մինչև երիտասարդական զրնգուն, բայց հասուն ձայնապնակ՝ ներկայացման հանդիսատեսին տեղափոխել էին կոնսերվատորիայի փոքրիկ դահլիճից այն կողմ գտնվող աշխարհից շա՜տ հեռու ու շա՜տ տարբեր մի աշխարհ:

Թեև Հասմիկ Պապյանը խոստովանում է, որ իրենք չեն ունեցել հնարավորություն՝ լիովին իրագործելու Տիգրան Ձիթողցյանի մտահղացումները, որ մշակութային «ոչ շահութաբեր» նախագծի համար մեր շահութապաշտ գործարարները հարկ չեն համարել ներդնել իրենց «թանկ», «հաշվեկշռված» միջոցները, այդուհանդերձ ներկայացումը իր հաջողության առաջին քայլն անում է՝ դեռ այն չսկսված:

Բեմում տեղադրված երկու ռոյալը, բեմից ներքև մեզ մեկ ակնթարթում Ռոսսինիի ժամանակ և իրականություն տեղափոխող ֆիսհարմոնը, երգչախմբի և մենակատարների համար նախատեսված աստիճանաշարերն ուղղակի անակնկալի են բերում, երբ հայտնվում ես դահլիճում ու տեսնում վարագույրով չքողարկված բեմն ու նախաբեմը:

«Մենք, Քրիստոսի արձանը Հատիս լեռան վրա կանգնեցնելու փոխարեն, առաջարկում ենք հոգեպես մերձենալ Բարձրյալին՝ դասական երաժշտության ամենանվիրական գոհարներից մեկի օգնությամբ»,- մեկնաբանում է Հասմիկ Պապյանը Ռոսսինիի ստեղծագործությանն անդրադառնալու նպատակը:

Ռոսսինիի բեմադրության ստեղծագործական խումբը

Ինչպես Տիգրան Ձիթողցյանը, այնպես էլ բեմադրիչներ Վռամ Կարապետյանը և Ստեֆանի Ասատրյանը իրենց մտահղացումներն իրագործել են այնպես, որ ամեն ոք և ամեն դետալ բեմում ունենա շեշտադրված ներկայություն: Մեծ դերակատարություն է ունեցել և օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը:

Ներկայացման դիրժորն էր Փարիզից ժամանած մեր հայրենակից Սուրեն Շահիջանյանը:    

Բեմադրության «շարժիչ» ուժը՝ «Հովեր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) և օպերային ստուդիայի երգչախումը (խմբավար՝ Գայանե Սահակյան), բեմի կենտրոնում գրեթե մշտական ներկայությամբ, դառնում են բեմանկարի շնչող բաղադրիչը: Մենակատարները՝ սոպրանո Հեղինե Խաչատրյանը, կոնտրալտո Ռիմա Ստեփանյանը, տենոր Արամո Մամիկոնյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը, ոչ միայն իրենց ձայնով, այլև արտիստիզմով, բեմի մինիմալիստական ձևավորմանը համահունչ հանդերձանքով սևեռել էին իրենց վրա հանդիսատեսի անկդետ հայացքն ու դժվարությամբ էին բաց թողնում մեզ իրենց ազդեցության դաշտից: Այդուհանդերձ, յուրաքանչյուրն էր կարողանում ընդգծել իր ներկայությունն ու կարևությունը ռոսսինիական ոգեղեն տիրույթում: 

Դաշնակահարներ Կարինե Հովհաննիսյանը, Վալերի Այվազյանն իրենց կատարողական վարպետությամբ շահեկանորեն «շեղում» էին ունկնդրի հիացումի սլաքները վոկալից դեպի գործիքային երաժշտության տարածություն: Իսկ մոգական հնարքի հանգույն շողափայլող հայելու առջև հանգրվանած ֆիսհարմոնը, որ Թերեզա Ոսկանյանի մատների հպումով նյութեղեն գոյությունից վերածվում էր անշոշափելի կախարդանքի, կարծես բեմադրության գլխավոր գործող անձանց մարտահրավեր նետած ամենահզոր հաղթաթուղթն էր՝ դեռ ներկայացումը չսկսված: 

Սա Հասմիկ Պապյանի՝ անհայտությունից ու փոշիներից վեր հանած երիտասարդական մշակութային կոլեկտիվի հերթական սխրանքն է, որ ի թիվս նախորդների՝ մեզ զինում է վերհառնումի հույսով:

Հավելենք, որ առաջիկայում հնարավորություն ունենք նաև լսելու Հասմիկ Պապյանին: Հուլիսի 29-ին նա հանդես կգա Եվրոպայում ճանաչված հայ դիրիժոր Ռուբեն Ղազարյանի հետ, որը երեսուն տարվա ընդմիջումից հետո բեմ կբարձրանա հայրենիքում՝ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից

No Comments

Leave a Reply