Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Տավուշի մարզի Առաքելոց միջնադարյան վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Europa Nostra-ի Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։
Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը:
Առաջադրմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը, «Կապույտ վահան Հայաստանը» և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում, մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների։
Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու
միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձևավորելով տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։