2016-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է վաճառասրահ, որտեղ ներկայացված են թանգարանի հուշանվերների բազմազան տեսականի՝ գրքեր, ալբոմ-կատալոգներ, մենագրություններ, բացիկներ, վզնոցներ, կախազարդեր, կրծքազարդեր, ինտերիերի պարագաներ, դեկորատիվ և կիրառական հուշանվերներ։
Ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի վարիչ Հասմիկ Վարդանյանի հետ։
-Թանգարանային գործում կա՞ նման պրակտիկա։ Ինչպե՞ս է մտահղացումը ծագել։
-Ուսումնասիրելով արտասահմանյան թանգարանների փորձը՝ որոշվել է այն կիրառել Հայաստանի պատմության թանգարանում, քանի որ թանգարանն իրականացնում է նաև հրատարակչական գործունեություն՝ տարվա ընթացքում հրատարակվում են գիտական աշխատություններ, թողարկվում են ալբոմ-կատալոգներ։ Այդ ամենը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով բացվեց նաև փոքրիկ վաճառասրահ, որը ժամանակի ընթացքում հետզհետե համալրվեց նաև այլ հուշանվերների տեսականիով: Հայաստանյան մյուս թանգարանները նույնպես ունեն հուշանվերային վաճառքի փորձառություն, և կարծում եմ, որ այս գործունեությունը կարելի է զարգացնել:
— Ինչպե՞ս է կատարվում հուշանվերների, արդուզարդի նմուշների ընտրությունը։
—Յուրաքանչյուր ժամանակավոր ցուցադրությանն ընդառաջ թանգարանի վաճառասրահում ավելանում են նոր հուշանվերներ, որոնք պատրաստվում են ցուցադրությունում ներկայացված նմուշների կամ դրանց որևէ դետալի կրկնօրինակմամբ՝ երբեմն ժամանակակից շունչ հաղորդելով։
Նմուշներն ընտրվում են մեր մասնագետների և պատրաստող վարպետների համատեղ քննարկման արդյունքում, հաշվի են առնվում, թե որքանով են դրանք արդիական, կիրառելի և համահունչ մերօրյա նորաձևությանը։
Մեզ համար կարևոր են նաև այցելուների, մշտական գնորդների կարծիքներն ու առաջարկները, որոնք հաշվի են առնվում հետագա հուշանվերները պատրաստելիս։
-Ինչո՞վ են հետաքրքրվում այցելուներն ամենից շատ։
— Գնորդները տարբեր հետաքրքրությունների և ճաշակի մարդիկ են։ Ըստ դիտարկման՝ ավելի մեծ է հատկապես զարդերի (արեգակնային համակարգության մոդել, կրծքազարդ «Շամշիկ», ականջօղ «Կաթիլ», Տիգրան Մեծ արքայի տետրադրախմայի դիմերեսով կախազարդ և արծաթյա այլ զարդեր), Սարդուրի II արքային պատկանող կապարճի վրա արված պատկերի նմանությամբ կաշվե դրամապանակի, հնագիտական առարկաների (արջակերպ ռիտոն, Աֆրոդիտեի մարմարե արձանիկ, Քարաշամբի պեղումների ժամանակ հայտնաբերված, Ք.ա. XXII-XXI դարերով թվագրվող արծաթյա գավաթի կրկնօրինակ) նմանությամբ պատրաստված հուշանվերների պահանջարկը։
Այցելուները նաև մեծապես հետաքրքրված են թանգարանի հրատարակած մասնագիտական գրականությամբ և գիրք-կատալոգներով։
-Գնորդներն ովքե՞ր են, դրսի՞ց են, ներսի՞ց։
— Գնորդների շրջանակը շատ լայն է․ Հայաստանի պատմության թանգարանի վաճառասրահում ցանկացած տարիքի այցելու կարող է գտնել իրեն հետաքրքրող որևէ հուշանվեր։
Հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են՝ միջինից բարձր տարիքի։
— Զարդերն ովքե՞ր են պատրաստում, ի՞նչ նյութերից։
-Զարդերը պատրաստվում են հիմնականում արծաթից, բրոնզից և լատունից, կան բնական կաշվից դրամապանակներ և գոտիներ, կախազարդեր, կավե անոթներ, արձանիկներ, դեկորատիվ հուշանվերներ։
Հուշանվերների պատրաստման համար համագործակցում ենք փորձառու վարպետների՝ արծաթագործ, ոսկերիչ, կավագործ և այլ մասնագետների հետ։
— Թանգարանին ի՞նչ է տալիս վաճառասրահը։
— Առաջին հերթին հնարավորություն է տալիս այս ձևաչափով մեր մշակութային ժառանգությունը ներկայացնել, ինչպես նաև նոր շունչ հաղորդել մոռացված ավանդույթներին։
ardi.am
No Comments